Հայ-արգենտինական տնտեսական համագործակցությունը նոր թափ է ստանում

Հայ-արգենտինական տնտեսական համագործակցությունը նոր թափ է ստանում
Հայ-արգենտինական տնտեսական համագործակցությունը նոր թափ է ստանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին։ Ողջունելով դեսպանին` վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի շուրջ։
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Արգենտինայի ժողովրդին Արգենտինյան Հանրապետության անկախության 200-ամյակի առթիվ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։

Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական փոխհարաբերությունների խորացման անհրաժեշտությունը և այդ համատեքստում գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ Մասնավորապես վարչապետը կարևորել է հայ-արգենտինական գործարար համաժողովի կազմակերպումը, որը հնարավորություն կտա ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները։

Կողմերն անդրադարձել են հայ-արգենտինական դարավոր բարեկամական հարաբերություններին։ Արգենտինայի դեսպանը բարձր է գնահատել արգենտինահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում։