Քաղբանտարկյալ Գաբրիել Գաբրիելյանն ազատ է արձակվել

Քաղբանտարկյալ Գաբրիել Գաբրիելյանն ազատ է արձակվել
Քաղբանտարկյալ Գաբրիել Գաբրիելյանն ազատ է արձակվել

Դեկտեմբերի 6-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել 2008-ի հետմարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ձերբակալված Գաբրիել Գաբրիելյանը, ով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1 մասի հատկանիշներով. «Զանգվածային անկարգությունների կազմակերպում»:
51-ամյա Գաբրիել Գաբրիելյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նույն իրադարձությունների ժամանակ ազատազրկված եւ ապա ազատ արձակված Հակոբ Հակոբյանի ազգականն է:
Ներկայում հետմարտիմեկյան գործերով անազատության մեջ են գտնվում ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Հարություն Ուռուտյանը, ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներ Շմավոն Գալստյանը, Արա Հովհաննիսյանը, Ռոման Մնացականյանը, ֆելիքս Գեւորգյանը որոնց ի պաշտպանություն ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երեւանում եւ մարզերում:

Մինչ այդ, այս ամսվա ընթացքում նույն գործերով ձերբակալված եւ դատապարտված անձանցից ազատ են արձակվել եւս երկու հոգի. ՔԿՀ-ների նախկին պետ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանն ու նկարիչ Աշոտ Մանուկյանը:

Սպասվում է, որ շուտով ազատ կարձակվեն նաեւ հետմարտիմեկյան գործերով դատապարտված Ֆելիքս Գեւորգյանը: Ուրբաթ իրավապաշտպանները հայտարարել են, որ պայմանական վաղաժամկետ արձակման պետական հանձնաժողովը նման որոշում է կայացրել, եւ որ Գեւորգյանին ազատ արձակելու հարցը քննարկվել է դատարանում:

© Medialab.am