«Եկեք վառենք, եկեք ծեծենք, նրանք ապրելու իրավունք չունեն». հոմոֆոբիան հայ հասարակության անբաժանելի մասն է

«Եկեք վառենք, եկեք ծեծենք, նրանք ապրելու իրավունք չունեն». հոմոֆոբիան հայ հասարակության անբաժանելի մասն է
«Եկեք վառենք, եկեք ծեծենք, նրանք ապրելու իրավունք չունեն». հոմոֆոբիան հայ հասարակության անբաժանելի մասն է

Սեռական փոքրամասնություններին պաշտպանելու ու նրանց հանդեպ ավելի հանդուրժող լինելու փոխարեն Հայաստանում ավելի խտրական են վերաբերվում նրանց, ինչը ակնհայտ ցույց տվեց Երեւանի «DIY» ակումբի հանդեպ կատարված բռնությունը:
Արդեն 3-րդ տարին մայիսի 17-ին նաեւ Հայաստանում է նշվում հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, ու ինչպես եւ ամենուր, այստեղ էլ՝ օդ են բարձրացվում բազմերանգ փուչիկներ՝ ի նշան համերաշխության ու հանդուրժողականության:
Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք ՀԿ-ի սեռականության ու մշակութային հարցերով պատասխանատու Սեւակ Կիրակոսյանը նշում է, որ հոմոֆոբիան պատճառ է մարդկանց գիտելիքի, տեղեկատվության պակասի:
«Մարդիկ չգիտեն, թե գեյերն ու լեսբուհիներն ովքեր են, եւ մտածում են, որ հրեշներ են կամ շատ տարօրինակ մարդիկ: Այդ տեղեկատվության պակասի ազդեցությունն այն է, որ հաճախ ատելության կոչեր են հնչում, թե եկեք վառենք, եկեք ծեծենք, նրանք ապրելու իրավունք չունեն, ինչը հետո վերածվում է բռնի գործողությունների: Դրա վառ ապացույցը DIY ակումբի պայթեցումն է, որ տեղի ունեցավ վերջերս ռասիստական հիքմով»,- ասում է Կիրակոսյանը:

Նա հավելում է, որ անհանդուրժողականության ու խտրականության ալիքի հետեւանքով նաեւ ինքնասպանություններ են լինում, մինչդեռ Հայաստանում ատելության կոչերը կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրկանությունը չի դատապարտվում ու պատժվում.

«Ոստիկաններն էլ գործը չեն բացահայտում, կամ եթե բացահայտում են, չեն նշում, որ տեղի է ունեցել սեռական կողմնորոշման ատելության հիմքով, այլ նշում են պարզապես թալան կամ սպանություն»:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշում է, որ նույնասեռականներին հասարակությունից մեկուսացնելու արտահայտությունները կամ ակումբ վառելը ավելի է սրում իրավիճակն ու բեւեռացնում հանրությանը.

«Սա անառողջ եւ անտրամաբանական մոտեցում է: Այսպես ագրեսիա, անհանդուրժողականություն է սերմանվում հասարակության մեջ, հոմոֆոբ մոտեցումը միշտ լարվածություն է մտցնում»:

Շահրամանյանը նշում է, որ գիտականորեն դեռեւս ապացուցված չէ, արդյոք մարդ ի ծնե հստակ սեռական կողմնորոշում է ունենում, թե հետագայում է ձեռք բերում:

«Բայց այն, որ սեռական կողմնորոշումը դիտարկում են հիվադություն կամ կողմնորոշման շեղում, դեռեւս 80-ականներից հերքվել է: Ժամանակակից սեքսոլոգիան նույնիսկ ասում է, որ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ 3 կողմնորոշում` հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ եւ բիսեքսուալ»,- նշում է բժիշկ-սեքսոպաթոլոգը:

Ըստ ամերիկացի կենսաբան Ալֆրեդ Կինսի հետազոտության՝ աշխարհում ցանկացած երկրի բնակչության մեջ տղամարդ նույնասեռկանների թիվը կազմում է 3-4, իսկ կին նույնասեռկանների թիվը` 5-6 տոկոս, այն չի շատանում եւ չի պակասում:

2008-ի դեկտեմբերի 19-ին ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի հռչակագրին, որը դատապարտում է խտրական վերաբերմունքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ` ելնելով սեռական կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից:

Իսկ 2009-ի մայիսի 17-ին ՀՀ-ն ստորագրել է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված Եվրամիության դեկլարացիան, որով ԵՄ-ն դատապարտում եւ մերժում է հոմոֆոբիայի ցանկացած դրսեւորում` համարելով այս երեւույթը մարդկային արժանապատվության պղծում:

«Այս դեկլարացիաներին միանալը իրականում ոչ մի պարտավորություն չի դնում Հայաստանի վրա, քանի որ պետական մակարդակով սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքություն հասկացությունները մեր պետությունը չի ճանաչում»-, ասում է Կիրակոսյանը:

Ըստ փորձագետի՝ Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) մարդկանց չեն տարբերակում, չգիտեն՝ ինչ է սեռական կողմնորոշումը, ինչ է գենդերային ինքությունը, օրինակ, չեն տարբերում տրանսվիստիտը տրանսեքսուալից, կամ նույնասեռականը տրանսգենդերից:

«Այս անծանոթությունից առաջանում է վախ, որը բերում է օտարման եւ ագրեսիայի»,- բացատրում է Կիրակոսյանը: Կազմակերպությունը, որ նա ներկայացնում է, 2011-ին ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքի քանակական սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում:

Ուսումնասիրությունը պարզել է, որ 1156 հարցվածների 18 տոկոսը ԼԳԲՏ սեռական կողմնորոշումը համարում է հիվանդություն, իսկ 72 տոկոսը բացասաբար է վերաբերվում նման սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց:

Հանդուրժող վերաբերմունք չեն ցուցաբերում հաճախ անգամ բժիշկներն ու այս առումով Կիրակոսյանը բարոյական սկզբունքներով սեքսոլոգների պակաս է տեսնում Հայաստանում.

«Մարդիկ գնում են բժշկի հետ խորհրդակցելու, սակայն իրավիճակն ավելի է սրվում, հաճախ ունքը ուղղելու տեղը աչքն էլ են հանում: Իսկ ԶԼՄ-ներում շատ անգրագետ կարծիքներ են տարածում՝ սխալ եզրույթներ օգտագործելով, նախապաշարմունքները ամրակայեցնելով, սեփական կարծիքը քննարկման հանելով, գիտական հիմքերով խոսելու եւ անհադուրժողականությունը մեղմելու փոխարեն»:

Հանդուրժողականության պակասը, Հայաստանում երբեմն նաեւ քաղաքական նպատակներով է շահարկվում:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Ծովինար Նազարյանի դիտարկմամբ «DIY» ակումբը պայթեցնելու եւ մեղադրայալներին դաշնակցական պատգամավորների կողմից ազատ արձակելու քայլը ընտրություններից հետո մամուլի ու քաղաքացիական հասարակության ուշադրությունը շեղելու միջոց է:

«Դե որովհետեւ դժվար է նացիոնալիստներ ուղարկել ընդդեմ զինծառայողների իրավունքների համար պայքարողների, իսկ Մաշտոցի պուրակի համար պայքարողների դեմ ուղարկելն իմաստ չունի, արդեն իսկ կա նացիոնալիստական թեւ…Այ հիմա, երբ երկիրը ընկնի համատարած նացիոնալիստական պսիխոզի մեջ, մի քանի խնդիր կլուծվի»,- իր ֆեյսբուքյան էջին գրել է Նազարյանը՝ մանրամասնելով.

«1. Բոլորը կզբաղվեն նացիոնալիստական օրակարգով, որում նույնասեռականները առաջին կետը կլինեն, մյուս իրավունքների հարցերով զբաղվելու ժամանակ չի մնա; 2. Պսիխոզի վարակը թիրախ կդարձնի նաեւ մյուս իրավունքների համար պայքարները; 3. Ռեժիմը արդեն տոտալ վերահսկողություն կհաստատի հրապարակների վրա; 4. Ռեժիմը իր տոտալիտարիզմի հաղթանակը կտոնի նախագահական ընտրություններում; 5. Իրավունքի ամենադժգույն օրերը կգան դրանից հետո…»

«Էս ամբողջ նացիստական ալիքը լավ կազմակերպված է՝ քաղաքացիական ակտիվությունն ու քաղաքական այլախոհությունը նացիոնալիստական ալիքով ծածկելու համար: Ուշադիր եղեք»,- զգուշացնում է Նազարյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am