Դատապարտվել են` փաստաթղթեր կեղծելու համար

Դատապարտվել են` փաստաթղթեր կեղծելու համար
Դատապարտվել են` փաստաթղթեր կեղծելու համար

Դատարանը հիմնավորված է համարել Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելու եւ մուտքի արտոնագիր ստանալու նպատակով կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ իրացնելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ թվով 4 անձանց դատապարտել:

Դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ ոստիկանության ԱԱՎ` «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի տեսուչ Ս. Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս.Մելքոնյանի հետ համաձայնության գալով, իրացնելու նպատակով 2006-2009 թվականների ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձևաթղթերով կազմված փաստաթղթեր և դրանք իրացրել տվյալ փաստաթղթերում նշված անձանց: Կազմվել են մասնավորապես բանկերում դեպոզիտային հաշիվներում գումարի առկայության վերաբերյալ, ինչպես նաեւ ամուսնության մահվան, ծննդյան, անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման փաստեր հավաստող կեղծ տեղեկանքներ ու վկայականներ:

Բացի այդ, համակարգչային մասնագետ Ս. Մելքոնյանը` Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր հիմնարկների, բանկերի, կազմակերպությունների ձեւաթղթերով կազմված տեղեկանքների եւ այլ փաստաթղթերի իսկական օրինակների, ինչպես նաեւ իրականում գոյություն ունեցող եւ գոյություն չունեցող կազմակերպությունների տվյալների հիման վրա, համակարգչային տեխնիկայով փոփոխություններ կատարելով, լրացնելու եւ կեղծ ձեւաթղթերով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող կեղծ տեղեկանքներ պատրաստելու շուրջ համաձայնության է եկել նաեւ Կ. Ենգոյանի եւ Ս. Սարգսյանի հետ:

Հիշյալ տեղեկանքները ստորագրվել, թվագրվել, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ կնքվել են եւ դրվել շրջանառության մեջ: Կեղծ փաստաթղթեր պատվիրած անձանցից ստացված գումարները Ս. Մկրտումյանը, Կ. Ենգոյանը եւ Ս. Սարգսյանը տնօրինել են Ս. Մելքոնյանի հետ:

Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ս. Մկրտումյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով,

Ս. Մելքոնյանը, Կ. Ենգոյանը եւ Ս. Սարգսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել տուգանքի:

Medialab.am