Կաշառք՝ ապօրինի ծառահատման դիմաց․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը․ Տեսանյութ

Ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիս ամսին Դիլիջանի մի բնակիչ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Շամախյան» տեղամասի 10-րդ պահաբաժնի անտառապահին 40 հազար դրամ կաշառք է առաջարկել, որի դիմաց անտառապահը պետք է համաձայներ իր թույտվությամբ, առանց համապատասխան փաստաթղթի, պահաբաժնից չորս անգամ վառելափայտ դուրս բերել:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ անտառապահն ընդունել է առաջարկը, մայիսի վերջին ստացել կաշառքի մի մասը և թույլատրել է 2 անգամ «Ֆորդ» մակնիշի մեքենայով անտառից վառելափայտ դուրս բերել:
Հունիսի 1-ին, ժամը 8-ի սահմաններում, քաղաքացին երրորդ անգամ էր անտառից փայտանյութ դուրս հանել, մի քանի խորանարդ մետր վաճառել էր, մնացածը թողել մեքենայում, ու խոստացած գումարի մյուս մասը դեռ չվճարած՝ ոստիկաններն ապօրինությունը կանխել էին:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բաժին է հրավիրվել նաև անտառապահը:
Կասկածյալները տվել են խոստովանական բացատրություններ:
Հարուցվել է քրեական գործ: Դիլիջանի քննչական բաժնում նրանց մեղադրանք է առաջադրվել:

Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Ոստիկանությունը։