Միթե նույն այդ բնազդով չի առաջնորդվում օլիգարխը

Միթե նույն այդ բնազդով չի առաջնորդվում օլիգարխը
Միթե նույն այդ բնազդով չի առաջնորդվում օլիգարխը

Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ, բակում բացված սեղանների մոտ տեղի ունեցածը առաջացրել է բուռն քննարկումներ եւ արձագանքներ: Բացօթյա հյուրասիրությունը, սեղանից Գագիկ Ծառուկյանի ու հոգեւոր հայրերի հեռանալուց հետո, վերածվեց խոշոր հրմշտոցի, երբ եկեղեցու բացմանը եկած շարքային քաղաքացիներն իրար հետ կռիվ էին տալիս սեղանից օգտվելու համար:

Տեսարանն իսկապես տգեղ էր: Երեւույթն առիթ տվեց խոսել Հայաստանի քաղաքացիների արժանապատվության, նաեւ այն ծանր սոցիալական վիճակի, սովի մասին, որը ժողովրդին ստիպում է տրվել բնազդներին:

Պատկերն իրականում արտացոլում է մի երեւույթ, որն ունի մի քանի շերտեր՝ կենցաղայինից մինչեւ արժեքային, մշակութային, պատմական:

Բայց այստեղ կա մի հարց, որը կարծես թե այդպես էլ չքննարկվեց:

Իսկ չգիտեի՞ն, չէի՞ն սպասում արդյոք սեղան բացողները, թե ինչ է տեղի ունենալու, թե ինչ կարող է տեղի ունենալ: Ժողովրդի մի մասին ավտոբուսներով տեղափոխել են Երեւանից: Միգուցե հնարավոր էր կանխատեսել ժողովրդի գոնե մոտավոր մի թիվ, այն համադրել եկեղեցու տարածքի հետ, ու ամեն ինչ կազմակերպել այնպես, որ չլինի հրմշտոց, որ մարդիկ իրար ոտնատակ չտան: Չէ որ սեղան գցողների համար պետք է որ գաղտնիք չլիներ թե ժողովրդի սոցիալական վիճակը, թե նաեւ բնույթը: Չէ որ բնույթը նույնն է, սոցիալական կարգավիճակներն ու ռեսուրսներն են տարբեր, եւ բոլոր մակարդակներում էլ ուզում են հնարավորինս շատ եւ հնարավորինս էժան, եթե հնարավոր է՝ ձրի:

Ի վերջո, միթե նույն այդ բնազդով չի առաջնորդվում Հայաստանի օլիգարխը՝ լինի նա պաշտոնյա, պատգամավոր, թե բարձրաստիճան հոգեւորական: Միթե այդ բնազդով առաջնորդվելու հետեւանքը չէ Հայաստանի ներկայիս վիճակը, որ պարզապես թալանված սեղան է հիշեցնում: Այդ սեղանի վրա էլ հարձակվել են, պարզապես ոչ շարքային ժողովուրդը՝ նրան այդ սեղանին մոտ չեն թողնի, կքշեն մահակով, ջրցան մեքենաներով, պետք լինի՝ կրակելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ