Ավարայրի ճակատամարտն ու իրանցի զբոսաշրջիկների հանդեպ հայերի խտրական վերաբերմունքը

Ավարայրի ճակատամարտն ու իրանցի զբոսաշրջիկների հանդեպ հայերի խտրական վերաբերմունքը
Ավարայրի ճակատամարտն ու իրանցի զբոսաշրջիկների հանդեպ հայերի խտրական վերաբերմունքը

Մարտ ամսին տասնյակ հազարավոր իրանցիներ ուղղություն են բռնում դեպի Հայաստան` նշելու իրենց սիրելի Նովրուզը: Սակայն մի կողմից սպասարկման ոլորտի բարձր գները, մյուս կողմից էլ երբեմն նրանց հանդեպ տեղացիների խտրական եւ ոչ բարյացական վերաբերմունքը շատերին ստիպում են երկար մտածել հաջորդ անգամ Հայաստան այցելությունը պլանավորելուց առաջ:

30-ամյա Յաշա Սոլոմոնյանը, ով վեց տարի է ինչ աշխատում է տուրիստական ոլորտում, հիմնականում գերմանախոս զբոսաշրջիկներին ուղեկցելով Հայաստանի տեսարժան վայրեր, օրեր առաջ ականատես էր եղել, թե Երեւանի կենտրոնում գտնվում հայտնի խանութի աշխատակիցը ինչպես է «no, no enter» բառերով արգելում իրանցի մի ընտանիքի մտնել խաղալիքների խանութ` գնումներ կատարելու:

«Խանութի մուտքից նրանց ներս չթողեցին,- «Մեդիալաբին» ասում է Սոլոմոնյանը, որի ֆեյսբուքյան գրառումը մեծ դիսկուրսի  եւ բուռն քննարկումների առիթ է հանդիսացել,-մինչդեռ հայերն հանգիստ մտնում էին խանութ, ընկերս էլ էր խանութ մտել: Սա ծայրահեղ կարծրատիպային մոտեցում է»:

Սոլոմոնյանն ասում է, որ զբոսաշրջիկների հանդեպ հիմնականում լավ վերաբերմունք կա, սակայն երբեմն վերաբերմունքը ծայրահեղությունից ծայրահեղություն է, հատկապես իրանցիների նկատմամբ, չնայած այլազգիները եւս զերծ չեն մնում «ջերմ» վերաբերմունքից: Նա հիշում է, թե ինչպես են Երեւան իր ուղեկցությամբ դուրս եկած գերմանացի զբոսաշրջիկի հետեւից` «հա~յ Հիտլեր» բացականչել:

«Մեր ազգը հայտնի է, որպես բարյացակամ, հյուրասեր, սակայն երբեմն նաեւ ծայրահեղ դրսեւորումներ են հանդիպում, ինչն անհամաչափ է զբոսաշրջությունը գերակա ուղղություն հայտարարած երկրի համար»,-ասում է նա:

Իրանցի երիտասարդ  Սալեհը ասում է, որ ընդհանուր առմամբ գոհ են Հայաստան իրենց այցելությունից, սակայն երբեմն հանդիպում են խտրական վերաբերմունքի, որի պատճառը չեն հասկանում:

Նա պատմում է, որ երբ օրեր առաջ ընկերներիս հետ այցելել է քաղաքի զվարճանքի կենտրոններից մեկը, մի խումբ հայ երիտասարդներ սկսել են ծաղրել իրենց.

«Մենք չհասկացանք՝ ինչ էին ասում, բայց ակնհայտ էր ծաղրը. մեզ զզվանքով էին նայում: Հետո նրանք  գնացին, մենք հասկացանք, որ չէին ուզում մեզ հետ նույն վայրում լինել»,-«Մեդիալաբին» ասում է նա:

«Լինում է, որ խանութներում այնքան էլ բարեհաճ չեն, բայց դա շատ տարածված չէ: Դժվար թե խանութների մի քանի աշխատակիցների պատճառով իրանցիները չցանկանան գալ Հայաստան: Սա մի երկիր է, որը մեր դարավոր հարեւանն է, մի քանի լոկալ դեպքերի պատճառով հարեւանների հարաբերությունը չպիտի փչանա»,-«Մեդիալաբին» ասում է մեկ այլ իրանցի, ով նշում է, որ չհաշված «փոքր թերությունները» հիմնականում  գոհ են իրենց հայաստանյան արձակուրդներից:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատում է՝ Հայաստանում իրանցիների նկատմամբ գիտակցական եւ վարքային խտրականություն չկա. այս միջադեպը քննարկողների մեծ մասը դատապարտեց այն, եւ սա մասնավոր դեպք է, իրանցիների նկատմամբ վերաբերմունքի խնդիր չէ:

«Այնուամենայնիվ, խնդիրը բաց է մնում. Պարսկաստանը նախեւառաջ Իրանն է, մենք Իրանի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունենք: Կենցաղային մակարդակում մենք միայն պարսիկների նկատմամբ վերաբերմունք ունենք, եւ այդ վերաբերմունքը Ավարայրի ճակատամարտի գիտելիքի վրա խարսխված վերաբերմունքն է: Մեր հասարակությունը, մեծ հաշվով, այլ բան չգիտի պարսիկների մասին»,-«Մեդիալաբին» ասում է Խառատյանը:

Նա նշում է, որ կենցաղային շփումների մակարդակով, կամ առանձին նման դեպքեր լինում են, դա սարսափելի չէ, բայց ընդհանուր առմամբ, հանրային գիտակցության մեջ «Նովրուզին եկածները պարսիկներ են, իսկ պարսիկը Ավարայրի ճակատամարտից մեր թշնամին է»:

Ազգագրագետը նշում է, որ պատմությունը սխալ ներկայացնելու հետեւանքով էլ ձեւավորվել է որոշակի թյուր  վերաբերմունք.

«Ավարայրի ճակատամարտը կրոնական պատերազմ էր, դարձրել են հայրենիքի համար մղած պատերազմ, կղերականների մասնավոր դեպք էր, դարձրել են երկրի անկախության եւ ազատագրման համար մղվող պատերազմ, որը իրականությանը չի համապատասխանում»,-նշում է նա:

Խառատյանը նշում է, որ  խնդիրն ավելի խորն է, նա նկատում է՝  երբ մարդկանց ձեռքը «մեկ ազգ, մեկ կրոն, մեկ հայրենք» գրառումներով պաստառներ են տալիս ու դուրս հանում փողոց,  սա նշանակում է հայից բացի այլ ազգ չկա՞ Հայաստանում: Սա նշանակում է բանակում հայից բացի այլ ազգի զինվոր չպիտի՞ լինի:

Խառատյանն ասում է, մայրաքաղաքները չեն կարող մոնոէթնիկ լինել, քաղաքը հենց դառնում է միամշակույթ, միալեզու, դադարում է քաղաք լինելուց, քաղաքը բազմամշակութային երեւույթ է:

Սակայն, հայերի` օտարերկացիների հանդեպ երբեմն ոչ համաչափ վերաբերմունքը նաեւ մոնոէթնիկ լինելով է բացատրում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշում է, որ նախկինում Հայաստան շատ զբոսաշրջիկների էին գալիս, իսկ երիտասարդ սերնդի համար այս ամենը նոր է:

«Ասում են, մենք հնարավորություն չունենք, իրենք եկել են մեր երկիրը վայելում են, կամ էլ մեր աղջիկներին են նայում,-«Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը,-սրա պատճառը նաեւ այն է, որ ի տարբերություն մեր սերնդի զբոսաշրջիկները շատերի համար նոր երեւույթ են»:

Երիտասարդ հայ մի աղջիկ «Մեդիալաբին» ասում է, որ իրեն տհաճ են իրանցի երիտասարդների վավաշոտ հայացքները:

«Ինձ տհաճ է նրանց անկուշտ հայացքները, կարծես կյանքում աղջիկ տեսած չլինեն: Հետո մի տեսակ լկտի բան եմ տեսնում նրանց պահվածքում: Կարող է դա նրանից է, որ փակ երկրից գալիս են մի ազատ երկիր ու իրենց բոլոր գաղտնի երազանքներն ուզում են իրականացնել»,-ասում է նա:

Մի խումբ հայ տղաներ էլ նշում են, որ իրանցիներն իրենց այնքան էլ կոռեկտ չեն պահում.

«Մեջները կան, որ իրենց նենց են պահում, որ իբր թե եթե ստեղ փող են ծախսում, ուրեմն իրենց ամեն ինչ կարելի է, ռեպլիկներ են թողում մեր աղջիկների հասցեին, փաբերում տեսել ենք, որ լկտի ձեւով ուզում են մեր աղջիկներին կպցնեն»:

Մեկ այլ երիտասարդ էլ ասում է՝ հայերը միշտ էլ հյուրասեր են եղել ու կլինեն.

«Բա մարդիկ գալիս են հանգստանալու, տուրիստ են, պետք է հարգանքով լինենք: Մեր հայերն էլ այլ երկրներում ինչ ասես անում են՝ էլ գողություն, կողոպուտ, բռնաբարություն: Ամեն ազգի մեջ էլ վատը կա: Եթե տուրիզմ ենք ուզում զարգացնել, պետք է հարգանքով լինենք բոլորի նկատմամբ»:

Զբոսաշրջությունը Հայաստանում գերակա ճյուղ է հայտարարված, մի կողմից, ինչպես ոլորտի պատասխանատուներն են վստահեցնում, ամեն ինչ անում այն զարգացնելու համար, մյուս կողմից էլ զբոսաշրջիկների հանդեպ խտրական վերաբերմունքը կարող է բացասական ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման վրա: Զբոսաշրջիկ գումար է ծախսում, այցելում է հանգստի ու զվարճանքի վայրեր, խթանում է երկրի տնտեսությունը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, չնայած Ցեղասպանության 100 ամյա տարելիցին զբոսաշրջիկների մեծ հոսքին Հայաստան,  2015 թվականի ցուցանիշները մեկ տոկոսով զիջել են 2014 թվականի ցուցանիշներին` կազմելով  1 միլիոն 192 հազար, որտեղ իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 114 հազար 160, ի տարբերություն 2014-ի 116 հազար 324-ին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ ցանկացած տհաճ միջադեպ, ինչպիսին Յաշա Սոլոմոնյանի ահազանգն էր,  կարող է բացական անդրադառանալ ոլորտի վրա:

«Յուրաքանչյուր խտրական վերաբերմունք հյուրի նկատմամբ վնասում  է մեզ, մեր պետությանը,մեր իմիջին, -«Մեդիալաբին» ասում է Ապրեսյանը,-Հայաստանը հարուստ պատմամշակութային հարստություն ունի, բնություն, սակայն ավելի կարեւոր է այն, որ զբոսաշրջիկը մեր երկրում իրեն ընդունված զգա: Եթե մենք կորցնենք դա, այլեւ ոչինչ նշանակություն չի ունենա։ Այո, պետք է աշխատել այդ ուղղությամբ, բայց հայը հայտնի է աշխարհին նաեւ իր բացառիկ հյուրընկալությամբ եւ խտրականությունը մեզ մոտ տեղ չպիտի ունենա։ Հայի համար հյուրն ամենաբարձր տեղն է զբաղեցրել միշտ` անկախ ազգությունից, մաշկի գույնից, դավանանքից եւ ճիշտ չէր լինի, եթե եզակի դեպքերը հանրային կարծիք ձեւավորեն։ Մեր հյուրերի մեծ մասը Հայաստանից գնում են շատ գոհ»:

Նա նշում է, որ Հայաստանում իրանցիների  եւ այլ ազգերի ու այլ կրոնի ներկայացուցիչների նկատմամբ խտրականություն չկա: Հայտնի միջադեպի կապակցությամբ, Ապրեսյանը նշում է, որ կապվել են խանութի հետ, եւ նրանք գիտակցել են իրենց սխալը.

«Կարծում եմ, այլեւս նման բան չի լինի: Նրանք արդեն պատիժը կրում են, ավելի խիստ պատիժը՝ շուկայի կողմից երաշխավորված է»,-նշում է նա:

Նա նշում է, որ ցանկացած բացասական միջադեպ բացասական ազդեցություն կարող է ունենալ ոլորտի վրա եւ հավելում, որ կպատժվեն բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք խտրական վերաբերմունք կդրսեւորեն զբոսաշրջիկների նկատմամբ: Թե ինչ պատժի մեխանիզմներ ունի պետական ապարատը Ապրեսյանը չի հստակեցնում, սակայն մի կողմից նա նշում է, որ նման վարք դրսեւորող խանութներն արդեն իսկ պատիժ կստանան շուկայի կողմից, մյուս կողմից էլ խորհուրդ տալիս զբոսաշրջիկներին նմանօրինակ դեպքերում դիմել դատարան։

Սակայն, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստան)  Քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող Հայկ Աբրահամյանը նշում է, որ այս դեպքում օգնություն կարող էր գալ խտրականության դեմ օրենքը, որը  Հայաստանում գոյություն չունի: Ըստ նրա, համապարփակ օրենքը զգալիորեն կմեծացներ թե՛ այս խնդիրը կանխարգելելու, և թե՛ դրան հակազդելու հնարավորությունները:

«Հայտնի է, որ խտրականության զոհերը հակված չեն իրենց իրավունքների ոտնահարման խնդիրը բարձրաձայնելու: Սա հատկապես ակնհայտ է դառնում իրանցի զբոսաշրջիկների պարագայում, որոնք չեն ցանկանա իրենց տոնական արձակուրդի մի քանի օրը անցկացնել քաշքշուկների մեջ,-«Մեդիալաբին» ասում է Աբրահամյանը: -Այս պարագայում, օրենքը հնարավորություն կտար հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև օրենքով նախատեսվող Հավասարության ազգային մարմնին հետամուտ լինելու, որպեսզի խտրականության կոնկրետ դեպքերը պատշաճ արձագանք ստանան»:

Նելլի Բաբայան

Լուսանկարը` Իննա Մխիթարյան (Medialab.am, արխիվ)

© MediaLab.am