«Վախեցա միջամտել կամ ոստիկանություն կանչել՝ կարծելով, որ դա իրենց ընտանեկան խնդիրն է». Բռնության ու սպանության դեպքերի մի մասը հնարավոր է կանխել, եթե հասարակությունն անտարբեր չլիներ

«Վախեցա միջամտել կամ ոստիկանություն կանչել՝ կարծելով, որ դա իրենց ընտանեկան խնդիրն է». Բռնության ու սպանության դեպքերի մի մասը հնարավոր է կանխել, եթե հասարակությունն անտարբեր չլիներ
«Վախեցա միջամտել կամ ոստիկանություն կանչել՝ կարծելով, որ դա իրենց ընտանեկան խնդիրն է». Բռնության ու սպանության դեպքերի մի մասը հնարավոր է կանխել, եթե հասարակությունն անտարբեր չլիներ

«Մի եղիր անտարբեր բռնության հանդեպ», «Քո անտարբերությունը կյանք է խլում»… Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության քարոզարշավի 16-օրյակը մեկնարկեց այսօր` նոյեմբերի 25-ին, իսկ հիմնական թեման կանանց նկատմամբ բռնությունների հանդեպ հասարակության անտարբերությունն է:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր Երևանի մի շարք բուհերի տարածքով քայլերթ անցկացրեց՝ փորձելով երիտասարդների ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա: Քայլերթի մասնակիցները կոչ են անում հասարակությանը չլինել անտարբեր բռնության հանդեպ:

Հայաստանում տարեցտարի ավելանում է կանանց նկատմամբ բռնությունների ու դրանց պատճառով մահվան դեպքերը: Կանանց իրավունքների կենտրոնի տվյալներով՝ այս տարեսկզբից 14 սպանության դեպք է արձանագրվել ընտանեկան բռնության հիմքով:

2010-2015 թվականների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության զոհ են դարձել 35 կին:

Մասնագետները կարծում եմ, որ բռնության ու սպանության դեպքերի մի մասը հնարավոր է կանխել, եթե հասարակությունն անտարբեր չլինի:
Կանանց իրավունքների պաշտպաններին 53-ամյա Սիլվան պատմել է.

«Հարևանուհուս եղբայրը քրոջը ծեծելով տանից դուրս հանեց: Բակում հարևանների ներկայությամբ շարունակում էր ծեծել ու հայհոյել: Ես այդ ամենին հետևում էի պատուհանից, բայց վախեցա միջամտել կամ ոստիկանություն կանչել՝ կարծելով, որ դա իրենց ընտանեկան խնդիրն է»:

Այս տարվա հուլիսի 8-ին, երբ գրանցվեց աղմկահարույց դեպքը՝ տղամարդը կացնով սպանեց զոքանչին և վիրավորեց աներոջն ու նախկին կնոջը, դարձյալ ականտես եղանք հասարակության անտարբեր վերաբերմունքին: Տեղեկություններ եղան, որ աղմկահարույց դեպքի օրը, չնայած այս ընտանիքի օգնության կանչերին, չէին արձագանքել հարևանները, այնինչ արձագանքի դեպքում հնարավոր էր կանխել ողբերգությունը: Իսկ հոկտեմբերի մեկին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրը սպանված կանանց հիշատակին կազմակերպված մոմավառությունը ցույց տվեց, թե որքան անտարբեր է հասարակությունը ընտանեկան բռնությունների դեպքերի նկատմամբ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը նկատում է, որ հայ հասարակության մոտ անտարբերության պատճառներից մեկը կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքն է:

«Եթե իմ տան մեջ չէ դա, ավելի լավ է ես չմիջամտեմ կամ ինչ-որ կերպ չարձագանքեմ, այս մտածելակերպն է: Հատկապես կանանց հանդեպ կա ավելի ստերիոտիպային մոտեցում: Հանրության մեջ միշտ տարածված է այն կարծրատիպը, որ ուրեմն ինչ-որ պատճառ կա, որ կինը բռնության է ենթարկվում: Երբ տղամարդկանց մեջ նմանատիպ դեպք է լինում, ոչ ոք բռնարարին չի արդարացնում, իսկ կնոջ դեպքում ստերիոտիպային վիճակ է ստեղծվում»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ շատ հաճախ հենց ընտանեկան բռնության պատճառով սպանված կանանց գործերով եզրակացությունները դատարանում քննվում են «խանդի հողի վրա» ձևակերպմամբ, խոսում է այն մասին, որ անընդհատ փորձ է արվում պատրիարխալ հասարակության շրջանակում կնոջը պիտակավորել և արդարացնել տղամարդու բիրտ վարքագիծը նրա հանդեպ:

Հասարակության վերաբերմունքի մասով այս իրավիճակը շտկելու համար, Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, պետք է մեծ աշխատանք տանել, հասկանալ, թե դրա պատճառները որոնք են և արդյունքն ինչի է հանգեցնում:

«Ի վերջո, մենք միշտ խոսելով ընտանեկան բռնության ու կանանց հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին՝ մոռանում ենք, որ այդտեղ խեղվում են մի քանի ճակատագրեր: Բացի նրանից, որ մայրն է բռնության ենթարկվում, բռնության շղթան շարունակական է դառնում երեխաների համար: Շատ հաճախ մեզ մոտ եկած զոհերի ընտանիքում մենք տեսնում ենք, որ երեխաները կրկնում են այն վարքագիծը, որը տեսել են ընտանիքում: Այսինքն՝ շարունակականությունը որևէ կերպ կտրել հնարավոր չէ, դա կարելի է կտրել միայն հասարակության վերաբերմունքը փոխելուց հետո»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

«Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանի խոսքով՝ ընտանեկան բռնությունների նկատմամբ հասարակության անտարբերությունը բացատրվում է նրանով, որ մարդիկ մտածում են, թե ընտանեկան բռնությունը անձնական հարց է, պետք չէ հանրայնացնել ու դրա մասին խոսել:

«Երկրորդ պատճառն այն է, որ շատերն ասում են՝ եթե ոստիկան կանչենք, մեզ վրա ավելի բարդ հարցեր են բացվում: Դրանից են իրենք ամենաշատը խուսափում, որպեսզի այդ պրոցեսի մեջ չընդգրկվեն: Հետո, ընդհանրապես հարևանները ծանոթ են միմյանց, վախենում են, որ հարց կբացվի, մեկը մյուսին կասի՝ ի՞նչ իրավունքով ես գործերիս մեջ խառնվել»,- «Մեդիալաբին» ասում է Լարա Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ պետք է հանրության մոտ կոտրել այդ կարծրատիպը, երբ մարդ բռնության է ենթարկվում շրջապատում, պետք է խոսել, փորձել հարթել, քանի որ որոշ դեպքեր կարող են սպանությամբ ավարտվել, ինչպես վերջին շրջանում մի քանի դեպքեր եղան:

Լարա Ահարոնյանը նկատում է, որ ընտանեկան բռնությունները մեծամասմբ կանանց ու նաև երեխաների նկատմամբ են կիրառվում:

«Դա նրանից է, որ կանայք ու երեխաները մեր նահապետական ընտանիքների մեջ ընկալվում են որպես ենթականեր, իրենք իրավունքներ չունեն, տղամարդկանց ենթակայության տակ են»,- ասում է նա:

Ընտանիքում կանանց նկատմամբ անտարբեր են նաև  իրավապահները, ինչի մասին մասնագետները բազմիցս ահազանգել են: Մարդու իրավունքների պաշտպանի 2015 թվականի զեկույցում նույնպես այս խնդիրին անդրադարձ է կատարվել, նշվել, որ իրավապահները բռնության ենթարկողին պատժելու փոխարեն որպես կանոն կնոջն են հորդորում գնալ ու հարթել խնդիրը, նմանատիպ գործերին ընթացք չեն տալիս:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանն ասում, է, որ ընտանեկան բռնության հետևանքով սպանության դեպքերն արդյունք են հասարակության, նաև այն ինստիտուտների անտարբերության, որոնք պատշաճ չեն գործում:

«Եղել են դեպքեր, երբ կանայք դիմել են ոստիկանություն, իսկ ոստիկանությունը կամ հետ է ուղարկել կնոջը, կամ ամոթանք տվել: Ոստիկանության անտարբերությունը համար մեկ հիմնախնդիրներից է, որն այսօր հանգեցնում է ընտանեկան բռնության ամենավատ դրսևորմանը՝ կանանց սպանությանը»,- ասում է Լիդա Մինասյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ իրավապահ մարմինները ընտանեկան բռնությունը չեն դիտարկում որպես անձի նկատմամբ բռնություն:

«Նայած թե ում կողմից է բռնությունը: Եթե բռնության մասին ահազանգ է լինում, ապա ընտրողաբար են մոտենում՝ հարզատների նկատմամբ է այդ բռնությունը, թե՞ ոչ: Հարազատների նկատմամբ բռնությունը դիտարկում են որպես ընտանեկան բռնություն: Իսկ վկայություն տվողը կամ ահազանգողը շատ ավելի վատ վիճակի մեջ է հայտնվում, քան բռնություն  կատարողը»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ հասարակության վերաբերմունքն ընտանեկան բռնությունների նկատմամբ անտարբեր է, որովհետև դեռևս չի ձևավորվել այն կարծիքը, որ բռնությունը չի կարող ընտանեկան պատկանելություն ունենալ: Ամեն մեկը համարում է, որ դա իր ներքին գործն է՝ մոռանալով, որ արժանապատվության նկատմամբ ցանկացած ոտնձգություն չունի որևէ սահման և պատկանելություն:

«Իշխանությունն էլ է մտածում, որ դա իր ներքին գործն է, քաղաքական ուժերն են մտածում, որ դա իրենց ներքին գործն է: Այդ մտածելակերպն էլ տարածվում է նաև հասարակության վրա: Այնինչ, եթե որևէ մեկի հանդեպ բռնություն է կիրառվում, ապա դա բռնություն է նաև հասարակության նկատմամբ»,- ասում է Սաքունցը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am