ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
«Կարգը մշակել է ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազային կենտրոնը` տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվողներին և հետազոտողներին լայն ու բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը` ԿԿՏՀ-ն, փաստահեն քաղաքականության մշակման և իրականացման անընդհատ զարգացող և թարմացվող կարևոր գործիք է։
Այն հնարավորություն է տալիս կրթության ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել` կարևորելով հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը:
Նախագծի վերաբերյալ շահագրգիռ կառույցները, կազմակերպություններն ու հետաքրքրված քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև 2021 թ. հունիսի 17-ը:
Անահատական տվյալների պաշտպանությունը
ԿԿՏ համակարգում Նախագծով սահմանվում է, որ ԿԿՏՀ–ում կընդգրկվեն ՀՀ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից։
Անձնական տվյալները ԿԿՏՀ համակարգում հավաքագրվում, մշակվում և պահվում են՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։
Ողջ տեղեկատվությունը պահվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կենտրոնական հանգույցի սերվերների վրա, որից օգտվելու ընթացակարգը սահմանվում է օրենսդրությամբ: ԿԿՏՀ վարումն իրականացնում է ԿՏԱԿ-ը, որը հանդիսանում է համակարգի գլխավոր ադմինիստրատորը։
Տվյալների մուտքագրումը և խմբագրումն իրականացնում են ուսումնական հաստատությունները` յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ անհրաժեշտության՝ մուտքագրված տվյալների մեջ փոփոխությունը կատարվում է 5-օրյա ժամկետում:
Որպես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մասնակից՝ ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը տիրապետում է ուսումնական բոլոր հաստատությունների մասին ողջ տեղեկատվությանը։
Պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն և Երևանի քաղաքապետարանը ստանում են իրենց ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների մասին ողջ տեղեկատվությունը:
Պետական կառավարման մարմինները տեղեկատվություն ստանում են՝ 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան։
ԿԿՏ համակարգի կառուցվածքը ԿԿՏ համակարգի կառուցվածքում ներառված են նախադպրոցական կրթության, դպրոցների, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի կառավարման տեղեկատվական, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգերը։
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը կատարվում է տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և դրանք էլեկտրոնային միասնական համակարգում հրապարակելու միջոցով:
Կրթության ոլորտի թվայնացում Վերջին տարիներին կրթության ոլորտում թվայնացման ուղղությամբ նկատելի աշխատանք է կատարվել:
Արդեն իսկ թվայնացված են սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման և մի շարք այլ գործընթացներ` մասնակի և ամբողջական բաղադրիչներով:
Այժմ ընթացքի մեջ է ավարտական վկայականների՝ ատեստատների տրամադրման գործընթացի թվայնացումը»,- ասված է հաղորդագրությունում: