Փաստաբան Տիգրան Եգորյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործով նոր զարգացումներին:
-Պարոն Եգրոյան, հայտնի է, որ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, պատասխաը կլինի սեպտեմբերին: Ի՞նչ է ենթադրում սա, ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում առանձին բուժաշխատողների կողմից նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել: Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
– Նախ ասեմ, որ ինձ հայտնի չէ նման տեղեկություն համաձայն որի փորձաքննության պատասխանները կլինեն սեպտեմբերին: Իսկ նախորդ փորձաքննությունն ավելի վաղ էր իրականացվել: Արթուր Սարգսյանի մահվան գործը Հատուկ քննչական ծառայություն տեղափոխելուց հետո նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որը դեռ չի իրականացվել: Հետևաբար, այժմ գտնվում ենք սպասման փուլում, և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին այն փորձաքննության արդյունքը չի լինի:
Ի սկզբանե մենք պնդում էինք, որ Արթուր Սարգսյանի մահվան գործը չի կարող և չպետք է քննվի քննչական կոմիտեում, քանի որ նրա մահվանը հանգեցրած հանգամանքները վերաբերում են մի շարք տարբեր մակարդակի և մարմինների պաշտոնյաների գործողությունների/անգործության և որոշումների:
Այն ժամանակ մենք նաև պնդում էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը ևս չպետք է քննի այս գործը, քանի որ գրեթե բոլոր քննիչները այս կամ այն կերպ «Սասնա Ծռերի» գործի շրջանակներում առնչվել են նաև Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքի քննությանը, ուստի մենք գտնում էինք, որ գործը պետք է քննվի ԱԱԾ քննչական բաժնի կողմից:
Այժմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործն ի վերջո տեղափոխվեց Հատուկ քննչական ծառայություն քննության և որ ավելի կարևոր է այն, որ իշխանափոխությունից և ՀՔԾ պետի փոփոխությունից հետո ՀՔԾ-ն ապացուցեց, որ ի վիճակի է չափազանց զգայուն գործերով արդյունավետ քննություն իրականացնելու, հույս ունենք, որ այս գործով ևս ՀՔԾ-ն կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կապահովի արդյունավետ քննություն:
Փորձաքննության մասով դեռ բավական գործողություններ կան անելու, որոնք վերաբերում են հանձնաժողղովի կազմին և մեր կողմից հնարավոր լրացուցիչ հարցադրումներին: Չափազանց շատ են այն նուրբ հարցերը, որոնք պահանջում են մանրակրկիտ մոտեցում:
-Նախկինում ասում էիք, որ Արթուր Սարգսյանն իրականում կալանքի տակ չպետք է գտնվեր, քանի որ հիվանդությունը կալանքի հետ անհամատեղելի էր: Պահանջում էիք, որ պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր կալանքի որոշում էին կայացրել: Այս հարցով նոր պահանջներ ներկայացնելո՞ւ եք:
-Պահանջները նույնն են, և հետամուտ ենք լինելու արդյունավետ քննության իրականցմանը: Մենք այն ժամանակվանից պնդում ենք, որ պետք է քննության առարկա դարձվեն Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց միջնորդության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները, դատարանների գործողություններն ու որոշումները, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողություններն ու որոշումները այն ժամանակահատվածում, երբ նա պահվել է ՔԿՀ-ում: Դրանից հետո Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդության համար պատասխանատու պաշտոնյաներըի գործողությունները պետք է քննվեին:
Պետք է քննվեին նաև Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ վարչակազի գործողությունները: Մենք կարծում էինք, որ Արթուր Սարգսյանի մահվան պատճառների համար պատասխանատու անձինք պետք է կանգնեն արդարադատության առաջ: Այդ պնդումը այն ժամանակ անտեսվեց, և միայն փորձաքննությունից հետո գործը տեղափոխվեց Հատուկ քննչական ծառայություն: Հիմա մեր ակնկալիքները մեծ են, մի բան հստակ է, որ այս քննությունը բավական լայն շրջանակի անձանց է վերաբերում:
Անկախ որևէ հագամանքից մահվան հանգամանքների վերաբերյալ խորքային քննություն պետք է իրականացվի, և պետք է բացահայտվեն բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր այս կամ այն չափով պատասխանատվություն են կրում այն գործողությունների կամ անգործության համար, որոնց հետևանքով առաջացած հանգամանքները Արթուր Սարգսյանի մահվան պատճառների հետ գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ:
Արթուր Սարգսյանն իրականում կալանքի տակ չպետք է գտնվեր, քանի որ նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի էր: Ինչպես ձերբակալության, այնպես էլ կալանքի շրջանում Արթուր Սարգսյանի մոտ առկա առողջական խնդիրների վերաբերյալ տեղեկացված էին վարույթ իրականացնղ մարմինն ու դատարանը, հետևաբար, պետք է տեղեկացված լիներ նաև դատախազությունը:
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո Նուբարաշեն քրեակատաարողական հիմնարկում արձանագրվել են նրա մոտ առկա այն հիմնական առողջական խնդիրները, որոնք խնդրո առարկա են եղել և դա արձանագրվել է նաև վերջին փորձաքննության արդյունքում: Այդ թվում՝որովայնային օղակաձև ճողվածքն էր արձնագարվել, որն ըստ էության հենց անմիջական կապի մեջ է գտնվել մահվան պատճառների հետ, ինչպես նաև բազմօրգանային տարբեր բնույթի ախտաբանական խնդիրները: Սակայն այս ուղղությամբ որևէ միջոցառում չի ձեռնարկվել:
Դրանից հետո զարգացած այլ առողջական խնդիրների առաջացման պայմաններում պաշտպանական կողմը բողոքներ և դիմումներ է ներկայացրել՝ ուղղված պետական բոլոր իրավասու մարմիններին, այն մասին, որ որևէ արդյունավետ միջամտություն չի իրականացվել: Միայն ՄԻԵԴ դիմելուց հետո կոնսոլիում է հրավիրվել և որոշվել է նրան ազատել կալանքից՝ հաշվի առնելով առողջական վիճակը: Ազատության մեջ գտնվելու շրջանում իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներով հաստատվել է կոնսոլիումի եզրակացությունն առ այն, որ նրա նկատմամբ կալանք խափանման միջոցը համատեղելի չէ նրա առողջական վիճակի հետ:
Այդ փորձագիտական եզրակացությունն ստանալու օրը քննիչն անմիջապես նշանակել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որն ի տարբերություն նախորդի, իրականացվել է շատ հապճեպ՝ 6 օրվա ընթացքում, առանց Արթուր Սրագսյանի օբյեկտիվ զննության՝ տալով ուղիղ հակառակ եզրակացություն: 2017 թվականի փետրվարի 8-ի եզրակացությունն ստանալու հաջորդ օրը Արթուր Սարգսյանը ձերբակալվել է, դատարան է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն:
Հիմքում դրվել է վերջին փորձագիտական եզրակացությունը, դատարանն անտեսել է նախորդ երկու փաստաղթղթերը՝ հանձնաժողովային փորձագիտական եզրակացությունը և կոնսոլիումի եզրակացությունը: Դրանից հետ Արթուր Սարգսյանը հացադուլ սկսեց: Այդ ամբողջ ընթացքում դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում Արթուր Սարգսյանը չի ենթարկվել պատշաճ հետազոտության և չի ստացել պատշաճ բուժօգնություն, նրան չեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ խորքային հետազոտություններ իրականցնելու համար: Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր 2017 թվականի մարտի վեցին, երբ նա արդեն ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում:
Այս ամբողջ շղթային մասնակից պաշտոնատար անձինք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են որոշումների կայացմանը, որոնց արդյունքում առաջացած հետևանքները հնարավոր է պատճառահետևանքային կապի մեջ լինեն Սարգսյանի մահվան հետ, պետք է ենթարվեն պատասխանտվության:
Իսկ ինչ վերաբերում է նախորդ փորձաքննությանը, ապա այն նոր չի եղել, սկսվել է 2017 թվականի օգոստոսին, ավարտվել է այս տարվա մայիսին: Այդ փորձաքննության արդյունքում հարցերի մի հսկայական շրջանակ պատասխան չի ստացել: Այդ թվում՝ նաև դրանով է պայմանավորված կրկնակի հանձնաժողովային փորձաքննության իրականացումը:
Եզրակացությամբ փորձագետները եկել են հետևության, որ «Արմենիա» ԲԿ-ում Արթուր Սարգսյանի նկատմամբ բժշկական միջամտությունները և տրամադրված բուժ օգնությունը եղել է ճիշտ և չի գտնվում նրա մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ:
-Այս նոր զարգացումներն արդյոք ապացուցո՞ւմ են, որ «Հաց բերողի» նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում:
-Դա ակնհայտ էր առաջին իսկ պահից, երբ նրան կալանավորելու միջնորդության մեջ նշված էր, որ նա ՊՊԾ գունդ է մտել դեռևս հուլիսի 17-ին: Այսինքն միայն այդ փաստով ապացուցվում է այն, որ անկախ ամեն ինչից դրված է եղել նաև Արթուր Սարգսյանին կալանավորելու և այդ հանձնարարությունն առանց ավելորդ ջանքերի իրագործվել է՝ առանց առանձնապես խորանալու նրա արարքների բովանդակության, էության և հիմնավոր կասկածի առկայության մեջ:
Ամբողջ հետագա ընթացքը և հատկապես Արթուր Սարգսյանին ամեն գնով կալանքի տակ պահելու փաստը՝ անտեսելով նույնիսկ նրա առողջական վիճակը, իսկ հետագայում նաև կրկին կալանավորելու հանգամանքը անտեսելով արդեն փորձագիտական եզրակացությունն այն մասին, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը համատեղելի չէ ազատազրկման հետ, կրկին խոսում է այն մասին, որ նրա հարցում բոլորովին այլ նպատակներ և առաջնահերթություններ են գերակայել օրենքի և իրավունքի նկատմամբ:
Կարծում եմ՝ ավելի քան բավարար փաստական հանգամանքներ կան պնդելու, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու անմարդկային վերաբերմունքը դրսևորվել է քաղաքական նկատառումներով, որոնց հիմքում ըստ երևույթի ընկած էր «Հաց Բերողի» վարակիչ և այն ժամանակվա իշխանության համար անցանկալի կերպարը և դրա հանրային հեղինակությունից բխող վտանգը չեզոքացնելու ձգտումը:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am