«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, նախօրեին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատվում է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Ոմանք սա կապում են միջազգային հայցերից հրաժարվելու՝ Հայաստանի հայտնած պատրաստակամության հետ: Դուք ի՞նչ կարծիք ունեք, ինչպե՞ս եք գնահատում Կիրակոսյանի քայլը:
– Չեմ կարող միանշանակ պնդում անել, որ պատճառը դա է, բայց կարող եմ ասել, որ պարոն Կիրակոսյանը ոչ թե հիմա, այլ ամիսներ առաջ, երբ իմացել է հայցերից հրաժարվելու մտադրության մասին, դեռ այն ժամանակ է պատրաստ եղել դիմում գրել ու դուրս գալ, որովհետև՝ ենթադրում եմ, հասկանում է, թե որքան կարևոր են մեզ համար այդ հայցերը:
Ի տարբերություն այս իշխանությունների՝ նա նաև շատ լավ հասկանում է, որ այդ հայցերը չեն վերաբերում անձանց, այլ վերաբերում են Հայաստանի իրավունքներին, որ դրանք պետության պաշտպանության գործիքներից են, հետևաբար ինքը պատրաստ չէր լինի իր ձեռքով հրաժարվել այն հայցերից, որոնք ինքն է ներկայացրել:
Կարծում եմ, որ հիմնական պատճառը դա է, որովհետև, ոնց հասկանում եմ, գերիների հետ կապված հարցերով անտարբերությունը, բազմաթիվ հարցերի վերաբերյալ այս իշխանության հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք վերջին ճիգերն են գործադրում Ադրբեջանի առաջ ստանձնած պարտավորությունները կատարելու համար, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու:
– Այսինքն՝ այնուամենայնիվ, հրաժարականը կապում եք հայցերից հրաժարման հետ ու կարծում եք, որ հասե՞լ է այդ պահանջը կատարելու պահը:
– Կարծում եմ, այո՛, եթե այլ ողջամիտ բացատրություն չլինի:
– Իսկ ի՞նչ եք կարծում, Եղիշե Կիրակոսյանը հանդես կգա՞ հրաժարականի մասով հավելյալ բացատրությամբ, որովհետև մարդիկ կան, որ ասում են, եթե պատճառը Ադրբեջանի պահանջի բավարարումն է, որին նա դեմ է, ապա ինքը պետք է հանրության հետ անկեղծ լինի:
– Իմանալով Եղիշե Կիրակոսյանի խառնվածքը, բնավորությունը՝ կարծում եմ, որ շատ քիչ հավանականություն կա, որ հանրային հարթակում կհայտարարի դրա մասին: Բոլոր հեռացող պաշտոնյաների մասով, ես կարծում եմ, որ շատ ավելի ազնիվ, ճիշտ ու պետականամետ կլինի հայտարարել իրենց հեռանալու իրական պատճառը:
Շատ շատերը հեռանում են լուռ, եթե իրենց վերաբերյալ քրեական գործ չի հարուցվում՝ չեն խոսում, սա ճիշտ չէ, սա ՀՀ քաղաքացու հանդեպ հարգալից չէ: Նեղ շրջանակներում շատ հաճախ զարհուրելի պատմություններ են պատմում, բայց դրա մասին հանրությունը տեղյակ չի լինում:
– Տիկի՛ն Կարապետյանց, եթե գործող իշխանությունը հրաժարվի հայցերից՝ ի՞նչ հետևանքներ են լինելու:
– Մենք կկորցնենք ազդեցության մեր լծակներից մեկը: Եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ իր համար որևէ խնդիր չեն առաջացնելու այս հայցերի արդյունքում կայացվող դատարական վճիռները, նա այս ճանապարհով չէր գնա՝ ըստ տրամաբանության: Եթե Թուրքիան համոզված լիներ, որ Ցեղասպանության փաստն իր համար խնդիր չէ՝ չէր պահանջի դրանից հրաժարում, հետևաբար այս ամենը մեզ համար այն գործիքներից են, որոնք հնարավորություն կտան մեզ երկարաժամկետ առումով պաշտպանվել: Բայց այս իշխանությունները հետևողականորեն այդ ամենը վերացնում են:
– Հայցերից հրաժարվելուց հետո Ադրբեջանը կկնքի՞ խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ:
– Այս խառը վիճակները, որոնք տիրում են աշխարհում, Ադրբեջանին առիթ չեն տալիս գնալ խաղաղության, ընդհակառակը՝ նա օգտվելու է այս իրավիճակից, ինչպես օգտվեց 2020 թվականին: Ադրբեջանը փորձելու է առաջ գնալ, այլ հարց է, թե մենք ունենալո՞ւ ենք պաշտպանվելու հնարավորություն, թե՞ չէ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















