Չեմ կասկածում՝ ԱԺ-ն տալու է համաձայնություն, ու այդ պատգամավորների նկատմամբ հարուցվելու է հանրային քրեական հետապնդում. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, այսօր՝ մարտի 26-ին, գլխավոր դատախազը գնալու է խորհրդարան՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: ՀՀԿ-ն հայտարարում է, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է իրենց կուսակցի նկատմամբ, բայց չի հաջողվի իրենց այս կերպ լռեցնել: Դուք ինչպե՞ս եք գնահատում գործընթացը, կզրկե՞ն անձեռնմխելիությունից:

– Հովիկ Աղազարյանի մասով ընդամենը մեկ հարցի պատասխան է պետք ճշտել, մնացած ամեն բան պարզ կլինի. եթե Հովիկ Աղազարյանը չընդդիմանար Փաշինյանին ու հրաժարվեր մանդատից, ինչպես արեց իշխանական մեկ այլ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, նույն գործողությունները կարվեի՞ն Աղազարյանի նկատմամբ, ինչը հիմա է արվում: 

Ցանկացած անձ, որը օրենքով անթույլատրելի արարք է կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվի, երկրորդ կարծիք չկա, բայց այստեղ խոսքը քաղաքական կոռուպցիայի մասին է, պարզ ասած՝ քաղաքական կոռուպցիայի հոտ է գալիս, որովհետև եթե Աղազարյանը չընդվզեր, որքան հասկանում եմ, նման սցենար չէր լինի: Բնականաբար Հովիկ Աղազարյանի անձեռնմխելիությունը կհաղթահարվի, մնացածն էլ՝ կապրենք կտեսնենք: 

Տարոն Մարգարյանի մասով՝ նախ այդ տղան պետք է խոսի, որ հիմա էլ հայտարարում են, թե սա լռեցնելու փորձ է: Հետաքրքիրն այն է, որ այս իշխանությունը յոթ տարի հետո է հիշել Տարոն Մարգարյանին:

Մեկ բան կարող եմ ասել, որ այս իշխանությունը նախկին իշխանության տարբեր սեգմենտների օգտագործում է իր իշխանությունը պահելու համար:

Սա հասարակության աչքին թոզ փչելու հերթական դրսևորումն է, թե տեսեք՝ մենք պատասխանատվության ենք ենթարկում նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներից մեկին, որպեսզի արդարությունը վերականգնենք: Կարծում եմ, որ զրոյական նշանակություն ունի այս ամեն ինչը, իսկ նախկին իշխանություններն էլ փորձում են քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել՝ նման հայտարարություններ անելով: 

Չեմ կասկածում, որ ԱԺ-ն երկուսի դեպքում էլ տալու է համաձայնություն, ու այդ պատգամավորների նկատմամբ հարուցվելու է հանրային քրեական հետապնդում: Բայց հասարակությունն արդեն, կներեք այս բառի համար, զզվել ու հոգնել է նախկին-ներկա այս գզվռտոցներից, հասարակությունը թքած ունի այս ամենի վրա, նրանց այլ՝ ավելի կարևոր հարցեր են հուզում: 

– Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այս հարցերին, ասաց, որ սրանք «Սերժի ժամանակները չեն, որ քաղբանտարկյալներ լինեն, ազատ մամուլ չլինի» և այլն, համակարծի՞ք եք Սիմոնյանի հետ, որ հիմա չկան քաղբանտարկյալներ, ազատ խոսքը չի խոչընդոտվում:

– Հիմա էլ Նիկոլի ժամանակներն են՝ համընդհանուր անպատասխանատվության, անպատժելիության ու իսկական բարդակ իրավիճակ: Քաղաքական բանտարկյալի սահմանումը հստակ տրված է Եվրախորհրդի համապատասխան բանաձևերով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է սահմանել քաղաքական բանտարկյալի նշաձողը: 

Ես չեմ ուզում հիմա խորանալ, բայց հստակ կարող եմ ասել, որ Հայաստանում այնպես չէ, որ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար տարբեր տեսակի բռնությունների չեն ենթարկվում, դրսևորման ձևերն են փոխվել, եթե Սերժի, Քոչարյանի ժամանակներում մարդիկ տարիներով փտում էին բանտերում, հիմա ուղղակի ընտրվել է բռնության, հետապնդումների այլ ձևաչափ: Շեշտակի որևէ փոփոխություն չի եղել: 

Ի վերջո պետք է ընկալել, որ հիմա մեր ողբերգություններն ու տապալումներն այն աստիճանի այլ են բովանդակային առումով, որ համադրելի ու համեմատելի չեն նախորդ տասնամյակների ընթացքում Հայաստանում առկա խնդիրների հետ: Ենթադրենք՝ Քոչարյանի ու Սերժի ժամանակ բռնաճնշումներ են եղել, քաղաքական սպանություններ են եղել, դա քեզ թույլ է տալիս այսօր ինչ ուզենաս անե՞ս, դա թույլ է տվել ողջ երկիրը հասցնել կործանման եզրի՞ն, կործանել Արցախի Հանրապետությո՞ւնը, ձախողել կոռուպցիայի դեմ պայքարն ու ինքներդ ընկղմվել կոռուպցիայի մե՞ջ: Այսինքն՝ եթե նախկինները անբարոյական են եղել, դա թույլ է տվել, որ դուք դառնաք բեսպրեդե՞լ, կամայակա՞ն, այս առումով ինչո՞վ եք տարբերվում նրանցից: 

Նախկինների արածների ֆոնին դուք չեք դառնում անմեղ հրեշտակներ, ընդհակառակը՝ դուք ավելի վատն եք, որովհետև իշխանության եկաք այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու խոստումներով: Այդ մարդկանց, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, դուք եք դարձրել «հարգելի ընդդիմադիր գործընկերներ»: Երբ պետք է՝ ձեզ համար «հարգելի ընդդիմադիր գործընկերներ» են, երբ պետք է՝ «թալանչի՞»: Հերիք է լապշա կախեք այս մարդկանց ականջներին, խաբելով մոլորեցնեք, դուք մեկդ մյուսին արժանի եք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am