«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը
– Տիկի՛ն Ալեքսանյան, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի ու իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպից հետո լրագրողները նախորդ շաբաթ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ օթյակում ակցիա էին իրականացնում, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին: Անդրանիկ Քոչարյանն էլ իր եզրափակիչ խոսքն ասաց գրառման ձևով: Այս ամենն ինչպե՞ս եք գնահատում:
– Նախ ուզում եմ մի եզրահանգում անել, որ շատ վատ վիճակ է թե՛ խոսքի ազատության, թե՛ լրագրողների մասով, ու դա առաջին հերթին իշխող ուժի անպատժելի, լկտի պահվածքի հետևանք է: Սկսած իրենց առաջորդից՝ ինչ ուզում խոսում են, երբ ուզում խոսում են, բազմիցս լսել ենք տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանի վատ խոսքը, և մյուսները մտածում են՝ ինչու վարչապետին կարելի է, իսկ իրենց՝ չէ, իրենք ինչով են պակաս:
Ընդհանրապես տեսանելի է, որ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, մոտեցումները փոխվել են, ինքս դատապարտել եմ Հռիփսիմե Ջեբեջյանի հետ նման կերպ վարվելը, բոլորն այս միջադեպում շեշտադրեցին հատկապես Քոչարյանի արած արտահայտությունը, հատկապես որ Սրբազանի խոսքն էր: Ես հավատում եմ, որ Սրբազանի խոսքը չէր կարող վատ կոնտեքստ ունենալ, բայց Անդրանիկ Քոչարյանի դեպքում բոլորս տեսանք, թե նա ի՛նչ տոնով դա ասաց: Կարևորը շեշտադրումն է, որովհետև նույն արտահայտությունը տարբեր տոնայնություններով անելիս բոլորովին այլ միտք է հաղորդվում:
Ինձ համար ավելի սարսափելի էր նրա լկտի թողտվությունը՝ այստեղ կանգնիր, այնտեղ կանգնիր, քան բուն այդ արտահայտությունը: Անամոթությունը, որը ՔՊ-ի առանձնահատկությունն է, բոլորին է տրված՝ Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան: Անդրանիկ Քոչարյանը կարող էր ներողություն խնդրել, բայց չարեց, այսինքն՝ զրո, ցածրորակ մտածողություն, ու դա հատուկ է բոլորին, ՔՊ-ի համար ավելի լավ է մեռնեն, քան ներողություն խնդրեն:
Անդրանիկ Քոչարյանի վերջին գրառումն այս միջադեպի վերաբերյալ, երբ նա նաև մեջբերումներ էր արել Աստվածաշնչից, ինչ ասեմ, իրենք այնքան հեռու են Աստվածաշնչից, մեղքի զգացում ունենալուց: ՔՊ-ի դա հատուկ չէ, տեսնում ենք, չէ՞, բոլորն են մեղավոր, բացի իրենցից, սա մարտնչող, լկտի պահվածք է: Անդրանիկ Քոչարյանն իմ ասած այդ մարտնչող լկտիության տիրույթում ունի իր ուրույն տեղը:
– Այնուամենայնիվ, ինչ-որ արձագանք կլինի՞, կստեղծվի՞ այդ էթիկայի հանձնաժողովը:
– Չէ, այդ ամենի շարունակությունը՝ խորհրդարանի շենքում, ուղղակի համոզմունք ունեմ, որ անվտանգության աշխատակիցներին հենց Ալեն Սիմոնյանի կողմից ուղիղ հրահանգ էր տրվել, երբ նրանք բռնի միջամտություն ունեցան լրագրողների ակցիային, դա կարող էր անել միայն Ալեն Սիմոնյանի նման վախկոտ մեկը: Անվտանգության որևէ աշխատակից առանց հրահանգի ոչ մի քայլ չի անում:
Ցածրորակ մի իշխանություն է, որը չի կարող գնահատել ո՛չ խոսքի ազատությունը, ո՛չ լրագրողների նկատմամբ վերաբերմունքը, ո՛չ կնոջ նկատմամբ հարգանքը, ընդ որում՝ Անդրանիկ Քոչարյանը շեշտադրում էր, չէ՞, լրագրողի կին լինելը: Իրենք շատ ցածրում են: Ես ցավում եմ, որ Հայաստանն այս աստիճանի ցածրացած է, ու համոզված եմ, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հաջորդ զեկույցները շատ ավելի վատը կլինեն:
– Եթե այս դեպքը իշխանության գնահատականի չի արժանանում, անհրաժեշտ հետևություններ չեն արվում, ապա հետագայում ի՞նչ կարելի է սպասել:
– Եթե լինեն խորհրդարանի ընտրություններ, ապա պատկերացնում եք, թե ինչեր կարող են անել, հնարավոր է, որ Քոչարյանին գերազանցեն, նրանք չեն խորշի լրագրողների նկատմամբ բռնություններից: Ամեն ինչ ապականել են, ապականված են բոլոր տեսակի ազատություններն ու իրավունքները, ոչ մի արժեքով չեն առաջնորդվում, նույնիսկ ապականում են Աստվածաշունչը՝ մեջբերումներ անելով:
– Եթե կոնկրետ դեպքում լրագրողների իրավունքները օրենքով չեն պաշտպանվում, ապա այս պարագայում լրագրողներն ինչպե՞ս պաշտպանեն իրենց իրավունքները, տիկի՛ն Ալեքսանյան:
– Պետք է բոյկոտեն այդ քաղաքական գործիչներին, պետք միմյանց նկատմամբ սոլիդարությունը պահեն, նույն այդ դեպքի օրը անհրաժեշտ էր լրագրողական սոլիդարությունը, որը, ցավոք, չտեսանք, իսկ տարիներ առաջ լրիվ այլ էր վիճակը: Լրագրողները ցանկացած նման առիթի դեպքում պետք է բոյկոտեն, լրագրողական կազմակերպությունները պետք է հայտարարություններ անեն: Լրագրողները պետք է միասնական բանակ դառնան, որպեսզի դիմակայեն այս իշխանության մարտնչող լկտիությանը, այդ թողտվությանը: Ես ուզում եմ հատուկ ընդգծել այս իշխանության կազմում եղող կանանց, որոնք թույլ են տալիս կանանց նկատմամբ նման վերաբերմունք, իշխանությունը հավերժ չէ: ՔՊ-ին անդամակցող կանայք վախեցած հայացքով ստրկուհիներ են Նիկոլ Փաշինյանի տիրույթում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















