2018-ի ամենահետաքրքիր բացահայտումները` համառոտ

2018-ի ամենահետաքրքիր բացահայտումները` համառոտ
2018-ի ամենահետաքրքիր բացահայտումները` համառոտ

Որպես տարվա ամփոփում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակի ընթերցողի համար առանձնացրել ենք տարվա ընթացքում ունեցած առավել ուշագրավ հրապարակումները՝ հակիրճ անդրադարձ կատարելով դրանց։

Այսպես, մենք բացահայտումներ արեցինք կոռուպցիոն մի շարք սխեմաների ու գործարքների մասին։ Հետամուտ լինելով կոռուպցիոն խնդիրների բացահայտմանը՝ ուրվագծեցինք Վլադիմիր Գասպարյանի հետ կապվող և պետությանը 13 մլն դրամի վնաս հասցրած հնարավոր կոռուպցիոն սխեման։

Արձանագրեցինք դատական համակարգում առկա օրենսդրական բացերը և բարձրագույն դատական խորհրդում գործող խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը։ Պարզեցինք նաև, որ «Վեոլիա ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկն այսօր նախարար է, իսկ Սյունիքի նախկին մարզպետը հիմնադրամների միջոցով ֆիանանսավորել է կնոջ բիզնեսները, ինչի առթիվ մեր հրապարակման մեջ տեղ գտած նյութերն ուղարկվեցին ոստիկանություն։ Կասկածելի գործարքներ նկատեցինք նաև քաղաքապետարանում, ինչի շնորհիվ չեղարկվեցին 103 մլն դրամի ապօրինի պայմանագրեր։ Բացահայտեցինք, որ Երևանի քաղաքապետարանում աղավաղում են օրենքը՝ առաջնորդվելով գոյություն չունեցող կանոնակարգով, իսկ ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի ժամանակ տեսանք, թե ինչպես է աշխատում «հակաահաբեկիչը»։

Ապրիլ ամսին մեկնարկած զանգվածային հավաքների ժամանակ Ավանում Տարոն Մարգարյանի հետ կապված մի խումբ անձինքծեծի ենթարկեցին մարդկանց և մեքենաներ ջարդեցին, իսկ մենք բացահայտեցինք այդ անձանց ինքնությունները։ Նույնը արեցինք «Շմայս» մականունով հայտնի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հրահանգով Արմավիրի մարզից Երևան տանող ճանապարհը փակողների հետ։

Պայքարելով լրատվական դաշտում տարածվող ապատեղեկատվության դեմ՝ մենք անդրադարձանք մարդու իրավունքի վիճակի վերաբերյալ հեռուստաընկերության շփոթեցնող տեսանյութին, Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու պատմության աղավաղմանը։ Տեսանք, թե ինչպես հեռուստաընկերություններն իրենց լրահոսում տեղ չգտան ապրիլյան ակցիաների և Նիկոլ Փաշինյանի քայլերթի համար, իսկ 2017թ․ ԱԺ ընտրությունների գնահատականներից «հիշեցին» միայն դրականը։

Ապատեղեկատվություն տարածելուց զերծ չմնացին նաև ռուսական ԶԼՄ-ները՝ սուտ տարածելով անգամ ռոբոտի մասին, ռոբոտի կոստյումով մարդուն ներկայացնելով որպես ամենաժամակակից ռոբոտ և անգամ հարցազրույց վարելով «մահացած աղջկա հետ»։ Իսկ Պուտինը 11 տարվա վաղեմության զենքը ներկայացրեց որպես նորագույն և այդպես էլ չապահովեց խոստացած տնտեսական հզորացումը։

2018-ի սկզբում բացահայտեցինք, որ ՀՀԿ-ականներն ունեն ժողովրդավարության մասին իրենց աղավաղված պատկերացումները, հակառակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության տված գնահատականի՝ ռուսաստանյան ընտրությունները համարում են կայացած առանց ընտրախախտումների և անգամ բացառում  են վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը։ Բացահայտեցինք նաև, որ անձամբ ինքը՝ Սերժ Սարգսյանը, խուսափում էր հայկական ԶԼՄ-ներին հարցազրույց տալուց (նախապատվությունը տալով արտասահմանյաններին)։

Հայկական ԶԼՄ-ներից խուսափում էր նաև նախագահ Արմեն Սարգսյանը, ով, այդուհանդերձ, հասանելի էր ռուսական մամուլի համար։ Վերջինս, պարզվում է, համարում էր, որ խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները և որևէ միջազգային կազմակերպությունից չէր լսել, որ Հայաստանում քաղբանտարկյալ կա։

Այս տարի հետևեցինք նաև ոստիկանության գործելաոճին և տեսանք, թե ինչպես են հիմնվում գոյություն չունեցող վիճակագրության վրա, խախտում հավաքների մասին ՀՀ օրենքը, տարածում մեքենաների համարանիշները հանելու «մոդան» և աչքի ընկնում անգործությամբ։

FIP.am-ի թիմն անդրադարձավ նաև որոշ պաշտոնյաների կարծիքի փոփոխականությանը։ Օրինակ, եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը  Հունան Պողոսյանին մեղադրել էր բռնություն գործադրելու և ապօրինի հարստացման մեջ, ապա այս տարվա հոկտեմբերին վերջինիս նշանակեց Սյունիքի մարզպետ։ Փաշինյանի թիմը փոխեց իր վերաբերմունքը հետախուզության նախկին պետի նկատմամբ, իսկ Էդմոն Մարուքյանը՝ իր դիրքորոշումը ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ։

Այս տարին աչքի ընկավ սոցիալական ցանցերում տարածված ֆեյքերի մեծ բանակով, որոնցից հատկապես ուշագրավ էին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ աշխատող 300 ֆեյքերը, Վահե Էնֆիաջյանի համար վարձատրությամբ աշխատող ֆեյքերը, ֆեյք ընտանիքները և ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով ֆեյքը։ Այս կեղծ էջերը հակտապես ակտիվ էին գործում նախընտրական քարոզչության շրջանում։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ակտիվորեն գործում էին երիտֆեյքերը։ Սակայն, ինչպես բացահայտեցինք, ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության շրջանում տարածված էին ոչ միայն կեղծ հաշիվները, այլ նաև կեղծ ԲՀԿ-ական դիտորդները։

Այս ընթացքում Ադրբեջանում Ալիևը հասցրեց դատապարտել դեռ չկայացած երևանյան ընտրությունների միջազգային արձագանքը՝ նախքան դրա լինելը։ Իսկ Ադրբեջանի մերձնախագահական ԶԼՄ-ն արձանագրեց «Իլհամ Ալիևի խոշորագույն հաղթանակը»՝ կեղծելով Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը։

Այս տարի նույնպես ունեցանք «հեռախոսային բացահայտումներ» և պարզեցինք, որ ավագանու ընտրություններից առաջ ԲՀԿ-ի համար իրականացված նախընտրական ֆլեշմոբի համար մասնակիցներին գումար է բաժանվել։ Իսկ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ դպրոցի տնօրենը համաձայն էր վարչական ռեսուրս չարաշահել՝ Սասուն Միքայելյանի որդու համար։

Ծաղրանկարը՝ Մեդիալաբի

www.Fip.am