Իսպանիան նախատեսում է 2026 թվականին մեկ միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային՝ զինտեխնիկայի ձեռքբերման և ռազմական ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Թագավոր Ֆելիպե VI-ը և վարչապետ Պեդրո Սանչեսը Զելենսկու Մադրիդ այցի ընթացքում վերահաստատել են, որ Իսպանիան պատրաստ է շարունակել աջակցել Ուկրաինային դիվանագիտական, ֆինանսական և ռազմական ոլորտներում այնքան ժամանակ, մինչև խաղաղություն հաստատվելու գործընթացը հասնի ավարտին։
DW-ի փոխանցմամբ, զինտեխնիկայի մատակարարումները եղել են բանակցությունների հիմնական թեման։ 2024-ին կնքված 10-ամյա անվտանգության համաձայնագրի շրջանակում Իսպանիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցելու համար գնել ինչպես սեփական, այնպես էլ ամերիկյան արտադրության զինատեսակներ։
Մինչև տարեվերջ Կիևը կստանա նաև ավելի քան 800 միլիոն եվրո՝ զինտեխնիկայի ու էներգետիկ համակարգի վերականգնման համար։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր Իսպանիան Ուկրաինային տրամադրել է շուրջ 3 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն, ինչպես նաև վերապատրաստել մոտ 8300 ուկրաինացի զինծառայող։
Բացի այդ, Մադրիդը ուղղել է 110 միլիոն եվրո հումանիտար ծրագրերին, իսկ նույնքան էլ հավաքել են իսպանական հասարակական և եկեղեցական կազմակերպությունները՝ ապահովելով սննդամթերքի, բժշկական պարագաների և դեղորայքի մատակարարումներ։



















