Ռուսաստանն ու Ադբեջանը բնական դաշնակիցներ են, ոչինչ չի փոխվել. պետք է սպասենք ճնշման մեծացման հայկական կողմի վրա. Հրաչյա Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, մոտ մեկ տարվա դադարից հետո Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները հանդիպեցին, Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն հայտնեց փոխհատուցել AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով առաջացած վնասները, Իլհամ Ալիևն էլ կարծես գոհ էր հանդիպման արդյունքներից: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ հիմա կայացավ այդ հանդիպումը, այլ ոչ թե ավելի շուտ:

– Ոչինչ էլ չփոխվեց, ես այն ժամանակ էլ, երբ կողմերի հարաբերություններում լարվածություն կար, ասացի, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը բնական դաշնակիցներ են, որովհետև նրանց միավորում են ֆինանսական, նյութական, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերն ու ռեժիմների կառուցվածքը: 

Երկուսում էլ ավտորիտար ռեժիմներ են, երկու երկրներում է միապետներ են, որոնք 20 տարուց ավելի է իշխանության են: Նրանք բնական դաշնակիցներ են, ու այն թյուրիմացությունը, որը տեղի ունեցավ, և այն խաղը, որ խաղաց Ադրբեջանը, որ իր քաշը մեծացնի, լոկ տակտիկական խաղ էր, որի հետևանքով Ադրբեջանն իր դիրքերը մի փոքր ուժեղացրեց, բայց հիմնական հարաբերությունները՝ ռազմավարական ու աշխարհաքաղաքական, մնացել են նույնը: 

Հայկական կողմը պետք է ի վերջո համաձայնի և ընդունի, որ Ռուսաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի բնական դաշնակիցն է, Հայաստանի հետ դաշնակցությունը արհեստական է, իրականում մենք թշնամիներ ենք և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար: Այսինքն՝ ինչ տեղի է ունեցել, օբյեկտիվ է, կարելի է հիշել մինչև 2018 թվականը Թուրքիայի վարքը, երբ դեսպանին սպանեցին, խոցեցին ինքնաթիռը, բայց հետո ամեն ինչ հունի մեջ ընկավ, որովհետև ունեին համատեղ շահեր: Նման դեպքերի ժամանակ հայկական կողմը ոգևորվում է իհարկե, բայց իրականությունը մնում է իրականություն: 

– Հիմա, երբ հարաբերություններում այդ լարվածությունը կարծես թե թուլանում է, ի՞նչ հնարավոր ազդեցություններ կարող է դա ունենալ Հայաստանի վրա: 

– Ճնշումը Հայաստանի վրա կարող է մեծանալ. մի բան է, երբ Ադրբեջանն առանձին է ճնշում, Ռուսաստանը՝ առանձին, մենք դա տեսել ենք, երբ իրենք լավ հարաբերություններ չեն ունեցել, հիմա նրանք նորից կսինքրոնացնեն իրենց ջանքերը, ու Հայաստանի վրա ճնշումն արտաքին ուժային կենտրոններից՝ Ռուսաստան, Թուրքիա ու Ադրբեջան՝ որպես Թուրքիայի կցորդ երկիր, կմեծանա: Մենք պետք է սպասենք ճնշման մեծացման հայկական կողմի վրա: 

– Պարո՛ն Արզումանյան, այդ ճնշումն ինչի՞ համար է լինելու:

– Հասնել այն շահերին, որ նրանք չեն փոխել, այն ռազմավարական նպատակները, որ դրել են Թուրքիան ու Ռուսաստանն իրենց առաջ, այն է՝ բնաջնջել հայկական ինքնիշխան պետությունը: Այս խնդիրը նրանք դրել են իրենց առաջ ու այդ խնդիրը լուծում են, ոչինչ չի փոխվել: Տակտիկական փոփոխություններ են տեղի ունենում, ադապտացնում են իրենց նպատակներին հասնելու ճանապարհները, բայց նպատակը նույնն է՝ Հայաստանն առանց հայերի: Հայաստանը կարող է դրոշ ունենալ, բայց որպես պետական, ինքնիշխանություն ունեցող ազգ անընդունելի է: Նման պետությունը գոյաբանական սպառնալիք էր և՛ Օսմանյան կայսրության, և՛ Ռուսական կայսրության համար, նրանք չեն կարող դա ընդունել:

– Այսինքն՝ դա բխում է նաև Ռուսաստանի շահերի՞ց:

– Ռուսաստանի շահերը դարերի ընթացքում չեն փոխվել, երբ Ռուսաստանը մտնում էր Հարավային Կովկաս, Հայկական լեռնաշխարհում ապրում էր մոտ 5 միլիոն հայ, իսկ հիմա մնացել ենք 2 միլիոն, Հայկական լեռնաշխարհը մաքրվել է հայերից՝ Ռուսական ու Օսմանյան կայսրությունների քաղաքականություն հետևանքով՝ Մեծ Եղեռնի միջոցով: 

– Ձեր գնահատմամբ՝ Վաշինգտոնում, օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունն առանց Ռուսաստանի համաձայնությա՞ն է եղել:

– Չեմ կարող հստակ պատասխանել, որովհետև բավարար տեղեկատվություն չունեմ: Հույս ունեմ, որ դա իրոք ԱՄՆ-ի ռազմավարական մտադրությունն է՝ խորացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում և ուղղակի մտնել այնտեղ միջազգային, տնտեսական-կոմունիկացիոն ծրագրով ու այդ ամենն անել խաղաղության դրոշի ներքո: 

Այն, որ Թրամփը բարձրացրել է խաղաղության դրոշը, մեզ որոշ ժամանակով ուշքի գալու հնարավորություն է տալիս: Հույս ունեմ, որ քանի դեռ Թրամփը նախագահ է ու խոստացել է, որ խաղաղության է հասել, Ադրբեջանը չի համարձակի լայնածավալ ռազմական գործողություններ սկսել՝ հարվածի տակ դնելով Թրամփի անունն ու հեղինակությունը: Քանի որ Թրամփն իր անունն է կապել նաև այդ ուղուն՝ TRIPP-ին, ինչ-որ հույս կա, որ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ճնշումը Հայաստանի նկատմամբ կլինի ոչ ռազմական: Պատերազմից հետո ունեցած 3 + 3 ձևաչափը փոխվում է 2 + 2 ձևաչափի, երբ ձևաչափին մասնակցում են ԱՄՆ-ն ու Թուրքիան, իհարկե բխում է վերջինիս շահերից, և Հայաստանն ու Ադրբեջանը: 

Ձևաչափից դուրս են մղվել Ռուսաստանն ու Իրանը, Վրաստանն է դուրս եկել, ինչը հեշտացնում է մեր աշխատանքը: Նույն կերպ դու պետք է շարունակես պաշտպանվել Թուրքիայից, բայց արդեն Ռուսաստանի փոխարեն ունես ԱՄՆ-ին՝ որպես հետաքրքրված կողմ: Կարծումեմ՝ սա ավելի լավ տարբերակ է, քան այն, որ ունեցել ենք: 

Դեռ շատ վաղ է խոսել այդ ուղու մասին, որովհետև ունենք ընդամենը հայտարարություն ու հռչակագիր այդ մասին, հարկավոր է մշակել այդ նախագիծը, ինչը լինելու է բազմաշերտ ու փաթեթային՝ ներառելով տնտեսական, հաղորդակցությունների ապաշրջափակում, ազգային անվտանգության խնդիր, ինքնիշխանության խնդիրներ, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ ու չեզոքացում, աշխարհաքաղաքական խնդիրներ: 

Հայկական կողմը պետք է մշակի նման ծրագիր, քանի դա չկա, մնացածը լոկ բառեր են, որ կարելի է օգտագործել նախընտրական գործընթացների ժամանակ, ինչն անում է օրվա իշխանւթյունը, բայց եթե մենք ուզում ենք տեսնել նախագիծ, որ կարող է Հայաստանին օգնել դուրս գալ շրջափակումից, որի մեջ ենք 1991 թվականից, դա ենթադրում է ծավալուն և մեծ աշխատանք, որը պահանջելու է ողջ հայ ազգի ներուժը: Մեծ աշխատանք կա անելու, որը ես չեմ տեսնում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am