Ջրանջատումներ լինելու են, բայց չեն լինելու այն ռեժիմներով, որոնք հայտարարեց «Վեոլիա Ջուրը». Արամազդ Ղալամքարյան

Ջրային գրաֆիկի փոփոխոթյունը մեզ հետ համաձայնեցված չի եղել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ընկերության կայացրած որոշմանը, համաձայն որի՝ Երևանի և մի քանի մարզերի որոշ հասցեներում ջրային գրաֆիկի 24-ժամյա ռեժիմը փոխվել էր:Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Ըստ Արամազդ Ղալամքարյանի՝ ՀՀ-ն ունի սահմանափակ ջրային ռեսուրսներ հատկապես ամառվա պիկ ամիսներին, և «Վեոլիա Ջուրը» չի խաբում, երբ ասում է՝ ամառվա ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չի կարողանում ապահովել: Հարցն այն է, թե այդ ջրանջատումների տևողությունն ինչպիսին պետք է լինի:

«Նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է նաև անցյալ տարվա նոյեմբերին: Այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժիոտաժ չի եղել»,- ասաց նա՝ նշելով, որ ընդամենը 3 հասցեի փոփոխություն է եղել նախորդ տարվա գրաֆիկի համեմատությամբ:

Ջրային կոմիտեի նախագահը կարծում է՝ «Վեոլիա Ջրի» հետ կապված խնդիրն այն է, որ այդ ժամանակացույցը կարելի է լավարկել: Օրինակ՝ ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ, ավելի լավ ռեժիմով ջրամատակարարումներ, այսինքն՝ լինեն ժամերի փոփոխություններ:

Միևնույն ժամանակ Արամազդ Ղալամքարյանը նկատում է՝ եթե ջուրը բավարար լիներ, «Վեոլիա Ջուրը» գրաֆիկի փոփոխություն չէր անի: Այս պահին ջրի կորուստները միջինացված 45 տոկոս են կազմում, նաև վերջին 5-6 տարիների ընթացքում ջրաղբյուրներում ջրի՝ 24 տոկոս նվազում կա: Դրան զուգահեռ՝ Երևանում տնտեսութունն աճում է, կա կառուցապատման ահռելի բարձր տեմպ, շատ մեծ թվով նոր բաժանորդներ: 6000 նոր բաժանորդ եղել է 2020 թվականին, 8700 նոր բաժանորդ՝ 2025 թվականին:

«Ի՞նչ է տեղի ունենում ամառվա ամիսներին: Դեպի Երևան մղվող ջրի խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով, դրա համար խմելու ջուրը չի բավարարում»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է ջրային գրաֆիկի փոփոխությանը, Արամազդ Ղալամքարյանը տեղեկացրեց. «Ջրանջատումներ լինելու են, բայց չեն լինելու այն ռեժիմներով, որոնք հայտարարեց «Վեոլիա Ջուրը», լինելու են ավելի լավարկված ռեժիմներով: Երկու շաբաթ ժամանակ տվեք, և մենք կասենք»:

Նա նաև տեղեկացրեց՝ որոշակի ժամերի, այնուամենայնիվ, անջատումներ կլինեն, բայց աշխատանք է կատարվում, որպեսզի անջատումները չլինեն գիշերվա 12:00-ից մինչև առավոտվա 07:00-ն, այլ լինեն, օրինակ, 02:00-05:00-ը: