Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել իշխող Քաղաքացիական պայմանագրին Fast Bank-ի կողմից ենթադրյալ ապօրինի նվիրատվություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Անցած ամիս «Խաղաղության ձայնը» անունով երաժշտական փառատոնի երկու համերգներ կազմակերպվեցին Գյումրիում և Երևանում։ Համերգի հովանավորն էր Fast Bank-ը, որի սեփականատերերն են Վահե և Վիգեն Բադալյանները, որ առավել հայտնի են «Վիվառո» բուքմեյքերական ընկերությամբ։ Վերջիններս ջերմ հարաբերություններ ունեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ 2021-ին պարզվեց, որ ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Էդուարդ Աղաջանյանը Վիգեն Բադալյանի բիզնես դասի օդանավով մեկնել էին համատեղ հանգստի հունական Միկոնոս կղզի։ Վահե Բադալյանն էլ վերջերս մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպմանը։
Ապրիլի 25-ին՝ «Քաղաքացու օրվա» կապակցությամբ անցկացված համերգը գովազդվում էր ՔՊ-ականների կողմից։ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ համերգի խորագիրը համապատասխանում էր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսին։ Երաժշտական փառատոնի Գյումրիի համերգին մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդ» անունով երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր Կառավարության ծրագրային դրույթը՝ «Իրական Հայաստան»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















