«Պահանջը ձևակերպված է՝ երիտասարդն ուզում է համակարգային փոփոխություններ: Սա է կարևորը». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

-Պարոն Բաբայան, սպասելի՞ էր, որ իշխանությունների դեմ այսքան մեծ թվով մարդիկ դուրս կգան փողոց: Իշխանության ներկայացուցիչները մշտապես պնդել են, որ մարդիկ դժգոհ չեն, փողոց դուրս չեն գա: Ընդհանարապես, տեսակետ կար, որ մարդիկ Հայաստանում պասիվ են, փողոց դուրս չեն գա, չեն ընդվզի:

-Չէ, քնած մարդ չկա Հայաստանում: Իսկ, թե ինչո՞ւ չէին սպասում, որ մարդիկ դուրս կգան փողոց, կարծում եմ՝ ռեալ պատկերը, առավել ևս երիտասարդության վերաբերյալ, չունեին: Երիտասարդության մասին կարծիքը կազմվում էր ուսանողական խոհուրդների ակտիվիստների միջոցով, որոնք իրենց ամբողջ կեցվածքով ու գործունեությամբ պարզապես կրկնում էին սովետական տարիների Կոմսոմոլը: Ինչքան Կոմսոմոլն էր այն ժամանակ արտահայտում երիտասարդության ընդհանուր կարծիքը կամ դեմքը, այքան էլ այսօրվա երիտկարիերիստներն են դա անում: Կարծում եմ՝ այսօրվա իրավիճակը միայն իշխանության մեղքը չէ, ընդհանրապես քաղաքական ուժերը շատ քիչ էին հետաքրքրվում այն երիտասարդներով: Իրենց հետաքրքրում էին միայն այն երիտասարդները, ովքեր իրենց կուսակցությունների անդամ կամ համակիրներ էին: Իսկ չիմանալ ներսից երիտասարդությունը, դա նշանակում է պարզապես չզգալ ժամանակը, որովհետև երիտասարդները ժամանակի զարկերակն են: Ես կարծում եմ՝ անկախ նրանից, թե ինչ կոչեր են այսօր հնչում հրապարակում, իրականում խորքային մի բան պետք է հասկանալ՝ երիտասարդն ուզում է համակարգային փոփոխություններ: Սա է կարևորը:

-Եվ այդ պահանջն այսօր երիտասարդության կողմից ձևակերպվա՞ծ է:

-Ես կարծում եմ՝ այո: Անկախ նրանից, որ անուններ են հնչում հրապարակում, բայց պահանջը համակարգային փոփոխությունն է: Իսկ համակարգային փոփոխությունը շատ ավելի կարևոր է: Եվ կարծում եմ, որ սրա հետ պետք է և համակերպվել, և լսել այս պահանջը, և հասկանալ, և անպայման նստել, զրուցել, որոշել երկրի այսօրվա և վաղվա օրը: Այս համակարգն իրեն չի արդարացնում: Այս համակարգի կենտրոնում մարդը չէ, երիտասարդը չէ: Մենք շատ քիչ ենք ճանաչում երիտասարդներին, իսկ նրանց ճանաչելու համար, պետք է երիտասարդների ձսյնը լսել: Եվ պետք է լսվի ոչ միայն այն ձայնը, որը քեզ հաճելի է, այլ նաև այն ձայնը, որը հաճելի չէ, որովհետև մարդիկ տարբեր կարծիք ունեն:

-Իշխանությունների այսօրվա պահվածքից ի՞նչ եք նկատում, նրանք պատրա՞ստ են նստել ու լսել երիտասարդների պահանջը:

-Ես տեղեկացվել եմ, որ եղել են երկխոսության առաջարկություններ: Բայց ես կարծում եմ, որ առաջարկությունները պետք է լինեն շատ անկեղծ և ոչ թե սեփական տեսակետը հայտնելու համար:  Երկխոսությունը ենթադրում է, բացի սեփական տեսակետն արտահայտելուց, նաև լսելու ունակություն:

-Այ դա է խնդիրը, որ կարծես իշխանություններն ընդունակ չեն լսելու: Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ բողոքը զանգվածային բնույթ չի կրում:

-Ես չեմ կարծում, որ այն իրավիճակն է, որ իշխանության մեջ չկան ադեկվատ մարդիկ: Հաստատ կան, պարզապես պետք է երևի թե գիտակցել լսելու կարևորությունը: Եկել է պահը իսկապես իրար լսելու, ինչքան էլ դա դժվար լինի: Ինչքան էլ դաժան, գուցե նաև անարդարացի բաներ ասվեն, բայց լսել պետք է: Եվ ամենակարևորն այն է, որ պետք չէ ման գալ դավադրություններ: Երբ դավադրություններ ես փնտրում, դու դրանով իսկ արհամարհում ես քո դիմացինի ինքնուրույն կարծիք կազմելու իրավունքը: Դու դրանով իսկ մերժում ես իր հասուն քաղաքացի լինելու փաստը: Այսօր 18 տարեկանները գնում ու ծառայում են բանակում, իրենց մարմնով, կյանքով պաշտպանում են երկիրը: Դա նշանակում է, որ 18 տարեկանն այն տարիքն է, երբ մադը հասունացել է, և իր բոլոր գործողություններն արդեն գիտակցված են: Ես բազմիցս ասել եմ, որ միայն ու միայն երկխոսությունն է ճանապարհը: Եթե այս պարագայում առանց երկխոսության որևէ մեկը համարի իրեն հաղթանակած, մյուսը՝ պարտված, միշտ պարտվածը կունենա ռևանշի ցանկություն: Իսկ երբ երկխոսություն է տեղի ունենում, մենք հանկարծ զգում ենք, որ մեր ընդհանուր եզրերը ավելի շատ են, քան բաժանարար գծերը: Վերջիվերջո մենք բոլորս այս երկրի քաղաքացի ենք: Նրանք, ովքեր անտարբեր են այս երկրի ճակատագրի նկատմամբ, նրանք փողոց դուրս չեն գալիս: Բայց հիքմում սա չէ, այս ամենի հիմքում երկրի և սեփական ճակատագրի մասին մտահոգությունն է, այն ճակատագրի, որը մարդիկ ուզում են կապել այս երկրի հետ: Կարծում եմ՝ սա շատ լուրջ խոսակցություն է, այստեղ պետք է շատ ուշադիր լսել դիմացինին և փորձել գտնել ընդհանուր եզրեր: Եթե մենք անկեղծ լինենք մեր այդ ցանկության մեջ, մենք կսկսենք կառուցել կամուրջներ, այլ ոչ թե այրել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am