Այստեղ էլ վարակը մեկ հոգու միջոցով տարածվեց, եւ մարդիկ շատ թեթեւ էին նայում այդ ամենին. Մերի Ղազարյանը Հռոմից՝ կոչ է անում ավելի զգոն լինել

«Տնից կարող է դուրս գալ մեկ հոգի և դրսում հսկում են: Հատուկ թուղթ կա, որը կարելի է  ներբեռնել ինտերնետից: Լրացնում է մարդը և նշում է՝ ես գնում եմ խանութ կամ դեղատուն:

Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարելի է դուրս գալ և լրացրած և ստորագրած թուղթը ներկայացնել հսկող ոստիկանին, ով ուղեցում է խանութ և ստուգում արդյոք դուք խանութ եք գնում և չեք խաբում: Կենտրոնում, առանց թույլտվության, որ մարդ են տեսնում, բռնում են կամ տուգանում»,- պատմում է Մերի Ղազարյանը, որն այժմ գտնվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ ուսման նպատակով:

Ասում է, որ այժմ տեղաշարժվել գրեթե անհնար է, բայց այդպես լավ է, քանի որ անհամեմատ նվազել են կորոնավիրուսի դեպքերը:

«Մի քանի օր առաջ ավելի հեշտ էր դուրս գալը, հիմա ավելի խստացրեցին, քանի որ մարդիկ չէին ենթարկվում և շփվում էին»:

Նշում է, որ փակ են բոլոր կրթական հաստատությունները, դասերը վերսկսել են օնլայն, աշտավայրում կան սահմանափակումներ, կարող են գնալ մի կամ մի քանի անձ:

«Ես լավ եմ, հանգիստ եմ, միակ լուծումը կարծում եմ՝ տանը մնալն է, և եթե բոլորը տանը մնան, որոշ ժամանակ անց վիրուսը երկրից կանհետանա, խանութների հետ կապված մտնում են մեկ-մեկ: Խանութների առաջ շատ մեծ հերթեր են: Հերթի մեջ պիետք է մի մետր և ավել հեռավորության վրա կանգնեն մարդիկ»,- ասում է Մերին:

Նոր տեսակի կորոնավիրուսը անցյալ տարի դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում է բռնկվել՝ աստիճանաբար տարածվելով նաև երկրի սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ի երեկոյան նոր կորոնավիրուսը հայտարարել է պանդեմիա:

Կորոնավիրուսի տարածման առումով, ըստ worldometers.info-ի, Իտալիան զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը՝ Չինաստանից հետո։ Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 21,157, որոնցից 1,441-ը՝ մահվան ելքով։ 

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 163,315 է: Վիճակագրության համաձայն՝ արձանագրվել է 6086 մահվան դեպք, առողջացել է 76,219  մարդ:

Մերին ասում է, որ Չինաստանից մեծ է օգնությունը, ուղարկել են տարբեր անհրաժեշտ պարագաներ, նույնիսկ այսօր մասնագետներ են ժամանել Չինաստանից:

Մերին Հայաստանում բնակվողներին հորդորում է շատ զգոն լինել. 

«Այստեղ էլ մարդիկ  թեթև էին նայում և պատահական մի դեպքից, մի հոգու պատճառով շատ արագ տարածվեց, և շարունակում էին մարդիկ թեթև նայել, դուրս գալ և հուսանք այս ծայրահեղ վիճակին, հուսով եմ մարդիկ կհետևեն կառավարության խորհուրդներին և ամեն ինչ լավ կլինի»,- նշում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am