Ստահոդ հայտարարություններ` հանուն ազգի փրկության. Ո՞վ է ստում, ԱԱԾ քննի՞չը, թե՞ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը

Ստահոդ հայտարարություններ` հանուն ազգի փրկության. Ո՞վ է ստում, ԱԱԾ քննի՞չը, թե՞ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը
Ստահոդ հայտարարություններ` հանուն ազգի փրկության. Ո՞վ է ստում, ԱԱԾ քննի՞չը, թե՞ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը

Չնայած Կոմիտաս վարդապետ Հովնանյանը «Առավոտ» օրաթերթին տված մեկնաբանության մեջ հերքել է, թե ինքը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի դիմումի հիման վրա պարզաբանումներ է տվել ԱԱԾ-ին, այնուամենայնիվ, ԱԱԾ`կենտրոնի տրամադրած փաստաթուղթը, որը Դանիելյանը տրամադրել է նաեւ «Մեդիալաբին» միանգամայն հակառակն է ապացուցում:

Տեղեկացնենք, որ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը փետրվարին դիմել էր  ԱԱԾ` խնդրելով ստուգել անցյալ տարի սեպտեմբերին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդած տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից հրապարակված տվյալների իսկությունը եւ դրանք չհաստատվելու դեպքում իրավական գնահատական տալ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գործողություններին, հիշատակելով ՀՀ քրեական օրեսնգրքի 226-րդ հոդվածը (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը):

Մասնավորապես, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, անցյալ տարի սեպտեմբերի 9-ին «Նոյան Տապանում» կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ուկրաինայից Հայաստան է ներթափանցել մի աղանդ, որը խրախուսում է մանկապղծությունը, այլասերություն եւ նույնասեռականություն քարոզում, նմանատիպ հայտարարություններով նա նաեւ հանդես է եկել դրան հետեւած հեռուստատեսային տարբեր հեռուստաշոուների, բանավեճերի ժամանակ` առանց որեւէ հիմնավորում եւ փաստեր ունենալու:

Ըստ ԱԱԾ համապատասխան փաստաթղթի, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը բացատրությունում նշել է, որ «Քրիստոնեական միջազգային ընտանիք» աղանդի Հայաստան ներթափանցելու մասին իմացել է «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանից, ով հայտնել է իրեն, որ Երեւանի սրճարաններից մեկում պատահաբար հանդիպել է կողքի սեղանին նստած մի խումբ երիտասարդների, ովքեր զրուցել են «Քրիստոնեական ընտանիք» աղանդի մասին, որի ժամանակ մոտեցել է նրանց եւ հետաքրքրվել այդ աղանդի ՀՀ-ում ծավալած գործունեության մասին: 

Ստորեւ հրապարակված փաստաթղթի համաձայն, «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ-ի համանախագահ` Սեւակ Անուշավանի Հովհաննիսյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2013 թվականի օգոստոսի ընթացքում Երեւանի Հանրապետության հրապարակին հարող սրճարաններից մեկում պատահաբար լսել է հարեւան սեղանի շուրջ նստած 7-8 երիտասարդների խոսակցությունը, որի թեման եղել է «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կրոնա-աղանդավորական կազմակերպությունը:

Ըստ հաղորդագրության, նշված աղանդի գործունեության եւ քարոզչության վերաբերյալ Հովհաննիսյանը պատմել է իր վաղեմի ծանոթ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանին եւ տեղեկատվություն տարածել «ֆեյսբուքյան» իր կայքէջում, որից հետո իր հետ կապվել է «Նոյան Տապան» գործակալության աշխատակիցը եւ հրավիրել ասուլիսի, որին մասնակցելու առաջարկ է կատարել նաեւ Կոմիտաս վարդապետին, ով նույնպես մտահոգված  լինելով այդ երեւույթներով եւ համացանցի միջոցով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալով աղանդի մասին, համաձայնվեց մասնակցել եւ առկա մտահոգություններով կիսվել հասարակության հետ:

«Մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց խոսքերի համար պատասխան տալու,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը,-սա առաջին դեպքն է, որ կրոնական թշնամանք տարածելու համար կանչում եւ բացատրություն են պահանջում, եւ միանշանակ դրական գնահատականի է արժանի, քանի որ նախադեպային է: Բազմաթիվ լուրեր են տարածվում, որ կրոնական հողի վրա ինքնասպանություններ են կատարվում, այլասերվածություն են տարածում առանց որեւէ փաստի, եւ այդ ամենին պետք է վերջ տալ»:

«Ես որեւէ բացատրություն էլ չեմ տվել ԱԱԾ-ում,-«Առավոտին» ասել է Հովնանյանը,- Ստեփան Դանիելյանի հայտարարության հիման վրա՝ ինձ պատասխանատվության կանչելու վերաբերյալ, թե իբր ես հակաազգային բաներ եմ հրահրում, այդպիսի դատարկ խոսակցություն: Ստեփան Դանիելյանի անպատասխանատու մոտեցման արդյունք է եղել այս ամենը»:

ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանն ամբողջությամբ`«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ  Ստեփան Դանիելյանին ներկայացնում ենք ստորեւ:

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենին ուղղված Ձեր դիմումի հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգվել են դիմումում մատնանշված փաստերն ու հանգամանքները, որի արդյունքում պարզվել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի 16.09.2014 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Ստեփան1

Վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Աղաջանյան

ՈՐՈՇՈՒՄ

«16» սեպտեմբերի 2014 թ.                                                                                                                                                       Ք. Երեւան  

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարճության պետի տեղակալ, գնդապետ Ա. Աղաջանյանս, վերանայելով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերը,

                                    ՊԱՐԶԵՑԻ`

2014թ. Սեպտեմբերի 5-ին, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ստացվել են` ՀՀ ԿԱ ԱԱԾ ՍԿՊ եւ ԱՊ գլխավոր վարչությունից ուղարկված` «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանի` ՀՀ ԱԱԾ տնօրենին 17.02.2014թ. հասցեագրված նամակի կապակցությամբ նախապատրաստված նյութերը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանելյանը 17.02.2014 թ. նամակ է հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրեին, որում հայտնելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդած տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից 09.09.2013 թ. «Նոյան Տապան» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ` վերջինս հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանի հանրապետությունում գործում են շուրջ 220 կրոնական կազմակերպություններ, որոնք արտասահմանից տարեկան ստանում են մոտավորապես կես միլիարդ դոլարի ֆինանսավորում եւ որոնց նպատակը պետության քայքայումն ու կազմալուծումն է, խնդրել է ստուգել վերոհիշյալ հրապարակված տվյալների իսկությունը եւ դրանք չհաստատվելու դեպքում իրավական գնահատական տալ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գործողություններին, հիշատակելով ՀՀ քրեական օրեսնգրքի 226-րդ հոդվածը:

Մասնավորապես` Ստեփան Դանիելյանն իր նամակում նշել է` «Վերջերս մի շարք լրատվամիջոցներ տպագրել էին 09.09.2013 թ. «Նոյան Տապան» ակումբում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդած տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից կազմակերպված ասուլիսի մանրամասները: Լրատվամիջոցների կողմից կատարված հրապարակումներից պարզվում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդած տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը մամլո ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանի հանրապետությունում գործում են շուրջ 220 կրոնական կազմակերպություններ, որոնք արտասահմանից տարեկան ստանում են մոտավորապես կես միլիարդ դոլարի ֆինանսավորում եւ որոնց նպատակը պետության քայքայումն ու կազմալուծումն է: Ըստ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի, անկախությունից հետո տարաբնույթ աղանդավորական շարժումներ են հայտնվել Հայաստանում եւ օգտվելով հայ ժողովրդի ծանր տնտեսական, սոցիալական եւ քաղաքական իրավիճակից փորձում են «փրկչի» կերպարի մեջ մտնելով, պառակտել հայ ժողովրդին:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի պնդմամբ` Հայաստան է ներմուծվել նաեւ «Քրիստոնեական միջազգային ընտանիք» անվամբ աղանդ, որի քարոզչության հիմնական ուղղությունը քրիստոնեության անվան տակ միասեռականության, արյունապղծության քարոզումն է, այսինքն, երբ քարոզվում են այդ սրբապղծությունները` մոր հարաբերությունը` տղայի հետ, հոր հարաբերությունները` աղջկա հետ, քրոջ հարաբերությունները` եղբոր հետ, նաեւ քարոզվում է մանկապղծություն (պեդոֆիլիա), խրախուսվում է նաեւ ինքնասպանությունը:

Փաստորեն, լրատվական գործակալությունների միջոցով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդած տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հրապարակել է փաստեր, որոնք պետական մարմինների քննության առարկա պետք է դարձված լինեին, մասնավորապես` Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից հրապարակված փաստերն արժանահավատ լինելու դեպքում առկա է պետական անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքներ (դրսից եկող ֆինանսավորմամբ պետության հիմքերի թուլացում եւ քայքայում), իսկ փաստերը ոչ արժանահավատ լինելու դեպքում` կարող է ի հայտ գալ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները: Հարկ է նշել նաեւ, որ լրատվական գործակալությունների միջոցով Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից իրականացված հրապարակումից հետո Երեւանի Ավետարանչական եկեղեցու հոգեւոր հովիվ Լեւոն Պարտակյանի նկատմամբ իրականցվել է բռնություն, անհայտ անձը փորձել է դանակահարել վերջինիս:

Ինչեւէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսանում նաեւ հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները, ուստի ակնկալվում է, որ վերոհիշյալ փաստերի ամսին հրապարակումները ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից անհետեւանք չեն թողնվել եւ այդ փաստերի մասով իրականացվում է քննություն:

Ելնելով, վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածներով, խնդրում եմ հայտնել.

  1. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից 09.09.2013թ. «Նոյան Տապան» ակումբում իրականացված հրապարակումների փաստերով ՀՀ Ազգային անվտանգության ծատայության կողմից քննություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից հրապարակված փաստերի իսկությունը հաստատվե՞լ գործի քննությամբ, թե`ոչ: Եթե ոչ, ապա Կոմիտաս վարդապետ Հովնանյանի արարքում արդյոք առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, թե ոչ:
  2. Եթե գործի քննությամբ պարզվել է, հրապարակված փաստերի իսկությունը, ապա խնդրում ենք հայտնել, թե որ կրոնական կազմակերպություններն են արտասահմանից ստանում տարեկան կես միլիարդ դոլարի ֆինանսավորում եւ պետության քայքայմանն ուղղված ինչ գործողություններ են կատարվել եւ ՀՀ-ում իրականում որքան կրոնական կազմակերպություններ են գործում»:

Նախապատրաստված նյութերով պարզվել է նաեւ, որ վերոհիշյալ ասուլիսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանն իրականացրել է Սեւակ Հովհաննիսյանի հետ:

Մամլո ասուլիսում հրապարակված փաստերի պարզաբանման նպատակով` բացատրություններն են վերցվել Կիրակոս Կարապետի Հովնանյանից, (նույն ինքը` Կոմիտաս վարդապետ Հովնանյան), եւ ասուլիսին մասնակցած` «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ համանախագահ Սեւակ Անուշավանի Հովհաննիսյանից:

Կ. Հովնանյանը բացատրությունում նշել է, որ «Քրիստոնեական միջազգային ընտանիք» աղանդի առանջնորդ` Դեյվիդ Բերգի, ինչպես նաեւ այլ աղանդների վերաբերյալ տեղեկություններ ստացել է համացանցի կայքէջերից: Մասնավորապես, տեղեկացվել է, որ նշված աղանդը քարոզում է մանկապղծություն, արյունապղծություն, համասեռամոլություն: «Քրիստոնեական միջազգային ընտանիք» աղանդի Հայաստան ներթափանցելու մասին իմացել է «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանից, ով հայտնել է իրեն, որ Երեւանի սրճարաններից մեկում պատահաբար հանդիպել է կողքի սեղանին նստած մի խումբ երիտասարդների, ովքեր զրուցել են «Քրիստոնեական ընտանիք» աղանդի մասին, որի ժամանակ մոտեցել է նրանց եւ հետաքրքրվել այդ աղանդի ՀՀ-ում ծավալած գործունեության մասին: Երիտասարդները, որոնցից մի քանիսն եղել են ազգությամբ ուկրաինացի եւ ներկայանալով որպես աղանդի անդամներ, հայտնել են, որ աղանդն ունի հետեւորդներ Երեւանում եւ Արտաշատում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քրիստոնեական ընտանիք» աղանդն ապաբարոյականությունից բացի, ընտանեական քայքայում եւ այլասերում է քարոզում, որպես ՀՀ քաղաքացի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավոր, իր մտահոգությունները որոշել է ներկայացնել հասարակությանը, զգուշացնելու, տեղեկացնելու եւ լուսաբանելու նպատակով, ինչն էլ իրականացրել է Սեւակ Հովհաննիսյանի հետ միասին:

Նույն լրատվական հրապարակումներից եւ համացանցում զետեղված տվյալներից տեղեկացել է, որ ՀՀ-ում գործում են 210-ից ավելի կրոնական շարժումներ, որոնց կողմից տարեկան կտրվածքով իրականացվում են տարաբնույթ հավաքներ, շինարարություններ, հրատարակչական աշխատանքներ, քարոզչության, բարեգործության, տարածքների վաձակալության գործարքներ, որոնց վրա, ըստ վերոհիշյալ տեղեկատվական աղբյուրների, ծախսվում է տարեկան շուրջ 2,0 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար, որը բազմապատկելով կրոնական կազմակերպությունների թվին, ստացել է մոտավոր այն ընդհանուր թիվը, որը նշել է ասուլիսի ժամանակ: Ներկայացված եզրահանգումները հանդիսացել են զուտ իր անձնական հաշվարկների եւ վերլուծությունների արդյունքներ, որոնք հնարավոր է նաեւ չհամապատասխանեն իրականությանը: Ուղղակի, իր համար անընդունելի է որեւէ գաղափարախոսություն, որն ուղղված է ընտանիքի, ազգային արժեքների, ՀՀ անկախության եւ պետականության քայքայմանը, ինչը գնահատում է որպես հակապետական գործունեություն, զերծ մնալով իրավական գնահատականներից:

Բացի այդ, նշելով աղանդավորական կրոնական կազմակերպությունների մասին, դրանցից առանձնացրել է` Հայ Առաքելական, Կաթոլիկ, Օրթոդոքս, Ուղղափառ եւ Ավետարանչական եկեղեցիները, համարելով դրանք որպես ավանդական եկեղեցիներ, եւ կրոնա-աղանդավորական կազմակերպությունների վերաբերյալ իր հայտարարություններն ու գնահատականները որեւէ կերպ չեն կարող անդրադառնալ Հայ Ավետարանչական եկեղեցուն եւ մասնավորապես` նրա մաս կազմող Երեւանի Ավետարանչական եկեղեցուն, ուստի որեւէ կապ իր հրապարակումների եւ Երեւանի Ավետարանչական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտակյանի դեպքի միջեւ չի տեսնում:

Մամլո ասուլիսի ժամանակ իր կողմից հնչեցրած տեսակետներում եւ կարծիքներում` Հայաստանում գործող կրոնա-աղանդավորական որեւէ կոնկրետ կազմակերպության նկատմամբ թշնամանք, ատելություն կամ արժանապատմության նվաստացում սերմանելու միտում չի ունեցել, իր հայտարարություննեը` քրիստոնեության քողի ներքո գործող զանազան շարժումներից եւ հոսանքներից հասարակությանը զերծ պահելու, զգուշացնելու եւ տեղեկացնելու բնույթ են կրել:

«Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ-ի համանախագահ` Սեւակ Անուշավանի Հովհաննիսյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2013 թվականի օգոստոսի ընթացքում Երեւանի Հանրապետության հրապարակին հարող սրճարաններից մեկում պատահաբար լսել է հարեւան սեղանի շուրջ նստած 7-8 երիտասարդների խոսակցությունը, որի թեման եղել է «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կրոնա-աղանդավորական կազմակերպությունը, որի մասին մինչ այդ չի լսել, ուստի որոշել է մոտենալ երիտասարդներին եւ հետաքրքրվել այդ աղնադի մասին: Կարճատեւ խոսակցության ընթացքում պարզել է, որ դրանցից երեքը` ազգությամբ ուկրաինացի են, որոնցից Տատյանա անունով մոտ 30 տարեկան կինը համառոտ տեղեկացրել է, որ նշված աղանդի անդամներն են, ցանկություն ունեն աղանդի մասնաճյուղ հիմնել Հայաստանում եւ հենց այդ նպատակով էլ ժամանել են Երեւան: Կազմակերպության ղեկավարի, անդամների եւ հնարավոր հավաքատեղիների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իր փորձերն ապարդյուն են եղել, քանի որ Տատյանան հրաժարվել է պատասխանել այդ հարցերին, փոխարենը` վերցրել է իր բջջային հեռախոսահամարը եւ խոստացել է զանգահարել, սակայն դրանից հետո ոչ մի զանգ չի եղել:

Այդ հանդիպումից հետո համացանցում  որոնել եւ որոշակի տեղեկատվություն է գտել աղանդի եւ դրա հիմնադիր` Դեյվիդ Բերգի եւ նրա հետեւորդների վերաբերյալ, ըստ որի` վերջիններս քարոզում են մանկապղծություն, ինցեստ, եւ համասեռամոլություն: Նշված աղանդի գործունեության եւ քարոզչության վերաբերյալ պատմել է իր վաղեմի ծանոթ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանին եւ տեղեկատվություն տարածել «ֆեյսբուքյան» իր կայքէջում, որից հետո իր հետ կապվել է «Նոյան Տապան» գործակալության աշխատակիցը եւ հրավիրել ասուլիսի, որին մասնակցելու առաջարկ է կատարել նաեւ Կոմիտաս վարդապետին, ով նույնպես մտահոգված  լինելով այդ երեւույթներով եւ համացանցի միջոցով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալով աղանդի մասին, համաձայնվեց մասնակցել եւ առկա մտահոգություններով կիսվել հասարակության հետ:

Թե վերոհիշյալ ասուլիսի ընթացքում Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հնչեցրած հայտարարությունները կարո՞ղ են արդյոք հարուցել կրոնական, ազգային կամ ռասսայական թշնամանք, ինչպես նաեւ վերը նշված հայտարարությունները ուղղվա՞ծ են արդյոք ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվության նվաստացմանը, հարցերը պարզաբանելու նպատակով` նյութերով նշանակվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյութր» ՊՈԱԿ փորձագետների կողմից կատարվել է դատահոգեբանալինալինգվիստիկական  համալիր փորձաքննություն, որի 29.07.2014 թ. թիվ 14-1231 եզրակացության համաձայն`

«…Ակնհայտ է դառնում, որ մամլո ասուլիսի նպատակը տեղեկատվական է` ներկայացնել «Քրիստոնեական միջազգային ընտանիք» աղանդը, որն ունի տարբեր անվանումներ` «Աստծո երեխաներ», «Ընտանիք» եւ այլն: Կոմիտաս վարդապետ Հովնանյանը համառոտ ներկայացնում է աղանդի հիմնական ուղղության, քարոզչության բովանդակությունը` նշելով, որ քրիստոնեության անվան տակ պրոպագանդվում է ինցեստը, միասեռականությունը: Այնուհետեւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը եւ Ս. Հովհաննիսյանը պատասխանում են լրագրողների հարցերին: Հարցերին պատասխանելիս օրինակների ձեւով անդրադարձ է կատարվում նաեւ այլ աղանդների գործունեությանը եւ նշվում է, որ այդ տեղեկատվության նպատակն է հասարակությանը զգուշացնել զերծ մնալու ոչ քրիստոնեական քարոզներից: Կոմիտաս վարդապետ Հովնանյանը անդրադառնում է նաեւ այսօր Հայաստանում գործող կրոնական, աղանդավորական կազմակերպությունների քանակին, նշում է, որ դրանց թիվը հասնում է երկու հարյուր քսանի, դրանցից առանձնացնում է Հայ Առաքելական Եկեղեցին, Կաթոլիկ, Օրթոդոքս, Ուղղափառ, եւ Հայ Ավետարանչական եկեղեցիները, մնացածին նշելով, որպես աղանդավորական շարժումներ:

….Անդրադառնալով մամլո ասուլիսի բովանդակությանը` պիտի նշել, որ այն առավելապես տեղեկատվական բնույթ ունի: Փորձաքննության ներկայացված նյութերի եւ համացանցի որոշակի կայքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն տեղեկությունները, որոնք հրապարակվում են մամլո ասուլիսի ժամանակ առկա են նաեւ նշված կայքերում եւ ներկայացված նյութի մեջ: «Քրիստոնեական միջազգային ընտանիք» եւ այլ աղանդների վերաբերյալ տեղեկատվությունը եւ դրանց սկզբունքների մասին վերլուծությունը մամլո ասուլիսի ժամանակ կատարվում է Հայ Առաքելական Եկեղեցու եւ ազգային սկզբունքների տեսանկյունից: Ինչը հաշվի է առնվել վերը նշված վերլուծության ընթացքում: Հարկ է նշել, որ ըստ տեսաձայնագրության վերլուծության` Կոմիտաս վարդապետ Հովնանյանը խոսում է ոգեւորված տոնով, ընգծելով իր մտահոգությունը այդպիսի իրողությունների տարածման վերաբերյալ , որոնք հարիր չեն հայ ազգային, կրոնական արժեքներին, առավելապես նշվում են, որ «կարեւոր երեւույթի բացահայտումն է», ինչը եւս փաստում է, որ մամլո ասուլիսն իր բովանդակությամբ տեղեկատվական է, զգուշացնող, հասցեատերը հասարակությունն է, իսկ հարցով մտահոգվածությունը արտահատյվում է նաեւ խոսքի հնչերանգում:

Մամլո ասուլիսի ընթացքում նշված հայտարարությունների ընդհանուր բովանդակության լեզվաոճական, լեզվաբանահոգեբանական վերլուծությունից ելնելով` պիտի փաստել, որ դրանցում առկա չեն այնպիսի բառեր, բառակապակցություններ, նախադասություններ, որոնք կհարուցեն կրոնական, ազգային կամ ռասայական թշնամանք, ինչպես նաեւ ուղղված չեն որեւէ ազգի արժանապատվության նվաստացմանը կամ ռասայական գերազանցությանը»:

Նախապատրաստված նյութերում առկա տվյալների, Կ. Հովնանյանից եւ Ս. Հովհաննսիյանից ստացված բացատրությունների, մամլո ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների եւ փորձագետի եզրակացության վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ նշված ասուլիսի ժամանակ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից հնչեցրած հայտարարություններն ունեցել են «Քրիստոնեական միջազգային ընտանիք» աղանդի գոյության եւ վերջինիս կողմից մանկապղծություն, արյունապղծություն եւ միասեամոլություն քարոզելու վերաբերյալ տեղեկատվական բնույթ, ինչպես նաեւ` հանդիսացել են հայ ժողովրդի ազգային եւ կրոնական արժեքների քայքայմանն ուղղված աղանդների գործունեությամբ եւ այդ արժեքների պահպանությամբ մտահոգված` Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի, ՀՀ քաղաքացու կողմից` քրիստոնեական քողի ներքո իրականացվող անբարոյական քարոզներից զերծ մնալու համար հազարակությանը զգուշացնելու եւ մտահոգությամբ կիսվելու փորձ:

Ինչ վերաբերում է Ստեփան Դանիելյանի կողմից նամակում մատնանշված` լրատվական գործակալությունների կողմից Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից իրականացված հրապարակումից անմիջապես հետո Երեւանի Ավետարանչական եկեղեցու հոգեւոր հովիվ Լեւոն Պարտակյանի նկատմամբ իրականացված բռնության հանգամանքին, ապա վերոհիշյալ հայտարարություններում Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, անդրադառնալով Հայաստանում գործող կորանական կազմակերպություններին , դրանցից առանձնացրել է` Հայ Առաքելական Եկեղեցին, Կաթոլիկ, Օրթոդոքս, Ուղղափառ, եւ Հայ Ավետարանչական եկեղեցիները, որպես ավանդական եկեղեցիներ, մանցածին համարելով աղանդավորական շարժումներ, ուստի նշված փաստից կարելի է հետեւություն անել, որ որուէ պատճառական կամ հետեւանքային կապ` վերոհիշյալ հարպարակումների եւ Երեւանի Ավետարանչական եկեղեցու հոգեւոր հովիվ Լեւոն Պարտակյանի նկատմամբ իրականացված բռնության միջեւ չի կարող լինել:

Այսպիսով, Կիրակոս Կարապետի Հովնանյանի (Կոմիտաս վարդապետ Հովնանյանի) արարքում բացակայում են  ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով`

                                          ՈՐՈՇԵՑԻ`

  1. Կիրակոս Կարապետի Հովնանյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի մասին հայտնել նրան:
  2. Որոշման օրինակն ուղարկել քննության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազին:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Աղաջանյան

Լուսանկարը`www.hayagitaran.info 

Մարի Ներսեսյան

© Medialab.am