«Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների սրման պայմաններում չպետք է ակնկալել, թե ռուս զբոսաշրջիկների բում կլինի Հայաստանում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը:
«Ռուսական շուկան միշտ էլ հիմնական է համարվում մեզ համար, բայց ասել, թե Վրաստանի հետ ծագած խնդիրները Ռուսաստանից լուրջ հոսքեր կապահովեն դեպի Հայաստան, ես, անկեղծ ասած, մի քիչ թերահավատ եմ այդ մասով: Ինչո՞ւ, որովհետև այն զբոսաշրջային պրոդուկտը, որը Վրաստանը կարող է առաջարկել, մենք չենք կարող: Այսինքն՝ մեզ մոտ ծովային հանգիստ չկա, իսկ Վրաստան հիմնականում գնում էին այն ռուս զբոսաշրջիկները, որոնք չէին կարող իրենց թույլ տալ հանգստանալ Շրի Լանկայում կամ Միջերկրական ծովի հանգստավայրերում»,- «Մեդիալաբին» ասում է Յաշա Սոլոմոնյանը:
Նշենք, որ Վրաստանի հետ հարաբերությունների սրման հետևանքով հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան օդային փոխադրումները դադարելու են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ: Որպես տարանցիկ երկիր այս պայմաններում դիտարկվում է նաև Հայաստանը: ՀՀ Կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ ավիաընկերությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում որպես տարանցիկ երկիր Ռուսաստանից ու Վրաստանից հոսքերն ընդունելու ուղղությամբ: Մասնագետները ստեղծված իրավիճակում նաև դեպի Հայաստան ռուս զբոսաշրջիկների աճ են կանխատեսում:
Յաշա Սոլոմոնյանը նույնպես ասում է, որ որոշակի աճ հնարավոր է, բայց չպետք է մեծ հոսքեր ակնկալել. «Դեպի Վրաստան ամրագրումների 50 տոկոսը ռուսներն արդեն չեղյալ են հայտարարել: Բայց ասել, թե այդ 50 տոկոս ամրագրումները չեղարկածները կգան Հայաստան, այդտեղ ես վստահ չեմ: Այսինքն՝ չպետք է սպասել, որ բում է լինելու մեզ մոտ: Այստեղ դեր ունի նաև այն հանգամանքը, որ Վրաստան գնացող ռուս զբոսաշրջիկների 60 տոկոսից ավելին մեքենաներով էր գնում: Այսինքն՝ այստեղ խնդիրն այն է, որ Ռուսաստանը օդային ուղին է փակել, իսկ ռուս զբոսաշրջիկների 40 տոկոսն էր միայն օգտվում օդային ուղիներից»:
Մասնագետի խոսքով՝ ռուսական ավիաընկերությունները դեպի Հայաստան միշտ ավելի էժան չվերթեր են առաջարկել, քան դեպի Վրաստան, բայց անգամ այդ պարագայում նախորդ տարի 1.6 մլն զբոսաշրջիկ Վրաստան գնացել է միայն Ռուսաստանից: Այսինքն՝ ըստ Սոլոմոնյանի, նմանօրինակ նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել: «Ասել, թե օդային ճանապարհը փակեցին, ռուսները կգան մեզ մոտ, այդպես չէ: Նրանք մեզ մոտ գալու շանս միշտ ունեցել են, անգամ ավելի էժան տարբերակով, բայց չեն եկել»,- նշեց նա:
Այս տարվա առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 5,2 տոկոսով: Յաշա Սոլոմոնյանի խոսքով՝ այս աճի վրա նախ բավական լուրջ ազդեցություն է ունեցել նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: «Դրան գումարվում է նաև մասնավոր հատվածի կատարած աշխատանքը: Հիմնականում դա է նպաստում աճին՝ փառատոներ, գովազդներ և այլն: Մարկետինգային արշավների արդյունքում գրանցում ենք տուրիզմի աճ»,- նկատեց նա:
Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում ռուսաստանցիներն են, իրանցիները, հաջորդում են Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ժամանող զբոսաշրջիկները: Այս երկրներից աճը նաև պայմանավորված է սփյուռքահայերի այցելություններով:
Յաշա Սոլոմոնյանի խոսքով՝ վերջին շրջանում զբոսաշրջիկների առումով Հայաստանի համար դինամիկ աճող շուկա են համարվում Հնդկաստանը, Չինաստանն ու Ֆիլիպինները: Այս երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճում է 100 և ավելի տոկոսով:
«Աճը այն բանի հաշվին է, որ մի կողմից նրանք հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից՝ կատարվող մարկետինգային արշավներն ունեն իրենց դերը: Աճին նպաստում է նաև Չինաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը»,- նշեց նա:
Զբոսաշրջությանը խոչընդոտող հանգամանք, ըստ մասնագետի, շարունակում են մնալ Հայաստանի վատ ենթակառուցվածքները:
«Այս տարի բավական լուրջ ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել, նախորդ տարիների համեմատ իրավիճակը բարվոք է, բայց միևնույն է, շատ անելիքներ կան: Այսօր տուրիստական երթուղիները մեծ մասամբ հասանելի են ու անցանելի, բայց դա սպասելիքների 20 տոկոսն է: Բնականաբար, մեզ ավելի որակյալ ենթակառուցվածքներ են պետք»,- կարևորեց նա:
Լուսանկարը` Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան էջից։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am