Հռոմի պապ Լևոն XIV-ը իր առաջին սոցիալական էնցիկլիկայում՝ «Magnifica Humanitas»-ում, զգուշացրել է արհեստական բանականության արագ զարգացման հնարավոր վտանգների մասին՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական առաջընթացը պետք է ծառայի մարդուն, ոչ թե վերածվի իշխանության և վերահսկողության գործիքի։ Էնցիկլիկան ստորագրվել է մայիսի 15-ին և պաշտոնապես ներկայացվել մայիսի 25-ին։
«Արհեստական բանականությունը պետք է զինաթափվի», – հայտարարել է Լևոն XIV-ը փաստաթղթի ներկայացման ժամանակ։ Նրա խոսքով՝ ձևակերպումը միտումնավոր է ընտրված, քանի որ ներկա իրավիճակը պահանջում է բառեր, որոնք կարող են «արթնացնել խիղճը և ցույց տալ մարդկության առաջընթացի ճանապարհը»։ Պապը պարզաբանել է, որ «զինաթափել» AI-ն չի նշանակում հրաժարվել տեխնոլոգիայից։ «Զինաթափել չի նշանակում մերժել տեխնոլոգիան, այլ թույլ չտալ, որ այն իշխի մարդկության վրա», – ասվում է էնցիկլիկայում։
Նրա համոզմամբ՝ AI-ն պետք է ազատվի ռազմական, տնտեսական և տեղեկատվական մրցակցության այն տրամաբանությունից, որը կարող է այն դարձնել գերիշխանության գործիք։ Լևոն XIV-ը հատուկ ուշադրություն է հրավիրել ինքնավար զենքերի և ալգորիթմների կիրառման վրա։ Նա նշել է, որ իրեն հասել են մտահոգիչ տեղեկություններ այնպիսի համակարգերի մասին, որոնք կարող են մարդկանց զրկել առողջապահությունից, աշխատանքից կամ անվտանգությունից՝ կողմնակալ և անարդար տվյալների հիման վրա։ Էնցիկլիկայում շեշտվում է նաև, որ արհեստական բանականությունը չի կարելի նույնացնել մարդկային բանականության հետ։
AI համակարգերը կարող են մարդուն գերազանցել արագությամբ և հաշվարկային հնարավորություններով, սակայն չեն ապրում մարդկային փորձառություն, չեն զգում ցավ կամ ուրախություն և չեն հասկանում սերն ու պատասխանատվությունը մարդկային իմաստով։
Պապը նաև պնդում է, որ մարդկանց կյանքի վրա ազդող կարևոր որոշումները՝ աշխատանքի, վարկերի, պետական ծառայությունների կամ հեղինակության վերաբերյալ, չպետք է ամբողջությամբ փոխանցվեն ավտոմատացված համակարգերին։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական զարգացումը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ, թափանցիկությամբ, անկախ վերահսկողությամբ և հստակ իրավական կանոններով։



















