Միջազգային մեխանիզմներով երկխոսությունը վերջին կռվանն է, որ մնացել է Արցախի հարցում. չի կարելի անընդհատ հետնահանջ անել. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմում անընդհատ խոսում են Արցախում անցկացվելիք «հատուկ օպերացիաներից», վերջին շրջանում ամեն օր խախտում են հրադադարը, քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ կրակել են նաև Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Ի՞նչ է ենթադրում այդ «հատուկ օպերացիան», Ադրբեջանն ինչի՞ է ուզում հասնել Արցախում այս քայլերով։

– Իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանի նպատակն է փորձել զինաթափել Արցախի պաշտպանության բանակն ու հասնել Արցախում պետական կառույցների վերացմանը՝ դրանով իսկ փակել Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության թեման։ 

Ադրբեջանն իր բազմաթիվ խնդիրների լուծմանը կարողացել է հասնել հայկական կողմի ոչ հետևողական քայլերի, նաև զսպման մեխանիզմների բացակայության արդյունքում: Լեռնային Ղարաբաղի հարցով մնացել է կոնկրետ մի խնդիր՝ միջազգային մեխանիզմներով երկխոսության հարցն է, որը Բաքուն փորձում է չեղարկել: Բնականաբար, նա պատրաստ չէ միջազգայինների հետ երկխոսությանը, որ ինքն այդ երկխոսությունը չի ուզում կամ այդ հարցն ուղղակի դուրս բերել օրակարգից, դրա համար կրկին փորձում է գետնի վրա փոխել իրողությունն ու այդ միջոցով հասնել այդ օրակարգի չեղարկմանը։ 

Եթե Ադրբեջանն Արցախում կարողանա հասնել պետական կառույցների վերացմանը, հանգիստ կարող է ասել, որ խնդիր չունի այնտեղ որևէ մեկի հետ երկխոսություն ծավալելու։ Այս առումով մինչև բրյուսելյան հանդիպումը ու դրանից հետոն աչքի է ընկնելու լարվածությամբ, հայկական երկու կողմն էլ պետք է բավարար զգոնություն դրսևորեն, որովհետև հասկանալի է, որ Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի խորանում է։

– Այդ համատեքստո՞ւմ է պետք դիտարկել նաև այն, որ հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել էր Արցախ գազի մատակարարումը, սակայն հուլիսի 9-ին կեսօրին ադրբեջանական կողմը կրկին լրիվ անջատել է այն: 

– Դա ևս հոգեբանական տեռորի մեկ ձև է, որովհետև, եթե ուշադիր լինեք՝ դրան նախորդող շրջանում ադրբեջանական մեդիատիրույթում հրապարակումներ եղան, հատկապես որ Արայիկ Հարությունյանը նամակ էր ուղարկել Պուտինին, հետո տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը: 

Դա բավականին անհանգստացրել էր ադրբեջանական կողմին, որ, հնարավոր է՝ ռուսական կողմն ինչ-որ գործողությունների գնա կամ կանխարգելիչ քայլեր անի: Ադրբեջանի իշխանամերձ կայքերն իրենց հոդվածներում նշել էին, որ ԼՂ-ի հայերը պետք է հասկանան, որ կա՛մ ուղիղ խոսում են Բաքվի հետ, կա՛մ տանուլ են տալու, եթե փորձեն խոսել ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի միջնորդությամբ։ 

Կարծում եմ՝ նպատակը դա էր, թե տեսեք՝ դուք կարող եք գազ ունենալ, բայց քանի որ ձեզ խելոք չեք պահում, ուստի այդ հնարավորությունները ձեզ համար սպառվելու են։ Մարիա Զախարովայի հայտարարությունից անմիջապես հետո, որ պետք է Լաչինի միջանցքը բացվի, Ադրբեջանի արտգործնախարարն անմիջապես պատասխանել էր, նշելով, որ իրենք չեն առաջնորդվում այլ երկրների կոչերով, այլ առաջնորդվում են իրենց պետական շահերով և ունեն միջազգային իրավունքի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները։ 

Սա էլ էր լրացուցիչ ապտակ, թե տեսեք՝ մեզ վրա ոչ ոք չի կարող ազդել: Սա նշանակում է նաև, որ այդ ճնշումը գալիս է միգուցե և՛ Մոսկվայից, և՛ Վաշինգտոնից, տարբեր պատճառներով, այնուամենայնիվ, որոշակի ճնշում կա, որ նրանք այդքան ագրեսիվ են պատասխանում ու պահում իրենց։

– Բայց այդ ճնշումներն էական արդյունք կտա՞ն, տիկի՛ն Հայրապետյան։

– Ամբողջ խնդիրը բանակցությունների ընթացքում Հայաստանի ղեկավարության անհետևողականությունն է, վերջին երեք տարվա մեջ նրանք Արցախի հարցում ամբողջությամբ երեք-չորս դիրքորոշում են փոխել։ 

Նույնը միջազգային հանրության պարագայում է, մեկ-երկու կոչը, որոշումը բավարար չեն, դրանք պետք է հետևողականորեն ասվեն, որ Ադրբեջանն այլևս դրանք անտեսելու հնարավորություն չունենա: 

Ցավոք, նաև աշխարհաքաղաքական իրավիճակն է բարդ, որովհետև կոչ անողները շատ հաճախ նաև հակամարտում են իրար դեմ, ու կարևոր է, որ մենք կարողանանք այդ հակամարտության հետևանքով հայտնվել ոչ թե ավելի վատ վիճակում, այլ այս ամբողջն օգտագործել մեր օգտին, որովհետև ամեն մեկն իր շահերն ունի։ 

– Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի, և որ «Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»։ Որքանո՞վ եք իրատեսական համարում այդ երկխոսության մեկնարկը։

– Անկեղծ ասած, ինձ համար շատ մտահոգիչ է, որ վերջին շրջանում հայկական կողմը խոսում է այն մասին, որ այդ հարցը կարող է տեղ չգտնել խաղաղության պայմանագրում, կամ դա տեխնիկական հարց է: Սա իրոք մտահոգիչ է, որովհետև դա վերջին կռվանն է, որ մնացել է Արցախի հիմնահարցում, այսինքն՝ եթե մենք միջազգային մեխանիզմներով երկխոսության թեման էլ առհասարակ փակենք, ապա խնդիրն ամբողջությամբ մնալու է Ադրբեջանի դաշտում, ու պարզ է, թե Ադրբեջանն ինչ գործողություններ է ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում։ 

Հայկական կողմը պետք է վերջապես հասկանա, որ չի կարելի անընդհատ հետնահանջ անել։ Առանց այն էլ բավական վտանգավոր զիջումներ ենք արել Ադրբեջանին, ու ես չգիտեմ, թե անգամ բանակցողի փոփոխության պարագայում որքան բարդ է լինելու փոխել այս ընթացքը, որովհետև Ադրբեջանը մաքսիմալ օգուտ է քաղել այդ զիջումներից։ 

Ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպմանը, ապա որքանով ես եմ հասկացել, Ադրբեջանի համար ամենահարմարը հենց այս հարթակն է, որովհետև այնտեղից ճնշումները շատ թույլ են: Նույն Տոյվո Կլաարը երեկ մի գրառում արեց, որը բուռն արձագանք ստացավ Թվիթերում, ու քննադատություններից հետո փոխեց իր բառամթերքը: Նման պաշտոնյայի համար այնքան էլ հասկանալի չէ, նա պետք է տիրապետի խնդրի վերաբերյալ բոլոր նրբություններին և ոչ թե գրառում անի, ողջունելով Ադրբեջանին, ինչ է թե նա գազամատակարարումը վերականգնել է։ 

Անհեթեթություն է, երբ Ադրբեջանը փակել է բոլոր հնարավորություններն Արցախի համար, ու երբ մի քանի ժամով գազամատակարարում է վերականգնում, բոլորը դա ողջունում են, դա նորմալ չէ։ 

– Էական ակնկալիքներ ունե՞ք բրյուսելյան հանդիպումից։

– Անկեղծ ասած՝ չունեմ, միայն հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը նոր հետքայլեր չի անի այս բանակցային գործընթացում, ուրիշ ակնկալիք չեմ կարող ունենալ, թեև այս հարցում էլ վստահ չեմ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am