«Ցցուն ու ակնհայտ կսմիթներ` Սերժ Սարգսյանին». Ըստ վերլուծաբանների, Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ

«Ցցուն ու ակնհայտ կսմիթներ` Սերժ Սարգսյանին». Ըստ վերլուծաբանների, Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ
«Ցցուն ու ակնհայտ կսմիթներ` Սերժ Սարգսյանին». Ըստ վերլուծաբանների, Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերժողական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում խոսում է այն մասին, որ նա կրկին ուզում է վերադառնալ նախագահի պաշտոնին: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին «Մեդիալաբին» ասում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը::

Նրա խոսքով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, որը այսպես ասած բուֆերի դեր էր կատարում քոչարյանական շրջանակներից իշխանությանն ուղղված քննադատության ժամանակ, քննադատության սլաքներն ուղղվեցին Սերժ Սարգսյանին:

«Բուֆերը վերացավ եւ ընդամենը մի քանի օր հետո  Քոչարյանն ու նրա թիմն արտահայտում են այն, ինչ իրենք ուզում էին անել»,-ասում է Աաղասի Ենոքյանը:

Հիշեցնենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն երեկ իր ոչ պաշտոնական www.2nd.am  կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ինչպես սահմանադրական բարեփոխումների խնդրին, այնպես էլ գնահատականներ տվել գործող իշխանություններին:

«Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին երկրորդ նախագահը խոսեց ոչ թե ոպես նախկին պաշտոնյա, այլ որպես գործող քաղաքական գործիչ: Այստեղ հիմնական մեսիջն այն էր, որ ես կամ, ես ունեմ դիրքեր եւ այդ դիրքերից կարող եմ ձեզ վրա ուղղել իմ քննադատության հրետանին»,-«Մեդիալաբին» ասում է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի»  փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Վերլուծաբանը համակարծիք է Աղասի Ենոքյանի հետ՝ Տիգրան Սարգսյանը միջանկյալ օղակի դեր էր կատարում:

«Այժմ նա չկա մենք տեսանք եւ  բավականին ցցուն ու ակնհայտ կսմիթներ ուղղված Սերժ Սարգսյանի անձին , որոնք ուղեկցվեցին գովասանքի խոսքերով առ Հովիկ Աբրահամյան: Սա մեսիջ էր քաղաքական դաշտի այն ակտիվ սուբյեկտներին, որոնք այսօր կապվում են Քոչարյանի անվան հետ »,-նկատում է Ռուբեն Մեհրաբյանը:

Վերլուծաբանի խոսքով, սա ուրվագծում է այն, որ Հովիկ Աբրահամյանն այնքան էլ Սերժ Սարգսյանի վարչապետը չէ, այլ ինչ-որ առումով կոմպրոմիսային վարչապետ է ներիշխանական կոնկուրենտ խմբավորումների միջեւ:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀ 13-րդ վաչապետի պաշտոնում, առաջադրեց այնուհետ նշանակեց  նշանակեց Հովիկ Աբրահամյանին:

Հովիկ Աբրահամյանի վարչապետությունն ու սահմանադրական բարեփոխումներն ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի,  Սերժ Սարգսյանը ներկայացրեց մեկ  փաթեթով:

«Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալու պայմանը սահմանադրական բարեփոխումներն ընդունելն էր: Հիմա փաստորեն, Քոչարյանը երբ հասել է առաջինին այսինքն, Հովիկ Աբրահամյանի վարչապետությանը, կարող է երկրորդը մերժել» ,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

 Սահմանադրական բարեփոխումների, նրա խոսքով, հավասարակշռության եւ հակակշռման մեխանիզմների ստեղծումն է, որովհետեւ այսօր Սահմանադրությամբ Հայաստանի նախագահին բացարձակ լիազորություններ ունի:  

«Իմաստն այն է, որ այդ լիազորությունները սահմանափակվեն: Խոսքը նրա մասին է, որ ապագայում ով էլ լինի  Հայաստանի նախագահ, ունենա ավելի սահամանփակ լիազորություններ, այսինքն չանի այն, ինչ ցանկանում է, այլ անի  այն ինչ քաղաքական ուժերի կոնսենսուսով է որոշվում»,-նշում է Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած Սահմանադրական փոփոխությունների մասնագիտացված հանձնաժողովն արդեն հրապարակել է բարեփոխումների հայեցակարգը, որը Հայաստանի պետական կառավարման  ոլորտում համակարգային փոփոխություններ է առաջարկում՝  վարչապետ նշանակելու լիզորությունը վերապահելով խորհրդարանին եւ նվազեցնելով երկրի նախագահի լիազորությունները: 1995թ. ընդունված ՀՀ Սահմանադրությունը հանրաքվեով փոփոխվել է 2005թ-ին:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները նման են Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք ընտրությունից ընտրություն կատարվում են, բայց ընտրությունների որակում ոչինչ չի փոխվում:

«Այսինքն, եթե մեզ մոտ անարգված ու ոտնահարված է  Սահմանադրությունը, ապա ինչ տարբերություն, թե ինչպիսի Սահմանադրություն է ոտնահարվում: Ի վերջո մեզ մոտ ըստ էության գործում է ոչ թե նախագահական կամ կիսանախագահական այլ կոռումպացված ու օլիգարխիկ համակարգ, որտեղ գործում են չգրված օրենքները»,-նկատում է Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ այդ համակարգը հինադրվեց երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ ծաղկեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում:

Էմմա Քալաշյան

© Medialab.am