«Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը»․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հնչեցրած հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ վերջին երկու տարում ավելի շատ նորարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում։ «Բոլորի գիտեն դրա մասին»,-նշել է Հովհաննիսյանը:

«2018, 2019, 2020 թվականների ընթացքում նորարարական ավելի շատ զենք է մտել հայկական բանակ, քան վերջին տասը տարիների ընթացքում։ Այդ մասին բոլորը գիտեն՝ ՏՕՌ-երը, ՍՈւ-30-երը, ՀՕՊ սպառազինության համար չլսված, չգնահատված ԻԳԼԱ-S-երը, Վերբաները։ Մեծաքանակ», -ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ինքը այս հարցը չէր ցանկանա, որ տարվեր քաղաքական դաշտ։

https://www.facebook.com/ArmPublicTV/videos/779153386265239/?v=779153386265239

Սերժ Սարգսյանը արձագանքել է Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը.

«Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք:

Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք»,- 168 Hours-ի հաղորդմամբ պատասխանել են Սերժ Սարգսյանի գրասենյակից: