«ԱԻՆ-ը սուտ տեղեկություն էր տարածում, թե վիճակը վերահսկվում է». ականատեսները՝ Խոսրովի արգելոցի հրդեհի մարման աշխատանքների մասին

«ԱԻՆ-ը սուտ տեղեկություն էր տարածում, թե վիճակը վերահսկվում է». ականատեսները՝ Խոսրովի արգելոցի հրդեհի մարման աշխատանքների մասին
«ԱԻՆ-ը սուտ տեղեկություն էր տարածում, թե վիճակը վերահսկվում է». ականատեսները՝ Խոսրովի արգելոցի հրդեհի մարման աշխատանքների մասին

«Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Անի Խաչատրյանը, ով օգոստոսի 14-ին ճակատի 5-հոգանոց խմբով եղել է մի քանի օր շարունակ այրվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց, որ արգելոցին հսկայական վնաս հասցրած հրդեհը բացահայտեց այն խայտառակ անկազմակերպ իրավիճակը, որ տիրում է ոլորտում: Բնապահպանը միջնադարյան ու անկազմակերպ է անվանում արգելոցի հրդեհը մարելու ուղղությամբ ԱԻՆ-ի մեթոդները:

«ԱԻՆ-ը սուտ տեղեկություն էր տարածում, թե վիճակը վերահսկվում է: Մենք գնացինք ու տեղում տեսանք, որ վիճակը ո´չ վերահսկվում էր, ո´չ էլ իրենք պատկերացում ունեին վիճակի մասին»,-ասում է Խաչատրյանը:

Նա նշում է, որ ԱԻՆ-ը ոչ թե գործ չէր անում տարածքում, այլ շատ անկազմակերպ էր նախարարի ու մնացած ղեկավարների մակարդակով:

«Դու տեսնում էիր, որ էնտեղ չկար համակարգող, որ խմբերի հետ աշխատի, 10 հոգանոց փոքր խմբեր էին, ու նրանց հետ ոչ ոք չէր աշխատում, մարդիկ պատրաստված չէին, հենց ԱԻՆ-ի աշխատողներից շատերը չգիտեին՝ ինչ ու ոնց պետք է անեին: Մարդկանց առանց տեխնիկայի գցել էին կրակի առաջ՝ թե ոնց ուզում եք, կրակի հախից եկեք»,-նշում է նա:

Բնապահպանը նշում է, որ ջուրը շատ արագ սպառվում էր: Նույնիսկ խմելու ջուր չէր հասնում: Մարդիկ հոգնում էին, ջրազրկվում,  շոգից վատանում:

«Ջուր բերելու ռեսուրս չկար, իսկ իրենց ղեկավարներից բազայում քնած էին, երբ մենք իջանք,-պատմեց բնապահպանը, շարունակելով,- սկզբում ուղղաթիռով էին ջուր տանում, հետո ասացին՝ ուղղաթիռը շոգի ժամանակ չի կարողանում թռչել, քանի որ շատ հին է: Ասել է թե՝ պետությունը չունի՞ նորմալ ուղղաթիռ, որ կարողանա դրանով գոնե մոտիկ վայրեր ջուր հասցնել: Մենք ունեինք թաց շորեր ու ջրի պուլվերիզատորներ (հեղուկացիրներ), որն ընդամենը նման էր գդալով օվկիանոսը դատարկելուն: Մարդկային ռեսուրսը բավարար չէր, իսկ տեխնիկական ռեսուրս ընդհանրապես չկար»:

Նշենք, որ հուլիսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում մոլեգնած ու «Խոսրովի արգելոցում» շարունակված հրդեհը հսկայական վնաս է հասցրել բնությանը: Այն հաջողվեց մարել հրդեհի 4-րդ օրը միայն` Ռուսաստանից հրավիրած ինքնաթիռի ու տեղացած անձրևից հետո:

Անգամ այսօր առավոտյան ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ «Խոսրովի անտառ» արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ: Ռուսական հրշեջ ինքնաթիռը՝ «Իլ-76»-ը, այսօր ևս 2 թռիչք է իրականացրել: Բացի այդ, Բնապահպանական ճակատը հայտնում է, որ այսօր առավոտյան ուժեղ անձրև է տեղացել Խոսրովի արգելոցում: Իսկ Արտավան գյուղի հրդեհը մարվել է: Այրվել է շուրջ 15,6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ:

Անտառների ճակատագրով մտահոգ քաղաքացի Արեն Մանուկյանը, ով նույնպես մասնակցել է հրդեհը մարելու գործին, իր ֆեյսբուքյան էջում «մղձավանջ» է անվանել այն, ինչ կատարվում էր այրվող արգելոցում:

«Մոտ 10 հազար հեկտար անտառ լրիվ վառվել ա ու դեռ շարունակում ա վառվել, հարյուր հազարավոր ծառեր՝ մինչև 400-500 տարեկան։ Մյուս կողմից` ահավոր էին կատարվող աշխատանքները. ոչ մի գրամ կազմակերպվածություն, լրիվ բարդակ։ Հիմնական վառվող հատվածները Ուրցաձորի մասն էր ու դեպի հյուսիս՝ Գառնի չհասած։ Ընդհանուր մոտ 100 կմ կրակի գիծ էր։ Ու էդ ամբողջ տարածքը մարելու ու հրդեհի զարգացումը կասեցնելու համար կային մոտ 50 ԱԻՆ-ի աշխատողներ ու 120 հոգի 18 տարեկան զինվորներ։ Ոչ մի տեխնիկա, ընդամենը մի անգամ ուղղաթիռով 500 լիտր ջուր են բերել, մեկ էլ մի հատ բեռնատար էր աշխատում, որ 2-3 ժամը մեկ կարում էր մի 300-400 լիտր ջուր հասցնի։ Մի 50 հատ ուսին գցելու 25 լիտրանոց пульверизатор էին տվել, որոնցով պետք ա էդ հսկայական հրդեհի դեմն առնեինք։ Ջուր չկար, տեխնիկա չկար, մարդ չկար։ … Ու էդ ամբողջ ընթացքում նախարարներ, գեներալներ ու եսիմինչեր կրակի գծից մի 8 կմ հեռու շտաբ էին սարքել, ռենջերների շորերով ու դեմքի արտահայտությամբ մամուլի առաջ ցույց էին տալիս, որ գործ են անում։ Ու ամեն անգամ, որ կապվում էինք էդ շտաբի հետ, որ ահավոր վիճակ ա, մարդ, ջուր ուղարկեք, մենակ ասում էին՝ հա´, ու ոչ մի բան չէին անում»։

«Խոսրովի անտառ» արգելոցում եղած Անի Խաչատրյանն ասում է, որ ջուրը չէր բավականացնում հրդեհը մարելուն, քանի որ չկային բավարար թվով մեքենաներ, որոնք ջուրը կհասցնեին բազայից մինչև գոնե հնարավորինս մոտիկ տարածություն:

«Եղած մի քանի մեքենաները չէին հասցնում և´ մարդկանց տեղափոխել, և´ ջուրը տեղափոխել: Լավ, մեր երկրում մի 50 մեքենա չկա՞ր, որ ջուր հասցներ: Օլիգարխներից յուրաքանչյուրի ավտոտնակում երևի մոտ էդքան մեքենա կա: Մեքենաները կարող էին ահագին օգուտ տալ, որ հրդեհն էդչափ չտարածվեր, բայց չկային: Իրականում ջուր տեղափոխելու համար զինվորներին էին օգտագործում: 18-20 տարեկան երեխեքը իրենց ուսերին 30 լիտրանոց ջրի կանտեյներներ ոտքով բարձրացնում էին մի քանի կիլոմետր, ինչը ոչ միայն քիչ էր, այլև դանդաղ»:

Բնապահպանները մի քանի կիլոմետր վառված տարածքների միջով էին անցել՝ հրդեհի այրվող կետեր հասնելու համար:

«Թե որքան է իրական այրված տարածքը և վնասը` չեմ կարող ասել, պետք է մասնագետները գնահատեն, թե այս պահին ինչ է պետք անել Խոստովի անտառի համար: Սա պետք է գոնե դաս լինի, որ ինչ-որ չափով պատրաստված լինեն հետագա հնարավոր հրդեհների համար, ու այսքան հսկայական վնասներ չունենանք»,- «Մեդիալաբին» ասում է Անի Խաչատրյանը: 

Մարինե Խառատյան

MediaLab.am