«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող միակ ջերմոցային տնտեսությունն է։
Նախարարին ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր տնկարաններից այս պահին տասնյակ հազարավոր տնկիներ տեղափոխվում են մարզպետարաններ և «Հայանտառ»-ի մարզային անտառտնտեսությունների տնկարկներ։
Նախարարը շրջել է տարածքում, հետևել տնկանյութի բաշխման գործընթացին։
Թեև նախապես հայտարարված էր համապետական ծառատունկին 300․000 ծառ տնկելու մասին, բայց պետական գերատեսչությունների և հասարակական տարբեր նախաձեռնությունների կողմից մասնակցության աննախադեպ ակտիվություն է դրսևորվել, ուստի տնկիների թիվը արդեն այսօրվա դրությամբ կանցնի 360․000-ը։
Այս փուլում նախապատրաստական աշխատանքները գրեթե 90 տոկոսով ավարտված են։
Նախարար Պետրոսյանը ևս մեկ անգամ հորդորել է պատասխանատուներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել՝ կառավարելու և կանխելու հնարավոր լոգիստիկ խնդիրները։
«Իր մասշտաբներով աննախադեպ այս ծառատունկը պետք է հավուր պատշաճի իրականացնել»,-նշել է նախարարը։