Գիտնականները Ծիր Կաթինի եզրերի մոլորակային միգամածություններում օրգանական մոլեկուլներ են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները Ծիր Կաթին գալակտիկայի հեռավոր ծայրամասերում գտնվող մոլորակային միգամածություններում հայտնաբերել են օրգանական մոլեկուլներ:

Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Ամերիկյան աստղագիտական հանրության 238-րդ հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մինչ այդ կարծիք կար, որ Գալակտիկայի այդ հատվածները չափազանց սառն են, որպեսզի այդտեղ հնարավոր լինեն քիմիական պրոցեսներ:

Ըստ առկա գնահատականների՝ մոլորակային միգամածություններն ապահովում են միջաստղային միջավայրի նյութերի մինչև 90 տոկոսը, և միայն 10 տոկոսն են տալիս գերնոր աստղերը:

Նախկինում ենթադրվում էր, որ մոլորակային միգամածությունները բաղկացած են առանձին ատոմներից, սակայն հիմա հայտնի է, որ դրանք նաև աղբյուր են նոր աստղերը և մոլորակները կազմող մոլեկուլների համար: