Մինչ մենք կխոսենք փակված հատվածը շրջանցող այլընտրանքային ճանապարհների մասին, թշնամին կստանա պատրվակ փակված ճանապարհը չբացելու համար․ քաղաքագետ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես է բանակցում թուրքը։

Երբ թշնամին մոտեցավ և տեղակայեց իր զորքը Սյունիքում Սև լճի մոտ և այլ տարածքներում, սկսվեցին բանակցություններ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձևաչափով։ Իհարկե, այդ բանակցություններն ապարդյուն էին, քանի որ թշնամին հետ չքաշվեց։

Հիմա նա առաջ է բերել իր զորքը և փակել է Հայաստանի զարկերակներից մեկը` Երևան-Մեղրի-Իրան մայրուղին Սյունիքի հատվածում։ Եվ ի՞նչ հետևություն` թուրքը “բանակցում է” այնքան, մինչև հնարավոր դառնա իր զորքն առաջ տանել և բանակցությունը սկսել նոր կետից, իսկ նախկին կետի շուրջ բանակցությունն արդեն կորցնում է իր արդիականությունը։

Ցավո՛ք, այսպես է եղել նաև Առաջին Հանրապետության շրջանում։ Թուրքական բանակցային մարտավարության մասին համապատասխան մարմինները, գոնե, պետք է տեղյակ լինեին։

Իսկ մինչ մենք կխոսենք փակված հատվածը շրջանցող այլընտրանքային ճանապարհների մասին, թշնամին կստանա պատրվակ փակված ճանապարհը չբացելու, բանակցությունները ձգձգելու և հնարավորության դեպքում այդ բանակցությունները նոր կետ տեղափոխելու համար»։