Լարված վիճակ է, ամեն վայրկյան դիմացդ թշնամի է, ո՛նց կլինենք, մարդկանց տրամադրությունը չե՞ք պատկերացնում. Արտյոմ Երանոսյան

Գեղարքունիքում սահմանի երկայնքով թշնամու կողմից կուտակումների մասին լուրերը Վերին Շորժայի ղեկավարը համարում է չափազանց պատասխանատու հայտարարություն ու զարմանք արտահայտում, թե «էդ ո՞վ է տեսնում»։

«Ո՞վ է տեսնում՝ էդ չեմ հասկանում։ Դա պատասխանատու հայտարարություն է, ռազվեդչիկները պետք է ուսումնասիրեն, իրենք իմանան՝ ո՛նց է, ի՛նչ է։ Որտեղի՞ց են իմանում, ես էլ էի դիրքեր բարձրացել, որ ինչ-որ բաներ տեսնեի, ճանապարհին ենք հենց հիմա, մեքենաս փչացավ դիրքերից իջնելիս»,- «Մեդիալաբին» ասում է Վերին Շորժայի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ահազանգեր է ստացել՝ Գեղարքունիքում, Տավուշում և Արցախի ամբողջ երկայնքով թշնամին զինտեխնիկա է կուտակել։ 

Երանոսյանը, որը մեր զանգից րոպեներ առաջ էր եղել դիրքերում, հրաժարվեց, իր խոսքով՝ նման պատասխանատու հայտարարություն անելուց․ 

«Ի՞նչ իմանամ, հո ամեն օր հաշվառում չե՞նք անում դրանց։ Գարուն է բացվում, ճանապարհ են բացում, ձնհալ է, այս պահին սա կարող եմ ասել»,- ասաց Վերին Շորժայի ղեկավարը։

Վերին Շորժա բնակավայրը տեղակայված է Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։ Պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած գյուղում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում է 110 մարդ: Գյուղը Վարդենիս քաղաքից հեռու է 18 կմ, իսկ մարզկենտրոնից 92 կմ հեռավորության վրա է գտնվում: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ:

Գյուղապետն ասում է՝ գարնանային աշխատանքների մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև, բնակավայրում դեռ ձյուն է։ Իսկ թե ի՞նչ տրամադրություններ ունեն բնակիչները, Երանոսյանը ասում է․ 

«Մարդկանց տրամադրությունը չե՞ք պատկերացնում, միշտ էլ լարված վիճակ է, ուշադիր վիճակ է, ամեն վայրկյան դիմացդ թշնամի է, ո՛նց կլինենք»։ 

Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները վերջին անգամ կրակել են հինգ օր առաջ՝ մարտի 13-ին, դրանից հետո կրակոցներ չեն եղել, բայց դա չի նշանակում, թե չեն էլ լինելու։

«Կրակոցներ չեն եղել այդ օրվանից հետո, բայց ոչ մի լավ բան չենք կարող սպասել, անորոշ վիճակ է, ամեն պահի կարող է ինչ-որ բան տեղի ունենալ»,- ասում է Արտյոմ Երանոսյանը։

Թեև խոսվում է ադրբեջանցիների հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, բայց Երանոսյանն անձամբ չի պատկերացնում ադրբեջանցիների հետ խաղաղության կնքման գործընթացը․ 

«Էս վերջե՞րս չէր, որ Արցախում ոստիկաններին սպանեցին, խաղաղությունն էդպե՞ս է լինում, ես չեմ պատկերացնում»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am