Արտգործնախարարությունը դեռևս որոշում չունի Անթալիայի ֆորումին մասնակցելու վերաբերյալ

RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan and Federal Minister for Europe, Integration and Foreign Affairs of the Republic of Austria Alexander Schallenberg gave a joint press conference at the RA MFA

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս որոշում չունի Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Նախարարն ամեն դեպքում ընդգծել է, որ Անթալիայի ֆորումը երկկողմ ձևաչափի միջոցառում չէ և պետք չէ այն դիտարկել հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների համատեքստում:

«Այո՛, ես և Ռուբեն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը: Ի դեպ, միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է: Բայց կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և պետք չէ դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել: Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ՝ դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի այդ միջոցառումը», – մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 20-ին հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022 թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Պաշտոնական Երևանը, սակայն, դեռևս չի հաստատել իր մասնակցությունը համաժողովին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից: