ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ երկու երկրները Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն են ձեռք բերել:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով՝ կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են, որ ԱՄՆ-ն կնպաստի քրդական միավորումների դուրսբերմանը: «Թուրքիան կդադարեցնի կրակը, որպեսզի YPG-ի ուժերին հնարավորություն տա 120 ժամվա ընթացքում դուրս գալ անվտանգության գոտուց: YPG-ի ուժերի դուրսբերումից հետո բոլոր ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն»,- ասել է Փենսը: Սահմանազատման գոտին, որտեղից դուրս կբերվեն քրդական կազմավորումները, կանցնի Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից 30 կմ դեպի հարավ:
Վաշինգտոնը, ըստ աղբյուրի, քրդական կազմավորումներից երաշխիքներ է ստացել, որ կազմակերպված կհեռանան Թուրքիայի հետ սահմանից: ԱՄՆ փոխնախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիս-արևելքում, այլ կսահմանափակվի դիվանագիտությամբ: Փենսը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ: Նա հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է չեղարկել Անկարայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ Սիրիայում Թուրքիայի կողմից կրակի դադարեցմանը զուգընթաց:
Աղբյուրը՝ Factor.am