Ռուսաստանը հրաժարվում է իր խոստումներից. ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը

Ռուսաստանը հրաժարվում է իր խոստումներից. ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը
Ռուսաստանը հրաժարվում է իր խոստումներից. ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը

Հայաստանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանից կախված  չեն: «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչեցված մտահոգությունը այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, հենց սրա արտահայտությունն էր եւ ուղղված էր նրանց, ովքեր, այսքան ժամանակ խաբում էին Հայաստանին: 

Աղասի Ենոքյանը   «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստանի ռուսահպատակ իշխանությունն այդ մասին խոսեց այս փուլում, որովհետեւ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում իր խոստացածն անել, այսինքն, ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի  անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսում Clarin թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն,  առաջին անգամ մտահոգություն էր հայտնել որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին:

«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին», – ասել էր Սերժ Սարգսյանը։

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ   Ռուբեն Մեհրաբյանը այս հարցազրույցում առանցքային է համարում Սերժ Սարգսյանի մյուս հայտարարությունը, այն մասին, որ նա հավատում է, որ եթե գործը հասնի  դաշնակցային պարտականություններ կատարելու անհրաժեշտությանը, Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին, ինչը սակայն, ըստ քաղաքագետի դժվար թե տեղի ունենա: 

«Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք իբրեւ թե դրված էին անվտանգության գաղափարի վրա, դեֆորմացիայի են ենթարկվել եւ Ռուսաստանն անվտանգության երաշխիքից վերածվել է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար թիվ մեկ սպառնալիքի»,-ասում է Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի ու Արեւմուտքի մերձեցումը առաջիկայի կարեւոր օրակարգային խնդիր պետք է լինի նաեւ անվտանգության ոլորտում:

Ըստ քաղաքագետի,  Հայաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները: 

«Հաշվի  առնելով այն տնտեսական պատժամիջոները, որոնք սպառնում են Ռուսաստանին, այսօր արդեն Հայաստանի տնտեսական հարաբերություններն են դառնում ոչ լեգիտիմ»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյան:

Աղասի Ենոքյանն էլ  մտահոգություն է հայտնում, որ Արեւմուտքի սանկցիաները հնարավոր է ազդեն Ռուսաստանից Հայաստան գազամատակարարման վրա:

«Այսօր արդեն սանկցիաներ են կիրառել «Գազպրոմ բանկի» նկատմամբ, եթե վաղը սանկցիաներ կիրառվեն  «Գազպրոմի» նկատմամբ ու Վրաստանն էլ լինելով խիստ պրոեվրոպական, արգելի «Գազպրոմի» գազի տրանզիտն իր տարածքով,  Հայաստանը, որը մշակած չունի ալտերնատիվ քաղաքականություն, լրջագույն խնդրի առաջ է կանգնելու»,-ասում է նա:

Ստեղծված  իրավիճակում գնալ Մաքսային Միություն, վերլուծաբանների կարծիքով կնշանակի ուղղակի թշնամանալ աշխարհի հետ, հետեւաբար, Հայաստանը պետք է ժամանակ չկորցնի եւ արագ ամենալայն օրակարգով կոնսուլտացիաներ  սկսի արեւմտյան բոլոր ինստիտուտների հետ բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունն ու անվտանգությունը:

Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունները, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, պետք է վերանայվեն՝ նաեւ հաշվի առնելով ուկրաինական երկնքում ռուսական տեռորը:

Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալայզիական «Բոինգ 777» քաղաքացիական օդանավի կործանման մեջ, որին զոհ գնաց երեք հարյուր մարդ, Արեւմուտքն ու Ուկրաինան մեղադրում են Ռուսաստանից զենք ստացող գրոհայիններին: Այս ֆոնին Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները ժամ առ ժամ ավելի են սրվում: Արեւմուտքն արդեն խոսում է տնտեսական պատժամիջոցների մասին:

«Պարտադիր  չէ, որ Հայաստանն իր գլխին կրի այն, ինչ Ռուսաստանը եւ նրա ղեկավարությունը բերում են իրենց երկրի գլխին: Եթե  ոչ բանականությունը, ապա ինքնապահպանման բնազդը պետք է թելադրի, որ Հայաստանը վերանայի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Լինել իզգոյ երկրի վասալ,  ամենաստորին կարգավիճակն է, որը կարող է  լինել »,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Չնայած ստեղծված  իրավիճակին ու առկա վտանգներին,  Աղասի Ենոքյանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունների օրակարգում դեպի ԵՄ ճանապարհը հստակ դրված չէ:

«Թեեւ Եվրամիությունը մշակել է մի քանի տարբերակներ, որոնց շնորհիվ որոշակի  զարգացումներ են հնարավոր, բայց Հայաստանը այդ ճանապարհը չի բռնել եւ ավելի շատ սպասում է, թե ինչ կլինի Եվրասիական Միության ու Ռուսաստանի հետ»,-«Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը՝ հավելելով, որ  Հայաստանը իրականում լուրջ խնդիր ունի՝ ռուսական ռազմական բազան սեփական տարածքում, որը ցանկացած պահի կարող է դեստաբիլիզացնել իրավիճակը Հայաստանում եւ  Ռուսաստանն այդ շանտաժի գործիքը կիրառելու հնարավորություն ունի:

Ըստ նրա  Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Միությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առկախված վիճակում պահելով փորձում է Ադրբեջանին շահագրգռել, մյուս կողմից, ըստ վերլուծաբանի, Հայաստանի անդամակցությամբ առանձնապես ոգեւորված չեն  Բելառուսն ու Ղազախստանը:

«Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ դժբախտ վիճակում է հայտնվել Հայաստանը, պետք է տեսնել, որ Բելառուսի նման իզգոյ երկիրը մեր ճակատագիրն է որոշում, Բելառուսի նման իզգոյ երկիրը կարող է Հայաստանին ոչ ասել, իսկ պատճառն այն է, որ Հայասանն այսօր այնքան ռուսական է, որ նրանց համար ակնհայտ է, երբ մենք մտնենք ԵՏՄ Ռուսաստանն ունենալու է երկու ձայն»,-նկատում է Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ձգձգվում է: Հայաստանի իշխանությունները  Եւրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը ակնկալում էին ստորագրել դեռեւս հուլիսի 3-ին։ Ավելի ուշ համաձայնագրի ստորագրման ժամկետ  նշվեց հուլիսի 30-ը, այժմ` հոկտեմբերը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am