Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ բնակավայրերի զարգացման կոնկրետ ռազմավարության անհրաժեշտություն է տեսնում

Կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզպետարանին՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող լարված դրությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ հաշվարկների արդյունքում պարզել են, որ շուրջ 150 մլն դրամի վնաս է հասցվել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին։

«Եվ առաջարկվում է հրատապության կարգով 25 մլն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին և գույքագրման ու գնահատման աշխատանքային խմբի վեր հանած արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել արագ վերականգնել հասցված վնասը։ Աառաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել աշխատանքը շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա, մինչև վերջնական գնահատման ավարտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս փուլում մենք ուղղակի նախնական արագ գումար ենք հատկացնում, որպեսզի աշխատանքներն սկսեն՝ հետագա ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար»։ Վարչապետն ասաց, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկում են ունեցել և եկել այն համոզման, որ սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնել։ «Եվ այդ փոփոխությունը, եթե մատչելի լեզվով ներկայացնենք, հետևյալն է՝ ընդհանուր առմամբ կարող էր տպավորություն ստեղծվել, որ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը, միևնույն է, գտնվում են գնդակոծման տակ։ Եվ միևնույն է, այնտեղ տեղի ունեցող վերկանագնման աշխատանքներն արվում էին մի փոքր այս տրամաբանությամբ։ Մենք պետք է այս տրամաբանությունը փոխենք, և սահմանապահ գյուղերը ոչ միայն պետք է ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ բնակավայրերի զարգացման կոնկրետ ռազմավարություն։ Մենք պետք է արձանագրենք, որ սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից ՀՀ-ն սկսվում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։