Ամանորը՝ տնից հեռու կամ ավանդականից՝ էկզոտիկա. որ ուղղություններն են ամենապահանջվածը, որտեղ են նախընտրում նշել տոները հայաստանցիները

Չնայած գների բարձրացմանը՝ արտերկրում Ամանորը ավանդական նոր տարվա պատրաստություններից նախընտրողների թիվը չի նվազել: Թեև COVID-19-ի հետևանքով դեռևս որոշ ուղղություններով փակ են սահմանները, և կիրառվում խիստ սահմանափակումներ, այնուամենայնիվ, անցյալ տարվա լոքդաունից հետո այս տարի արտագնա տուրիզմը տոնական օրերին ակտիվացել է: 

«Հիմնական ուղղությունները, որ առաջարկում ենք, Եգիպտոսն է, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալդիվները, Շրի Լանկան և Իրանի տարբերակն է։ Շատ հարցումներ ունենք Եգիպտոս ու Արաբական Էմիրություններ, որովհետև համաճարակի հետ կապված առավել քիչ են նախապայմանները, և գնային առումով էլ առավել մատչելի ուղղություններ են»,- «Մեդիալաբին» ասում են ONE WAY tour տուրիստական գործակալության արտագնա տուրերի բաժնից։

Նախորդ տարվա համեմատ արձանագրված գնային բարձրացումը կազմակերպությունը բնական է համարում՝ նախ՝ որովհետև մեկ տարվա ընդմիջումից հետո ոլորտը սկսել է ակտիվանալ, երկրորդը՝ Ամանորի նախաշեմին միշտ էլ գները բարձրանում են։ Նույն միտումները կան նաեւ ներգնա տուրիզմի ոլորտում:

«Անցյալ տարվա համեմատ ավելի թանկ են և՛ ավիատոմսերը, և՛ հյուրանոցների սպասարկումւ․ Եգիպտոս գնալու ամանորյա փաթեթի մինիմալ շեմը սկսվում է 600-700 դոլարից, իսկ Արաբական էմիրություններինը 1200 դոլարից է սկսվում։ Հստակ արժեք ասել կդժվարանամ, որովհետև այն կապված է նաև օրերի թվից և հյուրանոցից»,- նշում են գործակալությունից: 

«Ստույգ թվեր չասեմ, բայց բավականին թանկացել է, օրինակ՝ եթե մինչև Նոր տարի 2000 դոլարին համարժեք դրամով կարելի էր չորս հոգանոց ընտանիքով գնալ Եգիպտոս, ապա հիմա՝ 3000 դոլարի կարգի կլինի։ Դեպի Դուբայ ուղղությունը շատ ավելի թանկ է՝ մոտ 50%-ով թանկացել է»,- «Մեդիալաբին» ասում է «Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը։

Չնայած գնային բարձր քաղաքականությանը, այնուամենայնիվ, Բլեյանի խոսքով՝ վճարունակ խավը պատրաստ է այդքան վճարելու և իրենց հանգիստը Հայաստանից դուրս անցկացնելու։

Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների խոսքով՝ Եգիպտոսն ու Դուբայը նախընտրելի են նաև այն պատճառով, որ այս երկրներում համավարակով պայմանավորված պահանջներն ավելի մեղմ են։

«Եվրոպական երկրները շատ ավելի պասիվ են, քանի որ այդ երկրների մեծ մասը պատվաստումը հավաստող փաստաթուղթ է պահանջում, այսինքն՝ միայն պատվաստված լինելու դեպքում կարող ես մեկնել, բացի այդ՝ թղթաբանության հարցերն են երկար ժամանակ պահանջում, վիզայի տրամադրման խնդիր կա»,- «Մեդիալաբին» ասում է Globus tours տուրիստական գործակալության մենեջեր Ռոզա Գրիգորյանը։

Տուր օպերատորները պնդում են՝ բացի «ավանդական» դարձած ուղղություններից, վերջին տարիներին մեծ հետաքրքրություն կա նաև նոր բացահայտվող էկզոտիկ երկրների հանդեպ, որոնցից ամենապահանջվածը, օրինակ՝ Զանզիբարն ու Մալդիվներն են։

«Էկզոտիկ երկրներից այս պահին առաջարկում ենք Շրի Լանկայի տարբերակը, Թաիլանդը նոր է սկսում շրջանառվել, նոր ուղղություն է, հետաքրքրվողներ կան, բայց գնացողներ չկան դեռ։ Եթե Մալդիվները որպես էկզոտիկ ուղղություն կարող ենք դիտարկել՝ դա էլ։ Շրի Լանկան ամանորին միշտ էլ թանկ է՝ 8-9 օրվա համար պետք է վճարել մոտավորապես 1000 դոլարից սկսած, իսկ ամանորին արժեքն արդեն սկսվում է 4-5 հազար դոլարից․ մեկ անձի համար՝ երկտեղանի համարով»,- ասում են ONE WAY tour տուրիստական գործակալությունից։

Globus tours տուրիստական գործակալությունը ևս իր հաճախորդներին էկզոտիկ երկրներ է առաջարկում՝ հանգիստն անցկացնելու համար։

«Առաջարկում ենք Զանզիբար, Մալդիվներ։ Սրանք ընտանեկան հանգստի համար այդքան էլ հարմար չեն, որովհետև թռիչքները շատ երկար են, իսկ երեխաների հետ այդքան էլ հարմար չէ։ Այս ուղղությունների համար միայն ինքնաթիռի տոմսի արժեքը սկսվում է 1500 դոլարից։ Հարցումները շատ են հիմնականում Զանզիբարի մասով»,- ասում է գործակալության մենեջեր Ռոզա Գրիգորյանը։

Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ Հայաստանի և ոչ միայն համար, շարունակում են փակ մնալ Բալին, Ինդոնեզիան ու Ավստրիան, իսկ եվրոպական երկրներից շատերն արդեն բաց են, բայց վիզայի խնդիր կա, օրինակ՝ ԱՄՆ-ն բաց է բոլորի համար, բայց վիզա չի տրամադրում ցանկացողներին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am