Ալիկ Խառատյանի համար խնդիրները միշտ եղել են լուծելի իր անկոտրում կամքի և ուսման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ, սակայն արդեն երկար տարիներ է՝ նա չի կարողանում աշխատանք գտնել:
Ալիկ Խառատյանը կույր է: Նա կուրացել է 8 տարեկանում` արկի պայթյունի հետեւանքով:
ԵՊՀ-ի՝ Իջևանի մասնաճյուղի պատմության և իրավունքի հիմունքներ բաժինը գերազանց ավարտած Խառատյանի համար ամենակարևոր նպատակն այժմ աշխատանք գտնել է, որի համար ինչպես ինքն է նշում, շատ դեպքերում խոչընդոտ է հանդիսանում հասարակության կանխակալ վերաբերմունքը:
Ալիկ Խառատյանը ծնվել է Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում; Սակայն, տեսողությունը կորցնելուց հետո կրթությունը ստիպված է եղել Երևանի տեսողության խանգարումներ ունեցող անձանց թիվ 14 հատուկ դպրոցում: Բարձր առաջադիմությամբ դպրոցն ավարտելուց հետո չնայած բազում բարդություններին, Խառատյանը որոշել է շարունակել կրթությունը եւ առաջ գնալ:
«Ես գիտակցում էի, որ իմ տեսողության խնդիրը ուսման ընթացքում բազմաթիվ խոչընդոտների առջև է կանգեցնելու ինձ, բայց ուսում ստանալու մեծ ձգտումն ինձ առաջ էր տանում: Համալսարանում սովորելիս մեծ եղբայրս էր ինձ ուղեկցում, իսկ դասախոսությունները լսարանում ձայնագրում էի, հետո բերում էի տանը նորից լսում ու սովորում: Ոչ թե շատ էին խնդիրները, այլ ամեն ինչն էր խնդիր: Պետության կողմից աուդիոգրքեր չկային, որ տրամադրվեին տեսողական խնդիրներ ունեցողներին: Բայց ես սկզբից էլ գիտեի, որ բոլոր խնդիրները ինքնուրույն պետք է հաղթահարեմ, ու որոշեցի ձայնագրելու տարբերակով սովորել»,-«Մեդիալաբին» պատմում է 30-ամյա Ալիկ Խառատյանը:
Քանի որ դպրոցից նա տիրապետում էր համակարգչային խոսող ծրագրերի, բուհն ավարտելուց հետո ինքնուս սովորում է աուդիոմոնտաժային ծրագրեր:
Ալիկի նպատակն է դառնում ստեղծել աուդիոգրքեր ձայնագրելու ծրագիր, որպեսզի տեսողության խնդիր ունեցող մարդիկ ստանան լավ կրթություն, իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին և ինտեգրված լինեն հասարակության մեջ: Եվ այս տարի նա կյանքի է կոչում իր երազանքը և հրապարակում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի աուդիո տարբերակը՝ հաղթող ճանաչվելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած «Տեղական իրավապաշտպանության խթանում» երկօրյա դասընթացից հետո հատկացվող փոքր դրամաշնորհային մրցույթում:
«Այդ աուդիոգրքերից հետո մի քանի պատվեր ունեցա, բայց իմ ունեցած տեխնիկան այդքան էլ հզոր չէ և չեմ կարողանում մեծ պատվերներ ընդունել կամ բարձր որակով ձայնագրել: Իսկ եթե աշխատանք ունենայի, կկարողանայի ինձ համար համապատասխան տեխնիկա գնել ու տնից աշխատել, ինչն անհեմամատ մեծ հնարավորություններ կստեղծեր: Աշխատանքի համար շատ տեղեր եմ դիմել. Արտակարգ իրավիճակների նախարարությունը մի ժամանակ հայտարարություն էր տարածել, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունում է աշխատանքի՝ որպես օպերատոր: Ես ուզում էի դիմել, բայց երբ իմացան կույր եմ, հրաժարվեցին, ասելով, որ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձիք կարող են դիմել»,-ասում է Խառատյանը, ով առաջին կարգի հաշմանդամություն ունի և պետությունից ստանում է 19 հազար դրամ թոշակ:
Ներկայումս նա կամավորական սկզբունքով աշխատում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղում հաշմանադմաություն ունեցող անձնաց շահերի պաշտպանության խմբում:
«Երեք տարով ծրագիր է, որով փորձում ենք հաշմանադամություն ունեցող անձանց ապահովել աշխատանքով, բայց ծրագիրն անարդյունավետ է, քանի որ այս երկու տարվա մեջ երևի մեկ հոգի է աշխատանքի տեղավորվել: Հիմնականում գործատուները հրաժարվում են հաշմանադմություն ունեցող անձանց աշխատանքի ընդունել, զարմանում են, ասում են, բայց ինչպե՞ս կարող են աշխատել: Ընդհանրապես չես պատկերացնում»,-բացատրում է Ալիկ Խառատյանը:
Նա նշում է, որ այս ամենը կրկնակի հիասթափություն է առաջացնում հաշմանդամություն ունեցող անձանց մոտ, և նրանք հրաժարվում են նույնիսկ աշխատանքի դիմել:
«Մասնագիտական կրթություն ունենալը ոչ մի կապ չունի, որովհետև մեր խմբում կան բարձրագույն կրթություն ստացած մի քանի երիտասարդներ, ովքեր նույնպես կույր են, բայց չեն կարողանում իրենց համար անհրաժեշտ զբաղվածություն ապահովել»,-հավելում է նա:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2013-ի պաշտոնական տվյալների` Հայաստանում այսօր կա տեսողության խնդիր ունեցող շուրջ 13 հազար մարդ: Նրանցից 1797-ը համարվում է առաջին խմբիի, իսկ 3731-ը երկրորդ խմբի հաշմանդամ, այսինքն, կամ ընհանրապես կույր են,կամ շատ նվազ են տեսնում:
Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանն ասում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային զբաղվածությամբ ապահովելը մի քանի խնդիրների հետ է կապված:
«Մեկը կապված է հենց հասարակության կարծատիպերի հետ: Բոլորը ունեն այդ կարծատիպերը թե հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամները, թե անգամ հաշմանդամություն ունեցող անձիք: Հասարակությունը սովոր է հաշմանադմություն ունեցող մարդուն դիտարկել որպես օգնության կարիք ունեցող, որին թոշակ է պետք և բուժում: Բայց այն մոտեցումը, որ մարդը կարող է աշխատել և պետք է հնարավորություններ ստեղծվեն նրա համար, ցավոք, շատ քիչ են»,-ասում է Բաթոյանը:
Թեև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անում են հնարավորը՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու համար, միևնույն է հասարակության խտրական վերաբերմունքի պատճառով մարդիկ չեն կարողանում շահույթ ապահովել:
Մարտունու՝ հագուստի արտադրությամբ և գունավոր տպագրությամբ զբաղվող «ԻՂՁ» սոցիալական ձեռնարկության արտադրամասում աշխատում է հաշմանդամություն ունեցող 10 անձ:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «ԻՂՁ» սոցիալական ձեռնարկությունը հիմնել է 2014 թ. օգոստոսին: Մինչ աշխատանքի անցնելը աշխատակիցները ստացել են համապատասխան կրթություն և մասնագիտական վերապատրաստում:
«Այժմ ձեռնարկությունն աշխատում է ոչ ամբողջ կարողությամբ, քանի որ պատվերներ գրեթե չեն լինում: Չնայած արտադրանքն իր որակով չի զիջում շուկայի մրցակիցներին, գինն էլ մատչելի է, մարդիկ հրաժարվում են գնել այն պատճառով, որ արտադրողները հաշմանդամություն ունեցող անձինք են: Ստիպված մեր առաքիչները չեն ասում, թե ովքեր են արտադրել»,-ասում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը և ընդգծում, որ այս պայմաններում բարդանում է աշխատավարձի, հետեւաբար նաեւ աշխատեղը պահելու հարցը:
Արտադրամասում արդեն մեկ տարի աշխատող 53-ամյա Գայանե Եղոյանը ունի խրոնիիկ բրոնխիտ, բայց սիրով ու մեծ ուրախությամբ է ամեն օր գնում աշխատանքի:
«Ես կար եմ անում, հիմնականում անդրավարտիքներ, գիշերանոցներ և վարտիքներ ենք կարում, բայց շատ դժվար է սպառվում: Մարդիկ կան, որ իմանում են Մարտինում է արտադրվում, չեն վստահում, մտածում են վատ որակի է: Մարդ էլ կա, որ իմանում է հաշմանդամություն ունեցող անձիք են աշխատում, մտածում են ուրեմն լավ չեն կարում, անորակ ապրանք է: Բայց մենք բոլորս վերապատարաստված, որակով ախատողներ ենք, իսկ հագուստներն էլ մաքուր բամբակից են»,-նշում է «Մեդիալաբին» ասում է Գայանե Եղոյանը:
Ասեղնագործությամբ զբաղվող Սուսաննա Հարությունյանը կարծում է, որ պետությունը պետք է աջակցի հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքի սպառմանը, քանի որ առանց իրացման հնարավոր չէ նման ձեռնարկությունները պահել:
Գեւորգյանն էլ նշում է, որ. «պետությունը կարող է արտադրանքը խթանել՝ օրինակ տպագրության պատվերներ տալով նման ձեռնարկությունների»:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Լիզա Ղիասյանը հակադարձում է և ասում, որ պետությունը որեւէ լիազորություն չունի իրացման հարցերը լուծելու համար, եւ սպառում ապահովելն արտադրողի խնդիրն է:
Նրա խոսքով՝ Հայաստանում սոցիալական ձեռնարկության մասին օրենք չկա, սակայն հաշմադամություն ունեցող անձիք օգտվում են բոլոր այն երաշխքիներից, որոնցից օգտվում են սովորական գործազուրկ անձիք:
«Տարբեր միջազգային կազմակերպությունների ծրագրերի շրջանակում նման ձեռնարկություններ կամ արտադրություններ բացվել են, օրինակ՝ Ճամբարակում կամ Գորիսում, բայց պետությունը չունի նման ձեռնարկություն ստեղծելու լիազորություն կամ պարտավորություն»,-ասում է Լիզա Ղիասյանը՝ ավելացնելով, որ կան զբաղվածության այնպիսի ծրագրեր, որոնց կարող են ներգրավվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք:
Պաշտոնական տվյալով` Հայաստանում գրանցված է շուրջ 197 000 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 110 000-ը տարիքային առումով աշխատունակ է: Այսօր, սակայն, աշխատանք ունի նրանց 8-9 տոկոսը:
«Աշխատատեղերի հարմարեցման ծրագրով»՝ 2014 թվականից գործատուներին հատկացվում է մինչև 500 հազար դրամ, եթե պատրաստ են աշխատանքի ընդունել հաշմանդամների:
Ըստ Ղիասյանի՝ 2015թ-ից 100-ից ավելի աշխատակից ունեցող պետական հիմնարկներում աշխատակիցների առնվազն 3 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք:
Այս պահանջը մասնավոր սեկտորի վրա կտարածվի 2016 թ.-ից: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հաշվառվել զբաղվածության կենտրոններում որպես գործազուրկներ, ներգրավվել մասնագիտական ուսուցման ծրագրերում, լավ արդյունքներ ցույց տալու դեպքում ստանալ աշխատանքի տեղավորվելու միջնորդություն, անցնել պրակտիկայի ծրագիր՝ նվազագույն աշխատավարձով: Եթե գործատուն աշխատանքի է ընդունում անմրցունակ անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների, ստանում է աշխատավարձի մասնակի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է:
Բաթոյանը նշում է, որ դա այքան էլ արդյունավետ չէ, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդիկ պարզապես չես կարող գնալ և հասնել իրենց աշխատավայր պայմանների բացակայության պատճառով:
«Ամենամեծ խնդիրը սա է: Սրանք խոչընդոտներ են կապված տրանսպորտային և շենքային պայմանների հետ, որոնք որոշ դեպքերում հնարավոր է լուծել, բայց շատ դեպքերում՝ ոչ: Եթե գործատուն հաշմանդամություն ունեցող անձին աշխատանք տրամադրի, բայց չունենա շենքային բավարար պայմաններ, կամ եթե չկան տրանսպորտային հարմարություններ, ապա հաշմանդամություն ունեցող անձը չի կարող գնալ աշխատանքի: Այս բոլորը կապված է ընդհանուր անմատչելիության հետ, ինչը մեծ խոչընդոտ է»,- «Մեդիալաբին» ասում է Բաթոյանը:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարում` Ալիկ Խառատյանը ներկայացնում է աուդիոգրքերի իր ծրագիրը:
© Medialab.am