Որտեղ պառկեն եւ ինչ անեն կանայք. Ճնշումներ`հանրային պայքարի դաշտից ընդդիմացողներին հեռացնելու համար

Որտեղ պառկեն եւ ինչ անեն կանայք. Ճնշումներ`հանրային պայքարի դաշտից ընդդիմացողներին հեռացնելու համար
Որտեղ պառկեն եւ ինչ անեն կանայք. Ճնշումներ`հանրային պայքարի դաշտից ընդդիմացողներին հեռացնելու համար

Քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով վերջին օրերին «Հայ կանանց ճակատի» բողոքի ակցիաները բուռն քննարկման թեմա են դարձել: Կանայք յուրօրինակ բողոքի շարք են սկսել՝ պառկելով փողոցում, մեխերով ամրացնելով իրենց ասֆալտին, քաղբանտարկյալների հագուստով երթ անցկացնելով:

Այս ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից կանանց հասցեին նախատիքներ են հնչում:

«Հայ կինը պետք է հնազանդվի տղամարդուն, հայ կնոջ կերպարի մեջ չեք պահում ձեզ»,- ակցիաների ժամանակ կանանց սաստում են ոստիկանները:

Ակցիները լայնորեն քննարկվում են նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ, օրինակ, կին օգտատերեից մեկը մեկնաբանություն է գրել, թե. «Հայ կնոջը չի սազում պառկել փողոցում»: Արական սեռի մեկ այլ օգտատեր էլ հետևյալ գրառումն է կատարել. «Ամոթ է, տեսնես ի՞նչ են մտածում ձեր ամուսինները, երբ պառկում եք գետնին»:

Նմանօրինակ մեկնաբանություններ կարելի է լսել ակտիվ այլ կին գործիչների հասցեին, ովքեր պայքարի են դուրս գալիս, հայտնվում ակցիաների ժամանակ առաջնագծում:

Հայաստանի քաղաքական գործիչներից ոմանք նույնպես այն կարծիքին են, որ հայ կնոջը հարիր չէ նման ձևով պայքարելը: Ազգային ժողովի ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այս առնչությաբ ասել է. «Մեր երկրում ընդունված չի եղել, որ կանայք իրենց մեխեն, միգուցե դա այլ ձև է»:

«Հայ կանանց ճակատի» անդամ, ակտիվիստ Սյուզան Սիմոնյանը կարծում է, որ այս կարծրատիպը հայ հասարակության մոտ լայնորեն տարածված չէ, ոստիկաններն են այդ խտրականությունը կիրառել:

«Մենք պառկած էինք այնտեղ, Մանուկյան ազգունունով ոստիկանն ինքն էր ասում՝ կանանց ոչ հարիր քայլ եք անում, կանայք չպետք է ընդդիմանան, ամոթ է կանայք, մի ընդդիմացեք տղամարդկանց: Այսինքն՝ այդ ոստիկանն այդ վայրում իրեն ոչ թե ոստիկան էր զգում, այլ տղամարդ էր զգում: Մենք պառկած կանայք էինք իր համար, ինքն էլ տղամարդ էր, որին մենք իրավունք չունեինք ընդդիմանալ»,- «Մեդիալաբին» ասում է Սյուզան Սիմոնյանը:

Նրա խոսքով, ստացվում է, որ ոստիկաններն իրենց չեն ընկալում որպես ՀՀ քաղաքացի, ընկալու են որպես կին, իրենց էլ՝ որպես տղամարդ: Սա, ըստ նրա, միջնադարյան տգիտություն կարելի է անվանել: Սիմոնյանն օրինակ է բերում քուրդ կանանց, ովքեր մեր օրերում պայքարում են իրենց երկրի ու ժողովրդի ազատագրման համար:

«Այսինքն, եթե այստեղ պետք է կին ու տղամարդ հարցը դրվի, և կինը ստեղծված է, որպեսզի չընդդիմանա տղամարդուն, նշանակում է, որ քուրդ կանայք, որոնք հայտնի են աշխարհում իրենց ազատագրական պայքարով, չպետք է ընդդիմանային իսլամիստ տղամարդկանց, և արդեն հետևանքները պատկերացնում եք: Այսինքն,այնքան հետամնաց գաղափարների ու արժեքների կրող են մեր ոստիկանները, որ խոսքեր չկան ասելու»,- նշում է նա:

Իսկ այս իրավիճակն, ըստ Սյուզան Սիմոնյանի ստեղծվել է, քանի որ կրթություն չստացած անձինք դարձել են երկրի կարկառուն դեմքերը, հանրության դիսկուրսը կերտողը, այսպես կոչված` էլիտան:

«Բնականաբար, երբ տգետներն են իշխում, ժողովուրդը չի կարող մեծ վերելք ապրել: Ոստիկանը պետք է բարձր բարոյական արժեքներ կրող անձ լինի, բայց մեզ մոտ ոստիկանին ընտրում են նրա համար, որ նա կարող է քացով հարվածել կնոջը»,- ասում է նա:

Սյուզան Սիմոնյանը  հիշում է նաև, որ ոստիկաններն կանանց հատուկ վիրավորում էին ակցիաներից մեկի ժամանակ, ասում էին. «Դուք 4 հազար դրամանոց կանայք եք»:

Ոստիկանները, նրա խոսքով, ակցիաների ժամանակ նաև դիտավորյալ ձեռքով դիպչում են կանանց մարմնի տարբեր մասերին, անվայելուչ շարժումներ են անում: Այնինչ, աշխարհում ընդունված կարգ է, որ ակցիաների ժամանակ կնոջը մոտենում է կին ոստիկան:

Ինչ վերաբերում է քաղաքացիների վերաբերմունքին, Սյուզան Սիմոնյանն ասում է, որ համամիտ չէ այն տեսակետին, որ հանրության մեծամասնության համար ընդունելի չէ կանանց պայքարն ու գործունեությունը:

«Ես բազմաթիվ մեկնաբանությունների եմ հանդիպել, երբ մարդիկ սատարել են կանանց ակցիան, պարսավել ոստիկանների պահվածքը»,- ասում է նա:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը, սակայն, հակառակ կարծիքի է՝ այս կարծրատիպը հայ հասարակության մեջ արմատացած է:

«Կարծրատիպեր կան, որ կանայք պետք է լինեն ոչ հանրային վայրերում, տանը, զբաղվեն տնային աշխատանքներով և ընդհանրապես քաղաքական ու հանրային ոլորտներում չլինեն: Այդ կարծրատիպերի պատճառով հայ հասարակության մեծ մասը չի ընդունում կանանց գործունեությունը»,- «Մեդիալաբին» ասում է Ահարոնյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր ոլորտում կան այդ կարծրատիպերը: Պայքարի ոլորտում նույնպես կան, երբ կանայք սկսում են ակտիվություն ցուցաբերել, փորձեր են արվում խոչընդոտել, ամաչեցնել կանանց, ասել՝ սա քո տեղը չէ:

Ըստ նրա՝ դրանք ճնշումներ են, որպեսզի կանանց հետ մղեն հանրային դաշտից:

Լարա Ահարոնյանը միաժամանակ նկատում է, որ շատ լավ է, երբ կանայք տարբեր խմբերով տարբեր ակցիաներ են անում, նկատվում է նաև, որ բացի երիտասարդներից ակտիվ են ավելի հասուն տարիքի կանայք, ինչը ուրախալի է:

«Երբ որ տեսնում են, որ որոշ տարիքի կանայք են դրան մասնակցում, ովքեր հասարակության մեջ ընդունված են որպես մայրիկի կամ տատիկի կերպարով, ով պետք է տանը մնա ու ճաշ եփի, երկու տեսակի կարծրատիպ է կոտրվում: Մեկը տարիքի հետ կապված, մյուսը՝ կին լինելու: Շատ առողջ է հասարակության մեջ նման երևույթներ տեսնելն ու նաեւ գնահատելի է: Պետք է քաջալերել, որովհետև կանայք այդպիսով կոտրում են կարծրատիպերը և նաև իրենց տեղն են գրավում, որ իրենք իրավունք ունեն բարձրացնելու այն հարցերը, որոնք իրենց հուզում են»,- «Մեդիալաբին»  ասում է Լարա Ահարոնյանը:

Սակայն, ի տարբերություն Լարա Ահարոնյանի, հոգեբան Կարինե Նալչաջյանը պնդում է, որ «հայ կնոջը հարիր չէ փողոցում գետնին պառկած բողոքի ակցիաներ անելը»:

«Կան կանանց ու տղամարդկանց դերերի տարբերություններ, ազգային տարբերություններ: Երբ ոստիկանն ասում է, մի ընդդիմացեք տղամարդկանց, ես համամիտ չեմ դրա հետ, որովհետև ոչ մի տվյալ չկա, որ կինը պակաս խելացի է, քան տղամարդը: Բայց հայ կինը փողոցում ասֆալտի վրա պառկած, ես էլ եմ կարծում, որ բավականին անցանակալի տեսարան է: Ես շատ ցավում եմ, որ կարող է այդ կինը մի այնպիսի բողոք ունի, այնպիսի պատի է հանդիպել, որ այդ քայլին է դիմում: Բայց ես ավելի շատ հակված եմ մտածել, որ բողոքի այդ ձևը բնորոշ չէ մեր ազգին: Այդտեղ թիկունքի հետևում ինչ-որ բաներ կան: Իսկապես տգեղ տեսարան է՝ կինը ասֆալտի վրա պառկած»,- «Մեդիալաբին» ասում է  Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանի խոսքով՝ կարծրատիպերը սոցիական դիրքորոշումներ են, մարդիկ, այո, ապրում են կարծրատիպերով: Կան կարծրատիպեր, որոնք արդեն ժամանակավրեպ են:

«Անցնում է ժամանակը, փոխվում է կյանքը, դիրքորոշումը, բայց մեկ էլ տեսնում ենք, որ մարդու մեջ մնացել է ճկունությունը կորցրած ինչ-որ դիրքորոշում, որով նա ապրում է  նոր իրադրության մեջ: Սա, իհարկե, լավ չէ, բայց մյուս կողմից մարդուն բնորոշ է կարծրատիպեր ունենալը: Ընդ որում ամենահայտնի կարծրատիպերից են սեռային, էթնիկական կարծրատիպերը և այլն: Բայց մենք մեծագույն սխալ գործած կլինենք, եթե ասենք, որ Հայաստանին են բնորոշ կանանց նկատմամբ կարծրատիպերը»,- ասում է Նալչաջյանը:

Ռոզա Հովհաննիսյան

Նկարազարդումը` Վահե Ներսեսյան

© MediaLab.am