«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպել է աշխատանքային քննարկում

Մարտի 27-28-ին  ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպեց աշխատանքային քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց Առողջության համապարփակ ապահովագրության /ԱՀԱ/ ներդրման հայեցակարգը, համաձայն որի՝ կմշակվի եւ կընդունվի «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը: Կարգավորման առարկան կլինի ապահովագրված անձանց եւ շահառուների շրջանակի սահմանումը, ապահովագրության օբյեկտը:

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է  անպտղություն ունեցող անձանց համար գործող մի շարք սահմանափակումների վերացում: Դա կխթանի բնակչության ծնելիության աճը: Օրենքի դրույթների ազատականացումն առավել ակտուալ է այն տրամաբանությամբ, որ ծնելիության աճը մեր երկրի ռազմավարական խնդիրն է:

Քննարկվել է նաեւ կլինիկական ռեզիդենտուրայի մոդելի ներդրման հարցը: Օրենսդրական կարգավորումները հնարավորություն կստեղծեն կլինիկական ռեզիդենտուրայի իրական մոդելին առավելապես հարմարեցված հետբուհական բժշկական մասնագիտացման տեղայնացված մոդելի կայացման համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։