«Իշխանությունն արդեն իսկ իրեն դիրքավորում է որպես չարյաց փոքրագույն, սա սարսափելի է». Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վերլուծաբան Արեգ Քոչինյանը

– Պարո՛ն Քոչինյան, Նիկոլ Փաշինյանը իր համակիրների հետ հանդիպմանը կրկին խոսում է նախկիններից, նրանց թալանից, կոռուպցիայից, ըստ էության, ասում է այն, ինչ ասում էր 2018-ին՝ հեղափոխության ընթացքում: Ինչո՞ւ Փաշինյանը չի կարողանում ձերբազատվել այսպես կոչված նախկինների մասին խոսելուց:

– Ձեր հարցի մեջ մեկ բառ կփոխեի, ոչ թե չի կարողանում, այլ՝ չի ցանկանում ձերբազատվել, որովհետև, կարծում եմ, որ վարչապետի պաշտոնակատարի ամբողջ նախընտրական պայքարը կառուցված է լինելու հենց այդ՝ նախկիններ-ներկաներ դիսկուրսի վրա, որովհետև դա, ըստ էության, սեփական իշխանության վերարտադրման միակ ճանապարհն է:

Մարդիկ կընտրեն վարչապետի պաշտոնակատարին այն դեպքում, երբ նրա այլընտրանքը լինի ավելի վատը, քան ինքն է, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը: Ամբողջ ծրագիրը կառուցված է հենց այդ երկընտրանքի վրա, որ մարդկանց համոզեն, թե իրենք ունեն ընդամենը երկընտրանք՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը:

Սա է իր նախընտրական ծրագրի ամբողջ կառույցը, հենց դրանով է պայմանավորված, որ նա անընդհատ խոսում է նախկիններից:

– Այսինքն՝ «Ապագա կա՛» կարգախոսի ճանապարհային քարտեզի մասին չեն խոսելո՞ւ, նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսելու են միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների մասի՞ն:

– Իհարկե, այդ ուժի՝ ապագայի մասին պատկերացումները սկսվում և ավարտվում են կենացային, բարի ցանկությունների ու բաժակաճառերի տիրույթում: Նրանց խոսույթը լինելու է անցյալի մասին՝ իրենց համեմատելով նախկինների հետ:

Նրանց միակ ուժեղ կողմն այն է, որ իրենք ավելի լավն են, քան նախկինները, հենց սա են խաղարկելու ոչ միայն այս ընտրություններում, այլ նաև ապագայում:

Պարո՛ն Քոչինյան, մարդիկ, որոնք լսել են այդ ամենը 2018 թվականից ի վեր և, ըստ էության, որևէ մեկի հասցեին հնչող մեղադրանքների ապացույցն այդպես էլ չեն տեսել այս երեք տարվա ընթացքում, կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանին կտա՞ն իրենց քվեն:

– Ինչպես ասացի՝ միայն մեկ դեպքում, եթե մարդիկ չունենան այլընտրանք, եթե տեսնեն, որ միակ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է: Այո՛, նրանք, հուսահատ, բոլոր խնդիրները հասկանալով ու տեսնելով, ստիպված կլինեն քվեարկել Փաշինյանի թիմի օգտին, ի՞նչ անեն, հո չե՞ն քվեարկելու Ռոբերտ Քոչարյանին:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը լինելու է ոչ թե հասարակության ընտրություն, այլ՝ այլընտրանքի բացակայություն: Սա ողբալի իրավիճակ է և ողբալի մանդատ ցանկացած իշխանության համար, որ իրենց ոչ թե ընտրել են, այլ իրենց այդ իշխանությունը տվել են՝ այլընտրանքից վախենալով:

Այսինքն՝ իշխանությունն արդեն իսկ իրեն դիրքավորում է որպես չարյաց փոքրագույն, սա սարսափելի է, երբ իշխանությունը ինքնակամ այսպես է դիրքավորվում:

 – Արցախյան երկրորդ պատերազմից հետո, դրանից բխող հետևանքներով ու մինչ օրս կատարվող իրադարձություններով հանդերձ, պարո՛ն Քոչինյան, կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լա՞վ ղեկավար է, քան Ռոբերտ Քոչարյանը:

– Իրականում շատ բարդ հարց եք տալիս, բայց այսպես ասեմ, ես վատի ու վատթարագույնի միջև ընտրություն կատարելուն դեմ եմ, բայց, կարծում եմ, որ հասարակությունը Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի համակարգերի միջև կընտրի Նիկոլ Փաշինյանին: Եվ Փաշինյանն առաջնորդվում է հենց այս հաշվարկով:

Իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջին նախագահի վերաբերյալ հնչող հայտարարությունների նպատակը ո՞րն է:

– Դա սկսվեց առաջին նախագահի այն հայտարարությունից, երբ Նիկոլ Փաշինյանին անվանեց ազգակործան պատուհաս, որից հետո սկսեցին փոխադարձ արձագանքները, այսինքն՝ այդ բանավեճը սկսվեց այդ ամենից: Առաջին նախագահի այդ գնահատականը ինձ համար մարդկայնորեն հասկանալի է, որովհետև, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջակետ դրեց այդ 30-ամյա պայքարին, որը սկսվել էր հենց նրանց օրոք:

Առաջին նախագահի ու Փաշինյանի միջև խնդիրը վերաբերում է նույն սեգմենտին, այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը ձայներ կիսելու խնդիր չունեն, որովհետև աշխատում են տարբեր սեգմենտների հետ, ապա Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը կիսելու ձայներ ունեն, դրա համար էլ այդ կոնֆլիկտն ավելի սրվեց:

Իսկ թե ում կընտրեն այդ երկուսից, դժվարանում եմ ասել, որովհետև դեռ ակտիվ նախընտրական քարոզարշավը չի սկսվել:

– Նիկոլ Փաշինյանը բանավեճի հրավիրեց առաջին ու երկրորդ նախագահներին: Կոռե՞կտ էր առաջարկի այն ձևը, որով նա դիմեց նախկին նախագահներին:

– Ձեր թույլտվությամբ՝ միմյանց վիրավորելու, անվանարկելու մակարդակի հարցերին չեմ ցանկանում պատասխանել: Նրանց անձնական հարաբերությունները, չեմ կարծում, որ վերլուծելու կամ մեկնաբանելու թեմա են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab