«Արա Այվազյանը, իհարկե, այլևս Նիկոլ Փաշինյանի հետ նույն նավակի մեջ չի կարող լինել». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կառուցողական կուսակցության ղեկավար, «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը

– ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԳՆ-ում իր հրաժեշտի խոսքում նշել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց նրանով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Ըստ էության, նախարարը ակնարկում է ինչ-որ նոր փաստաթղթի մասի՞ն: Ի դեպ, նախարարի հրաժարականին հաջորդեց նաև փոխնախարարի և խոսնակի հրաժարականը:

– Խոսքը հերթական եռակողմ համաձայնության մասին է, որը Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել, որը վերաբերում է սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային և, ըստ էության, հիմք է ստեղծում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն: Դրա հետևանքն այն է, որ արցախահայությունը մնալու է ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում Ռուսաստանի զինված ուժերի պաշտպանության ներքո:

Այդ բանաձևի հետ, իհարկե, մեր ԱԳՆ-ն համաձայն չէ, որովհետև գտնում է, որ այստեղ պետական շահերի զիջում է տեղի ունենում: Փաստ է, որ պետական ու քաղաքական շահերի միջև գոյություն ունի հակասություն: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրված է ընտրություններում հաղթելու հրամայականով, իրեն հարկավոր է, որ Իլհամ Ալիևը մի քանի գերիների ազատի, դրա համար ինքը պատրաստ է համագործակցելու այդ եռակողմ ձևաչափով՝ ի վնաս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության:

Բնական է, որ դիվանագիտական կորպուսը չի կարող դրան աջակցել, որովհետև եթե որևէ պետություն դուրս է գալիս միջազգային կառույցի դեմ, դա դիվանագիտական աշխատանքի հետ առնչություն չունեցող քաղաքականություն է:

Այն դիվանագետները, որոնք դրան մասնակցում են, հետագայում որևէ կարիերայի հնարավորություն չեն կարող ունենալ, բացի այդ, իզգոյ պետության մեջ կարիերա ունենալուց: Արա Այվազյանի քայլն ինձ համար հասկանալի է. թե որպես քաղաքացի, թե որպես պրոֆեսիոնալ դիվանագետ ինքն իհարկե, այլևս Նիկոլ Փաշինյանի հետ նույն նավակի մեջ չի կարող լինել:

Այստեղ ամենակարևորն այն է, որ հանրությունը հասկանա, որ ընտրություններում հաջողություն ունենալու քաղաքական շահը այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի բարձր է դասում, քան մեր պետական շահերը, և պատրաստ է գնալ թշնամու հետ գործարքների, որը միգուցե ունենա ինչ-որ ազդեցություն ընտրության արդյունքի վրա, բայց, ընդհանուր առմամբ, շատ բացասական հետևանքներ է ստեղծում մեր պետության շահերի համար:

– ԱԳՆ-ն կաթվածահար վիճակում չի հայտնվո՞ւմ, երբ նախարարի պաշտոնակատարը, փոխնախարարը, խոսնակը հրաժարական են տալիս:

– Իհարկե դա ստեղծում է ճգնաժամ ԱԳՆ-ի ներսում: Տրամաբանական է ենթադրել, որ հաջորդ ԱԳ նախարարը լինելու է ավելի շատ քաղաքական անձնավորություն, քան պրոֆեսիոնալ դիվանագետ:

– Նիկոլ Փաշինյանը խոսում էր նոր փաստաթղթի ստորագրման մասին: Սա որքանո՞վ կթուլացնի կամ կամրապնդի նրա դիրքերը: Ըստ էության, եթե Ադրբեջանի զորքերը դուրս գան Սյունիքից, Փաշինյանը խոստանում է ստորագրել դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ հանձնաժողով ձևավորելու փաստաթուղթը:

– Այդ ամենը Արա Այվազյանը որակեց որպես բացասական գործողություններ: Ակնհայտ է, որ այստեղ մեր պետական շահերի ոտնահարում է տեղի ունենալու, եթե նման քայլի գնա Նիկոլ Փաշինյանը:

– Հասարակության արձագանքը ցույց է տալիս, որ այս գործընթացից հասարակությունը դժգո՞հ է, թե՞ հակառակը՝ ամրապնդվում է այն, որ այս իշխանությունը վերարտադրվելու շանս ունի:

– Վերջին հարցումները, որոնք հրապարակվեցին, ինձ համար արժանահավատ են: IRI-ի պատվերով կատարած հարցումը վկայում է, որ կտրուկ նվազել է քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ: Քաղաքացիների զգալի մասը՝ յուրաքանչյուր 4-րդը, ապակողմնորոշված է, և կեսից ավելին բացասական է գնահատում բոլոր ինստիտուտների աշխատանքը:

Եթե նախկինում վարչապետի նկատմամբ գոյություն ուներ ինչ-որ դրական վերաբերմունք, դրական գնահատական, բանակի նկատմամբ կար դրական գնահատական, այսօր անվստահության մեծ աճ կա, և եթե նայեք այդ հարցումների արդյունքները, կտեսնեք, թե ինչպես է վերջին 3 տարիների ընթացքում փոխվել մեր քաղաքացիների վերաբերմունքը սեփական պետության նկատմամբ:

Իհարկե, հանրային արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին, իմ կարծիքով՝ դժվար չի կանխատեսել, որ նույնպես բացասական է: Բայց մենք ունենք մի սոցիալական խումբ, որ տարբեր պատճառներով հարում է իշխանությանը: Որպես կանոն՝ ցանկացած իշխանությանը հարող քաղաքացիների խումբ կա: Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը օր օրի նվազում է:

Վերջին հարցումը, որը ես մատնանշում եմ, մայիսի 20-ի դրությամբ ցույց տվեց, որ ընդամենը 26 տոկոսն է պատրաստ ՔՊ-ին իր քվեն տալ: Այդ ցուցանիշը 2018-ի դեկտեմբերի 60 տոկոսից իջավ մինչև 26 տոկոս և շարունակում է անկում ապրել: Այսինքն՝ ընդհանուր վեկտորը բացասական է, և ՔՊ-ն ամեն օր կորցնում է իր համախոհներին:

Ես չէի ասի, որ նախկին իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ի ու «Հայրենիքի» առաջնորդ Արթուր Վանեցյանը, կամ Գագիկ Ծառուկյանը առավելություն են ձեռք բերում նման իրադրության մեջ: Մենք տեսնում ենք, որ բավականին մեծ թվով քաղաքացիներ այսօր սպասում են նոր ուժերի, նոր առաջնորդների, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից:

«Ազատ հայրենիք» դաշինքը, այդ իրավիճակը գնահատելով, ձևավորվեց, որպեսզի այդ ուժը մատուցի հանրությանը:

– Արա Այվազյանը շատ լավ ծանոթ էր նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին, բայց համաձայնեց աշխատել այս կառավարության հետ:

– Նոյեմբերի 9-ից հետո հետևեց դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կտրուկ հայտարարությունը, որ հակամարտության դադարեցման և խաղաղության վերաբերյալ որևէ պայմանագիր պետք է կնքվի Մինսկի խմբի հովանու ներքո, և դա որոշակի առումով կայունացրեց պատերազմի, ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հետագայում տեսանք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը որդեգրեցին քաղաքականություն՝ Մինսկի խմբի համանախագահների օրակարգի մեջ մտնող հարցերը աստիճանաբար դուրս բերել այդ ձևաչափից և եռակողմ ձևաչափով փորձել կարգավորել հանձնաժողովների միջոցով:

Մենք հիշում ենք կոմունիկացիաների բացման մասին հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարությունը: Այդ նույն նպատակը հետապնդում է սահմանների դելիմիտացիային, դեմարկացիային վերաբերող եռակողմ հայտարարության նախագիծը: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան չեն հրաժարվել իրենց նպատակից՝ ցանկացած գնով Հայաստանին պարտադրել իրենց ցանկալի պայմաններով խաղաղության պայմանագիր:

Ըստ էության, Մինսկի խմբում տեղի է ունեցել պառակտում: Մինսկի կոնֆերանսի 11 անդամ պետություններից 5-ը՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Բելառուսը և Հայաստանը, գործողություններ են անում Մինսկի կոնֆերանսը տապալելու ուղղությամբ: ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան և Չեխիան փորձում են պահպանել Մինսկի կոնֆերանսը և պնդում են, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է մնա ԵԱՀԿ հովանու ներքո՝ իր մանդատի շրջանակում:

Այսինքն՝ այս ստեղծված իրավիճակում Հայաստանը՝ ի դեմս վարչապետի, ընտրություն է կատարում ոչ թե հօգուտ միջազգային հանրության, հօգուտ իմ թվարկած պետությունների, որոնք հանդես են գալիս Արցախի կարգավիճակը ԵԱՀԿ մակարդակով հաստատելու հրամայականի օգտին, այլ փորձում է սեպարատ, Մինսկի խմբի շրջանակից դուրս, Ադրբեջանի հետ անմիջական, հատվածաբար, եռակողմ ձևաչափեր ստեղծելով՝ հենարան ստեղծել խաղաղ պայմանագիր կնքելու համար:

Այդ ամենի գլխավոր առարկան Արցախի կարգավիճակն է, և ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը, եթե մեր քաղաքացիները կողմ քվեարկեն ՔՊ-ին, իրենք, ըստ էության, կողմ են քվեարկելու այն քաղաքականությանը, որն ինքն իրականացնում է: Իսկ այդ քաղաքականության հետևանքն այն է, որ արցախահայությունը լինելու է ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում:

Շատ կարևոր է, որ մեր ընտրողներն իմանան, որ այս ընտրություններն իրականում հանրաքվե են: Արցախի հարցով ընտրությունը հետևյալն է. կամ քվեարկել «Ազատ Հայրենիք» դաշինքի օգտին, որը կողմ է հանդես գալիս Արցախի անկախության ճանաչմանը, կամ քվեարկել ցանկացած այլ ուժի օգտին, որի արդյունքում պահպանվելու է գոյություն ունեցող վիճակը, և դա բերելու է արցախահայության հայաթափման:

Մանե Հարությունյան

MediaLab