Ո՞վ Նիկոլին բերեց. Ըստ Նորիկյանի՝ Քոչարյան-Սարգսյան թիմերը փորձում են միմյանց ոչնչացնելու միջոցով ընդդիմադիր դաշտում առաջնորդության հասնել

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո ու հատկապես վերջին երկու օրերին երկրորդ ու երրորդ նախագահների թիմակիցները միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, մասնավորապես, Քոչարյանի թիմակիցներն ասում են, որ իշխանությունը Սարգսյանը հեշտությամբ հանձնեց Փաշինյանին, Սարգսյանի թիմակիցներն էլ ասում են, թե հեղափոխության օրերին անգամ Քոչարյանի ազգակիցներն են եղել հրապարակում: Այս փոխադարձ մեղադրանքներն ի՞նչ համար են, ու ինչպե՞ս եք դուք գնահատում կատարվողը:

– Ինչպես կասեր հայտնի դասականն այս դեպքում՝ հանգիստ նստեք տեղներդ, երկուսդ էլ ճիշտ եք, որովհետև այն մեղադրանքները, որոնք միմյանց հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի աջակիցները, կարծես թե հարյուր տոկոսանոց ճշմարտություն են, այլ հարց է, թե այդտեղ ո՞րն է ժողովրդի շահը: 

Իրականում նրանք ուղղակիորեն զբաղված են Պանդորայի արկղը բացելով, որովհետև այն գործընթացները, որոնք կարող են տեսանելի ապագայում լինել, ես կարծում եմ, որ միմյանց ուղղությամբ արձակված այս կրակոցներն ուղղված են որևէ մեկին ոչնչացնելուն, որպեսզի դաշտում մնա իրենցից որևէ մեկը: 

Կյանքը ցույց տվեց, որ գոնե հիմա այդ երկու գլուխները նույն կաթսայում հնարավոր չէ եփել, ու նրանք փորձում են մեկը մյուսին ոչնչացնելու միջոցով հասնել ընդդիմադիր դաշտում բացարձակ առաջնորդության: Այնուամենայնիվ, սա մեր հանրության համար պետք է կոնկրետ ազդակ լինի, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվելիս մենք հասկանանք, թե ինչպիսի ուժերի հաշվեկշիռ է փորձ արվում ձևավորել: 

Անձամբ իմ կարծիքով՝ այդ երկու քաղաքական ուժերն էլ սպառված են, մրցունակ չեն ու չեն կարող որոշակի ազդեցիկ դերակատարություն ունենալ: Այլ հարց է, որ նրանց պատկերացումներն ու ախորժակը տարբեր են, նրանք մտածում են, թե կարող են որոշակի հաջողության հասնել: 

Եթե բացենք փակագծերը կոնկրետ մեղադրանքների էության վերաբերյալ, ապա ի՞նչ է ասվում Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից. հռետորական հարցադրում են անում, թե արդյոք Սերժ Սարգսյանը պե՞տք է 2018-ին կրակեր ժողովրդի վրա ու մարդ սպաներ, ենթատեքստով հասկացնելով, որ Սերժ Սարգսյանը 2008-ի մարտի 1-ի գործերով ու ժողովրդին սպանելու հրամանը, ըստ էության, ուղարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմը: 

«Ո՞վ է Նիկոլին բերել» դիալոգի շրջանակներում հաջորդ մեղադրանքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր ազգականները, ընտանիքի անդամները նույնիսկ մասնակցել են «մերժի՛ր Սերժին» գործընթացին: Սերժ Սարգսյանի աջակիցների մեղադրական խոսքն այս տրամաբանության մեջ է: 

Քոչարյանի աջակիցներն էլ ուղղակիորեն մատնանշում են, որ Սերժ Սարգսյանի ուղղակի ջանքերի շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը եկել իշխանության: Այստեղ կա գրեթե անխոցելի ճշմարտություն, ես միշտ այդ տեսակետն եմ ունեցել, զարմանում եմ, որ ինչու Քոչարյանի կողմնակիցները չեն բարձրաձայնում Սարգսյանի աջակիցների մոտ այն հարցերը, թե ինչո՞ւ «Մարտի 1»-ով մեղադրանք չառաջադրվեց Սերժ Սարգսյանին, ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանի որևէ ազգակից կամ նույն Սերժ Սարգսյանը որևէ գործով պատասխանատվության չենթարկվեց, անազատության մեջ չհայտնվեց: 

Ակնհայտ է, որ նրանք վերջին փամփուշտները դեռ միմյանց նկատմամբ չեն կրակել, փաստ է նաև, որ իրար ոչնչացնելու անհագուրդ ցանկություն ունեն, ինչն էլ պայմանավորված է առաջիկա քաղաքական գործընթացներով:

– Այսինքն՝ ուզում են 2026-ին լիակատար առաջնորդությո՞ւն ձեռք բերել:

– Այո՛, փորձում են ընդդիմադիր դաշտում իրենցից մեկի լիակատար առաջնորդության հարցը լուծել, ու առաջիկայում կտեսնեք, որ իրենց կողմից կարմիր գծեր կհատվեն, չնայած այդ գործընթացն արդեն սկսվել է, հայտարարություններ են արվում, կոնկրետ մեղադրանքներ հնչում, որոնք վերաբերում են մեր ինքնիշխանությանը, պետականությանը: 

Այն քաղաքական ուժերի համար, որոնք չեն տեղավորվում այս շրջանակի մեջ, պետք է հավասարաչափ մերժելի լինեն ինչպես գործող իշխանությունը, այնպես էլ այս երկու քաղաքական ուժերն իրենց առաջնորդներով: 

– Պարո՛ն Նորիկյան, իսկ հանրության վրա միմյանց ոչնչացնելու այս գործընթացն ի՞նչ ազդեցություն է ունենալու:

– Եթե հնարավոր լինի այս քաղաքական մենամարտի արդյունքում մեկը մյուսին ոչնչացնել, դրանից միայն կշահի մեր հանրությունը, քանի որ իրական նպաստավոր պայմաններ կստեղծվեն այս իշխանությանը հնարավորինս կարճ ժամկետում հեռացնելու, որովհետև խորապես համոզված եմ, որ այս իշխանության գոյության հիմքում ընկած է հանրության մոտ հենց այդ երկու ուժերի ու նրանց առաջնորդների գոյության վախը: 

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհը Ռուբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական ոչնչացումն է: Շատ լավ կլինի, որ այս քաղաքական մենամարտն ավարտվի մեկը մյուսի ոչնչացմամբ, նրանք դուրս գան քաղաքական ասպարեզից, ինչը Փաշինյանին քաղաքականությունից հեռացնելու ուղիղ ճանապարհն է: Ես բացառում եմ, որ արդար ու ժողովրդավարական ընտրությունների միջոցով այս քաղաքական ուժերից որևէ մեկը ստանա այնքան քվե, որը նրանց կբերի իշխանության:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am