«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, վերջին օրերին, երբ արցախահայությունը բողոքի ակցիաներ իրականացրեց, կրկին ակտիվացան փոխադարձ քննադատություններն ու ատելության խոսքը: Մինչ այս ատելության խոսքն արդյոք նվազե՞լ էր, թե՞ այն շարունակում է կայուն չափով մնալ: Ձեր դիտարկումներն եմ խնդրում՝ ովքե՞ր ու ի՞նչ նպատակով են ատելության խոսք տարածում:
– Չեմ կարծում, որ ընդհանուր ատելության մթնոլորտի կամ խոսքի նվազում ունենք, որովհետև բոլոր կողմերն անխտիր, ըստ անհրաժեշտության, նպատակահարմար են գտնում ատելություն գեներացնել՝ առանց հասկանալու կամ գուցե հասկանալով, որ դրանց հետևանքներն ինչ-որ պահի կարող են հասարակության համար անդառնալի լինել:
Ես ուրախ եմ միայն մեկ բանի համար, որ մեր հասարակությունը քաղաքացիական պատերազմի, բախումների գնացող հասարակություն չէ, չեմ կարող բացատրել, թե ինչն է պատճառը, բայց մենք երկար ժամանակ կարողացել ենք խուսափել դրանից՝ ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների: Իմ ամբողջ պահանջը հիմնականում իշխանություններից է, որովհետև իրենց հարթակներն ու պատասխանատվության չափը, անշուշտ, շատ ավելի շատ են, ու գործիքակազմը՝ նաև կանխելու, կանխարգելելու, ևս իրենց ձեռքին է:
Երբ իրենք են գեներացնում այդ ատելությունը ու պատասխանատվության չեն ենթարկում հատկապես յուրայիններին, մյուսների մեջ տպավորություն է ստեղծվում, որ դա նորմալ ու ակնկալվող վարքագիծ է, մյուս կողմն էլ ի պատասխան սկսում է նույն վարքագիծը դրսևորել, որի հետևանքով ունենում ենք շատ ծանր իրավիճակ: Այս ամենն իհարկե ինչ-որ պահի պետք է կանգեցնել, իշխանության կամ ընդդիմության վրա հույս դնելն անշուշտ իրատեսական չէ, հասարակությունը պետք հասկանա, որ սա կործանարար գործընթաց է:
– Իսկ ատելության մթնոլորտը պահպանելու նպատակը ո՞րն է:
– Շատ պարզ է, երբ դու մարդկանց բաժանում ես խմբերի, կարողանում ես շատ լավ կառավարել, երբ մարդկանց կիսում ես առանձին հատվածների՝ դու կարողանում ես նրանց միջև թշնամություն մտցնել: Ինչ-որ չափով դա անշուշտ ստացվում է, որովհետև մեզ 30 տարի կերակրել են արցախահայության նկատմամբ բացասական վերաբերմունքով, նույնը նաև հակառակը: Բայց ընդհանուր ցավը, ընդհանուր կորուստը ողջամիտ մարդկանց մեջ պետք է առաջացնեն թշնամանքը վերացնելու պահանջ, որովհետև այն, ինչ ապրել է արցախահայությունը, մեզանից էլ շատ հեռու չէ, հետևաբար հասարակությունը պետք է ողջամտություն դրսևորի ու այլևս չկերակրվի ատելության այս խոսքերով:
– Իշխանությունն ինչո՞ւ կոնկրետ քայլեր չի ձեռնարկում ատելության մթնոլորտը վերացնելու համար:
– Որովհետև ամենամեծ շահառուն իրենք են, որովհետև միայն համախմբման դեպքում է հնարավոր իրենց հեռացնել իշխանությունից, իսկ այս միջավայրում համախմբելը դժվար է, հետևաբար իրենց համար ատելության խոսքն ու մթնոլորտը գտածո են:
– Տիկի՛ն Կարապետյանց, ստացվում է, որ իշխանությունը կորցնելու վախի՞ց են գնում նման ճանապարհով:
– Այո՛, նաև դրանից հետո իրենց արածների համար պատասխանատվության ենթարկվելու վախից: Իրենք շատ լավ են հասկանում, որ իրենց անվտանգությունը, անխոչընդոտ գործելը, բացի այն բարիքներից, որ իրենք երբեք մոտիկից չեն տեսել, բայց վայելում են հիմա, ամենակարևոր հարցն իրենց համար պատասխանատվության ենթարկվելն է, որովհետև այն գործողությունները, որոնք իրենք արել են, անշուշտ պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հենց սա էր նաև պատճառը, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ չունեցանք ավարտական դատական ակտեր, պատասխանատվության ենթարկվելու փաստ, որ հասարակությունը չունենա նախադեպ, որ առաջին դեմքերը կարող են պատասխանատվության ենթարկվել, որովհետև հաջորդը պարտադիր պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը:
– Իսկ ատելության մթնոլորտ ստեղծելու այս քաղաքականությունը հասարակությանն ո՞ւր է տանելու:
– Դեռ հույսս չեմ կորցրել, որ մենք կգտնենք այն մարդկանց, որոնք կհամախմբեն մարդկանց՝ առաջարկելով երրորդ գաղափար, որովհետև մենք ունենք այդ ռեսուրսները, ունենք իսկապես հայրենասեր այդ մարդկանց, ոչ թե ներկա դիմության ու ընդդիմության նման հայրենասերներ: Ամբողջ խնդիրը մարդկանց հասարակությանը ճիշտ ներկայացնելն ու ժամանակի մեջ տեղավորվելն է, համոզված եմ, որ եթե առաջարկությունը լինի, ապա հասարակությունը սիրով կգնա այդ ուժի հետևից, ինչը հնարավորություն կտա մեկընդմիշտ մաքրել այս խայտառակ էջերը, որը հիմա ապրում ենք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















