«ԱԹՍ-ի հարվածից պայթել է զորամասի «Ուրալ»-ներից մեկը, որի մեջ Գևորգս է եղել»․ Մագան եղբոր զոհվելու մասին` «ոնց որ ինձնից ինձ տարած լինեն»

Մագա Կոստանյանը հուզմունքով է հիշում, թե ինչպես եղբայրը՝ 24-ամյա Գևորգ Կոստանյանը, հոկտեմբերի 9-ին՝ Արցախ մեկնելուց 2 ժամ առաջ, եկել է իրենց տուն հրաժեշտ տալու։ Քույրն ասում է՝ Գևորգը շատ ուրախ էր, որ գնում է օգնելու զինվորներին։

«Մինչև էդ անընդհատ պնդում էր, որ ուզում ա շուտ գնա Արցախ, օգնի տղաներին, քանի որ Ապրիլյան պատերազմի մասնակից էր, մտածում էր՝ իր կարիքը կլինի այնտեղ»,- պատմում է Մագան։

Գևորգ Կոստանյանն աշխատել է Վայքի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Պատերազմի առաջին օրից մինչ հոկտեմբերի 9-ը Վայքի դիրքերում է եղել, հոկտեմբերի 9-ին հրաման է ստացել մեկնել Արցախ։ Կռվել է Ջրականում։

Մագան պատմում է, որ եղբայրը վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, նույն օրն էլ զոհվել է:

«Հոկտեմբերի 10-ի առավոտյան վերջին անգամ զանգել է մորս՝ ասելով, թե ամեն ինչ լավ է, իրենք ապահով են ու վերջ։ Նույն օրը երեկոյան ԱԹՍ-ի հարվածից պայթել է զորամասի «Ուրալ»-ներից մեկը, որի մեջ էլ հենց Գևորգս է եղել, առաջնագծի տղաներին զենք-զինամթերք հասցնելիս է եղել»,- հուզվում է քույրը։

Գևորգ Կոստանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Մագան ասում է՝ մինչև այսօր էլ չի հավատում, որ եղբորը կորցրել է, այն էլ՝ ընդմիշտ: «Ինքն իմ ամեն ինչն էր»,- հուզվում է քույրը։

Քույրն ասում է՝ Գևորգը մինչև բանակ գնալը 3 տարի ապրել է Ռուսաստանում, հոր հետ սրճարան է աշխատեցրել։ Մի քանի օր էր մնացել, որ դառնար 18 տարեկան, վերադարձել է Հայաստան և զորակոչվել բանակ։ Երկու տարի ծառայել է Մարտակերտում։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին։ Զորացրվելուց մեկ տարի անց անցել է պայմանագրային զինծառայության և 3 տարի պաշտպանել Վայոց ձորի սահմանները։

Գևորգը բնավորությամբ լուրջ էր, քչախոս, ընկերասեր էր անսահման՝ պատմում է քույրը եղբոր մասին. «Շատ խղճով էր, սիրտն էլ ուզեին՝ կհաներ կտար, մենակ թե  բոլորին լավություն աներ»։

Մագան ասում է՝ շատ կապված էր եղբոր հետ, շատերը զարմանում էին՝ իրենց շփումն ու կապվածությունը տեսնելով: «Ինքը որ զոհվեց, ոնց որ ինձնից ինձ տարած լինեն, չգիտեմ՝ ոնց բացատրեմ»,- ասում է ու հուզվում քույրը։

Մագան ասում է՝ եղբայրը շատ էր սիրում կյանքը, սիրում էր ապրել ու ամեն հարցում միշտ շտապում էր, ուզում էր ամեն ինչ հասցրած լիներ։

«Ու եթե ասում էինք՝ Գև, էս ինչ բանը թող մնա, հետո կանես կամ կառնես, էս ինչ տեղը մի գնա, ամեն անգամ կասեր՝ կարո՞ղ ա գիտեք՝ պիտի մեռնեմ ու էս բանը չանեմ։ «Մեռնել» բառը իրա խոսակցականում շատ հաճախ էր օգտագործում։

Պատերազմն սկսվելուց հետո, քանի դեռ չէր գնացել Արցախ, իր համար նոր, թանկ զինվորական համազգեստ էր պատվիրել, հոկտեմբերի 9-ին հենց դա էր հագել։ Եկավ հաջող անելու, ամուսինս ասաց՝ Գև ջան, ափսոս ա, թող մնա, կգնաս կգաս, նոր գործի մեջ սիրուն կհագնես, ասաց՝ ա՛յ ախպեր, կարող ա մեռնում եմ, հիմա չհագնեմ՝ ինչ ա որ թազա՞ մնա»,- պատմում է քույրը ու նշում՝ ամեն օր ապրում են Գևորգի խոսքերով, հուշերով ու հիշողություններով։

Գևորգ Կոստանյանը հուղարկավորված է Վայք համայնքի Արին գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am