«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը
– Պարո՛ն Նահապետյան, Սյունիքի մարզի բնակիչներն ահազանգում են, որ հինգ օր է՝ ինչ ադրբեջանական դիրքերից կրակում են գյուղերի ուղղությամբ, դրան զուգահեռ ՀՀ ՊՆ-ն տարածում է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը»: Ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական այս հայտարարությունը:
– Նիկոլ Փաշինյանենց պետք է խաղաղության պրոպագանդա, եթե անգամ զանգվածային ոչնչացման զենք էլ կիրառեն, բոլորս զոհվենք, ասելու են՝ հո հոգիներին խաղաղություն իջավ, կարևորը՝ խաղաղություն կա:
– Իշխանությանը դա ի՞նչ է տալիս, երբ տեսնում են, որ իրական գետնի վրա չկա այդ խաղաղությունը:
– Նիկոլ Փաշինյանը մի էտապ եղել է հայոց առաջնորդ, որն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, որը հաղթում էր տավուշյան բոլոր մարտերը, այսինքն՝ նա փորձել է լինել պատերազմի առաջնորդ, ինչը չի ստացվել իր մոտ, հիմա փորձում է լինել խաղաղության առաջնորդ ու չի ուզում, որ դա էլ իր մոտ չստացվի:
Նա ինչպես չի ուզում խոստովանել, որ պատերազմում պարտվել ենք իր պատճառով, այդպես էլ չի ուզում խոստովանել, որ չի կարող մեզ տանել իր խոստացած խաղաղությանը, չի ուզում քաղաքական սնանկություն հայտարարի: Իրենից ակնկալիքներ ունեցողներին խաբում է, թե ժամանակավոր բարդություններ են, բայց ինքը իր բոլոր պարտավորությունները կկատարի, չի խուսափում դրանցից:
– Պաշտոնական նման հայտարարություններն արդեն ներքին լսարանից դուրս ինչպե՞ս կարող են ընկալվել, կոնկրետ Ադրբեջանը դրանցից ի՞նչ հետևություններ կարող է անել ու ի՞նչ գործողությունների գնալ:
– Եթե դու քո շահերը չես պաշտպանում, հատկապես լինելով պարտված պետություն, եթե դու քո շուրջը չես ստեղծում մթնոլորտ, որ մեղք ձևակերպես դիմացինիդ վրա ու իրենց պարտավորությունների տակ դնես, որ չանեն ինչ-որ բաներ, այլ հակառակն ես անում, դա տանելու է անընդհատ շահագործման: Ուզում եմ ասելիքս ճիշտ ընկալվի. մենք էլ, հրեաներն էլ ենթարկվել ենք ցեղասպանության, երկուսիս հետ տեղի ունեցածն էլ մեծագույն հանցագործություն է, բայց այն, թե մեզանից որ մեկը ոնց է այդ փաստը վերածել անվտանգության բաղադրիչի, դրանով էլ կարող ենք որոշել ճիշտ ու սխալ քաղաքականությունները: Մարդիկ փորձում են ձևակերպել իրավիճակ, որ իրենք տուժող կողմ են, կյանքն իրենց հետ շատ անարդար է վարվել, հիմա ինչ էլ անեն, արդար է, ու ով իրենց դեմ է խոսում, հանցագործություն է: Այդպես են մարդիկ աշխատում:
– Որդեգրած այս քաղաքականությամբ ՀՀ իշխանություններն ինչի՞ կարող են հասնել:
– Իսկ ՀՀ իշխանություններն ինչի՞ են ուզում հասնել:
– Ասում են՝ խաղաղության:
– Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները փորձում են խաղաղության հասնել, նրանք ուզում են իշխանություն պահել առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ կա հայ ժողովուրդ, որն ուզում է իրենց պատասխանատվության կանչել: Ի վերջո, կամ իրենք պետք է կարողանան մեր գլուխներից ջնջել իրենց մեղքի մասին փաստերն ու հիշողությունները, կամ պետք է լուծարեն Հայաստանը, կամ պետք է պահեն իշխանությունն այնքան մինչև մահանան, երջանիկ կյանք ապրելու այլ տարբերակ իրենք չունեն, դրա համար մեր խնդիրն է թույլ չտալ, որ Փաշինյանենք այդ երեք բանն անեն:
– ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Հստակ ու աներկբա ասում եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ու, ըստ էության, ի՞նչ կոչ է անում այս հայտարարությամբ Փաշինյանը:
– Այնպես չեմ ուզում նրա ասածները մեկնաբանել: Ինձ հետաքրքիր է՝ իսկ կա՞ մարդ, որ ուզում է շարունակել Ղարաբաղյան շարժումը, ես այդ մարդկանց եմ փնտրում: Խոսքս բնավ զենք վերցնելու, հողեր գրավելու մասին չէ, խոսքը մեր իրավունքներին տեր կանգնելու, դրանք մեզ համար վահան դարձնելու, այն, ինչ անում է Իսրայելը, դա անելու ու մեր աստեղային ժամին սպասելու մասին է: Կա՞ մարդ, որ ուզում է դա անի, իսկ թե Նիկոլ Փաշինյանն ի՛նչ է կոչ անում չանել, կներեք, էլի, ինձ հազիվ եմ զսպում գայթակղությունից, որ միշտ անեմ այն, ինչ նա ասում է՝ պետք չէ անել:
– Նախադրյալներ, մարդկանց տեսնո՞ւմ եք, որ չարվի այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում, պարոն Նահապետյան:
– Ես տեսնում եմ բարոյական, ազնիվ ու վճռական անհատների, տեսնում եմ գաղափարների շուրջ ձևավորված կղզիներ, երբ կկարողանանք այդ կղզիները միավորել ու ստեղծել մեծ, ընդհանուր գետին, որի վրա ամուր կանգնած կլինենք, այդ ժամանակ հարցերը կլուծվեն: Տեսնում եմ՝ Հայաստանում լիքը լավ ու առողջ մարդիկ կան, որ սիրում են այս պետությունը ու պատրաստ են գործ անել, ճիշտ է՝ հազար խնդիր կա, բայց լուծումներ էլ կան:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















