Փետրվարի 10-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցածը, երկաթուղայինների գործադուլը ոչ թե եզակի դեպք էին, այլ առաջին ծիծեռնակները: Անդրադառնալով կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարի հերթական դրսեւորեւմներին, «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը :
Հիշեցնենք, որ երկուշաբթի Օպերայի բեմում «Անուշը» չկայացավ: Թատրոնի անձնակազմը բեմ բարձրանալու փոխարեն բոյկոտեց եւ դուրս եկավ պայքարի` բողոքելով կուտակային կենսաթոշակային համակարգի շնորհիվ իրենց աշխատավարձերից արված պահումների դեմ:
Ավելի վաղ, նույն օրը` փետրվարի 10-ին, իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները` գործադուլ հայտարարելով, իսկ այսօր փողոց են դուրս եկել նաեւ Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները:
«Առաջին անգամ աշխարհում Հայաստանի քաղաքացին տեսավ, որ իր կենսամակարդակն ուզում են բարձրացնել աշխատավարձն իջեցնելով, այն էլ, երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակում ու գնաճի պայմաններում»,-«Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբանը:
«Դեմ եմ» շարժումը Երվանդ Բոզոյանը համեմատում է տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու դեմ ծավալված պայքարի հետ, որը նույնպես ինքնաբուխ սկսվեց:
Վերլուծաբանը համոզված է, որ սկսված շարժումը ոչ թե մարելու է, այլ ընդլայնվելու:
«Նման օջախները ավելանալու են այնքան, որ իշխանության համար իսկական շոկ, սյուրպրիզ են լինելու: Սա արդեն միայն իշխանությունը փոխելու վիրտուալ պահանջ չէ, սա լուրջ գործընթաց է»,-համոզված է նա:
Երվանդ Բոզոյանը նշում է, որ Հայաստանի քաղաքացին այսօր տեսնում է, որ իշխանությունը չկարողանալով լուծել որոշակի խնդիրներ, անցքերը փորձում է փակել իր միջոցների հաշվին, մի խոսքով` մտնում է քաղաքացու գրպանը:
Տեղեկացնենք, որ այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի որպես կենսաթոշակ:
Սակայն, ներդրված նոր համակարգը բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանն էլ կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի դեմ ծավալված պայքարը որակում է որպես «հասարակական պահանջ»:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի որոշումը Դանիելյանն արտառոց չի համարում:
Նրա խոսքով, նման նախադեպեր հանրությունը տեսել է՝ սկսած տաքսու վարորդների շարժումից մինչեւ ուղեվարձերի բարձրացման դեմ ծավալված պայքար, երբ ուղեւորը ուղղակի հրաժարվեց ավելին վճարել: Հենց այս հանգամանքն է Ստեփան Դանիելյանը համարում ծավալվող շարժման առանձնահատկությունը:
«Այստեղ կարեւորը ոչ թե այն է, որ մարդիկ կարողացան գործադուլ անել, այլ այն, որ նույնիսկ հանդիսատեսը ծափերով ընդունեց դա: Սա խոսում է հասարակական համերաշխության մասին, այսինքն, մարդիկ պատրաստ են միասին քայլ անել եւ այդ քայլը նրանք կառավարությունից չեն պահանջում, այլ իրենք են կատարում-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը,-Սա նշանակում է, որ հասարակությունը կշարունակի ինքնակազմակերպվել»:
«Մաշտոցի այգին, հարյուր դրամի պայքարը հաջողություն ունեցավ, որովհետեւ շարժումն ուղղորդում էր հասարակությունը: Նա չէր պահանջում կառավարությունից կամ քաղաքապետարանից, այլ հստակ ուղերձ ուներ՝ «մի վճարեք»: Այս դեպքում էլ «Անուշ» օպերան չեղյալ չեն հայտարարել կամ հետաձգել, անձնակազմն ուղղակի հրաժարվել է»,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:
Շարժման մյուս առանձնահատկությունն ու հաջողության գրավականը, ըստ նրա լիդերների բացակայությունն է, որոնք փակ սենյակներում հարցեր են քննարկում ու որոշումներ կայացնում:
«Այստեղ որոշում կայացնողը հասարակությունն է, այստեղ բոլորը ոչ թե մասսովկա են, այլ մասնակից: Հասարակությունն է լիդերներին ուղղորդում, եթե նրանք չեն ենարկվում, ուրեմն այլեւս լիդեր չէն»-նկատում է քաղաքագետը եւ հիշում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը, որը մարեց, քանի որ լիդերը չկատարեց հասարակության պահանջը:
© Medialab.am