Փորձում են կորզել մի թուղթ, որով կարող են հաջորդ ընտրություններին ժողովրդի վրա վաճառել այդ խաղաղության իլյուզիան. Աննա Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը 

– Տիկի՛ն Գրիգորյան, Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները, բայց Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանին: Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում տեքստի համաձայնեցված լինելու, դրան հետևած ադրբեջանական ապատեղեկատվության մասին: 

– «Համաձայնեցված տեքստ» բառակապակցությունը ճշգրիտ չէ, որովհետև, ի վերջո, վերջին երկու պահանջը հայկական կողմն ընդունել է, այսինքն՝ ոչ թե կոմպրոմիսի արդյունքում տեքստ են համաձայնեցրել, այլ ուղղակի հերթական զիջումներն են իրականացրել այն հույսով, որ Ադրբեջանը կստորագրի այդ պայմանագիրը: Բայց մենք տեսանք, որ այդ ամենին զուգահեռ Ադրբեջանը հայտարարեց, որ այն կստորագրվի, եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը, Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսի: 

Այդքան զիջումներից հետո Ադրբեջանը դեռ պահանջներ է առաջ քաշում, ես կարծում եմ, որ անգամ այդ պահանջների կատարումից հետո էլ Ադրբեջանը չի ստորագրելու այդ փաստաթուղթը, նոր պայմաններ առաջ կքաշի, որովհետև իրականում Ադրբեջանը հետաքրքրված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, բանակցությունների ամբողջ հինգ տարին ապացույցն էր այն բանի, որ Ադրբեջանն ուղղակի գնում է պարտադրանքի ճանապարհով, իսկ այս իշխանությունները՝ անխտիր բոլոր պահանջների կատարման: 

Ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունն էլ որ երեկ եղավ, ապացուցում է այն փաստը, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, նրա նպատակը Հայաստանից հնարավոր ու անհնար բոլոր զիջումներ ստանալն ու Հայաստանը ոչ կենսունակ պետության վերածելն է, որի ինքնիշխանությունը խիստ սահմանափակված կլինի, ու նա կենթարկվի Ադրբեջանի բոլոր պահանջներին:

– Իշխանությունն ինչո՞ւ է գնում Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու ճանապարհով, ինչպես ասում եք:

– Փորձում են կորզել մի թուղթ, որով կարող են հաջորդ ընտրություններին ներկայանալ ժողովրդին, փորձեն վաճառել մեր ժողովրդի վրա այդ խաղաղության իլյուզիան: Հասկանալի է, որ ամբողջ ժողովուրդը, բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են խաղաղություն, ու աբսուրդ է խոսել այն մասին, թե ինչ-որ մեկը նախընտրում է պատերազմ: Այլ բան է, որ այս իշխանությունների բանակցած թուղթը խաղաղության հետ կապ չունի, այն բացառապես ներքաղաքական օրակարգ է սպասարկում, այն է՝ ներկայանալ ժողովրդին, վերարտադրվելու համար փորձել հերթական անգամ քվե խնդրել: 

2021-ի քարոզարշավի հիմնական գիծն էլ էր դա, թե մենք իբր գնում ենք խաղաղության, բայց մենք տեսանք, որ ոչ մի կերպ մոտ չենք այդ խաղաղությանը, ու հիմա էլ ընթանում է պետական շահերի զիջման քաղաքականություն: Բայց այս ամենից հետո էլ, եթե Ադրբեջանը ցանկանա ռազմական ուժով միջանցք բացել, նա գնալու է այդ ճանապարհով, մենք խաղաղությանը որևէ կերպ չենք մոտեցել: 

– Տիկի՛ն Գրիգորյան, իսկ հանրությանը կհետաքրքրի՞ այդ խաղաղության փաստաթուղթը, իշխանությունը կկարողանա՞ այդ կերպ քվե ստանալ ժողովրդից, թե՞ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական վիճակից բխող դժգոհությունները, որ այսօր կան մարդկանց մեջ, այնուամենայնիվ, իշխանությունը խնդրի առաջ է կանգնելու այդ առումով:

– Բնական է, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դժգոհ է այս իշխանությունից, ու դա պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությամբ: Ի վերջո, այս իշխանության կառավարման վերջին տարիների հետևանքով կորցրել ենք ամբողջական Արցախ, Արցախի ժողովուրդն էթնիկ զտման է ենթարկվել, մեր տարածքներն օկուպացված են, մեր հայրենակիցները Բաքվի բանտում են: 

Ներքին քաղաքականության մասով հարկային այնպիսի փոփոխություններ են արվել, որ ուղղակի քերում են մարդկանց, այսինքն՝ ո՛չ անվտանգություն են կարողանում ապահովել, ո՛չ էլ այնպիսի պայմաններ, որ մարդիկ կարողանան ապրել, ինչպես իրենք են ասում՝ հարստանալ ու հարստացնել: Փոքր ու միջին ձեռնարկատերերն ամենօրյա ռեժիմով ցույցեր են կազմակերպում, որովհետև շրջանառության հարկի բարձրացումն էականորեն ազդելու է իրենց աշխատանքի վրա: 

Մի իրավիճակում, երբ մարդիկ ավել գումար չեն աշխատում, բայց պետք է պետբյուջե ավել գումար վճարեն, ակնհայտ է, որ մարդիկ չեն կարող դժգոհ չլինել: Այդ հայտնի հայտարարագրման համակարգն էլ փորձ են անում ներդնել, որ հասկանան, թե էլ ո՛ր ոլորտներից կարող են լրացուցիչ հարկեր հավաքագրել՝ հասկանալով, որ իրենց տնտեսական քաղաքականությունն այնպիսին է, որ բյուջեի դեֆիցիտ ունենք, ու դա լրացնելու անհրաժեշտություն կա: 

– Բայց իշխանությունն այդ ամենը հիմնավորում է նրանով, որ դա նպաստելու է կոռուպցիայի դեմ պայքարին, ստվերի կրճատմանը, համաձայն չե՞ք, որ այդ նպատակով են իսկապես արվում այդ փոփոխությունները:

– Արդեն յոթ տարի իշխանության են ու անընդհատ նույն բաներն են ասում, իրականում կոռուպցիան այնտեղ է, որտեղ կա իշխանական լծակ: Ու այդ իշխանական լծակների ներքո ամենօրյա ռեժիմով այնպիսի կոռուպցիոն բացահայտումներ են ջրի երես դուրս գալիս, նույն այդ ԱՆԻՖ հիմնադրամով, տարբեր հիմնադրամներով, տարբեր գործարքներով, որոնք որևէ արձագանք չեն գտնում իրավապահ համակարգում: ԱՆԻՖ հիմնադրամով մոտավորապես 70 միլիոն դոլարի վատնման դեպքով որևէ մեղադրյալ չկա ներգրավված: Եթե իրենց խնդիրը կոռուպցիան կամ ստվերը բացահայտելն է, հովանավորչության վերացումը՝ կարող են իրենք իրենցից սկսել, բայց երբ իրենք իրենց միջավայրում առկա կոռուպցիոն թեմաները շրջանցում են ու գնում, օրինակ՝ ուսուցչին ասում են՝ հայտարարագիր ներկայացրու, դա ազնիվ չէ ու չի տեղավորվում իրենց հանրահռչակած քաղաքականության մեջ:

– Տիկի՛ն Գրիգորյան, հասարակության կողմից ընդվզման դրսևորումներ կանխատեսո՞ւմ եք:

– Չնայած լոկալ հարցերի մասով իր դժգոհությունը բարձրաձայնում է, բայց այս վերջում հայտարարված Սահմանադրության փոփոխության համատեքստով՝ կարծում եմ, որ ժողովուրդն ավելի մասսայական ու կազմակերպված իր դիրքորոշումը կհայտնի: 

Դուք տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանի մասին իր շարադրությամբ տարբեր տեղեր է գնում, քննարկումներ անում, այսինքն՝ այդ քարոզարշավն ինքն ամեն դեպքում տանում է, ու ժողովուրդը, այո՛, պետք է արժանի հակազդեցություն ցույց տա, որ չի կարելի 30 տարվա մեր պատմությունը, Անկախության հռչակագիրը թղթի կտոր դարձնել ու նետել աղբամանը ու փոխարենն առաջարկել անհասկանալի, ոչ մի խորություն չունեցող ուղղակի բառակապակցություններ, որոնք ինքը արտաբերում է: 

Մեր պետության հիմք հանդիսացող Հռչակագիրը չի կարող փոխարինվել նման խզբզանքով, ու ակնհայտորեն ժողովուրդը այս ֆունդամենտալ հարցի շուրջ է, որ իր հավաքական դիրքորոշումը կձևավորի ու դժգոհությունը կարտահայտի: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am