«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը Հանրայինին տված հարցազրույցի ժամանակ չի բացառել, որ շուտով հայկական կողմը կարող է հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկով: Զուգահեռ մենք լսում ենք քննարկումներ, որ այդ կառույցը վաղուց արդեն մեռած է ու անարդյունավետ: Եթե այդ կառույցը մեռած է, ինչո՞ւ է Ադրբեջանը պահանջում դրա լուծարումը, ի՞նչ վտանգ է իրականում Ադրբեջանը տեսնում Մինսկի խմբից:
– Մինսկի խումբն ինչքան էլ այս պահին, այո՛, գործունակ չէ, դրա լուծարման պաշտոնական որոշում չկա, և Ադրբեջանը մտավախություն ունի, որ միջազգային հարաբերությունները կարող են փոխվել, ու ինչ-որ երկրներ կամ նույն ԵԱՀԿ-ն ակտիվություն ցուցաբերի Մինսկի խմբի վերաբերյալ, դրա համար ինքն ուզում է՝ որպես պատերազմի հետևանք, այս փուլում, երբ որ դա հնարավոր է, անել դա:
Այնուամենայնիվ, Մինսկի խմբի համանախագահության մանդատը Լեռնային Ղարաբաղի խնդիրն էր, ու այսօր ԼՂ խնդիր գոյություն չունի որպես այդպիսին, այսինքն՝ այն մանդատը, որով լիազորված էր այդ կառույցը, այլևս չկա: Այսօր գոյություն ունի Արևմուտք ու Ռուսաստան հակադրություն, չնայած վերջին փոփոխություններին, ու առայժմ գոնե դժվար է պատկերացնել, որ այդ համանախագահությունը կարող է միասնական աշխատել:
Ցանկացած պահանջ, տվյալ դեպքում՝ Մինսկի խմբի լուծարումը կարելի է քննարկել, եթե խաղաղության պայմանագիր է լինում, բայց այս դեպքում հայկական կողմն արդյոք պե՞տք է միակողմանի բավարարի՞, չդնելով, օրինակ՝ ռազմագերիների ազատ արձակման խնդիր: Դիվանագիտությունը առևտուր է, եթե քեզանից պահանջում են Մինսկի խմբի լուծարում խաղաղության պայմանագիր կնքելու դիմաց, ինչո՞ւ դու չես դնում հանդիպակաց՝ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը:
– Ալեն Սիմոնյանն ասաց, եթե այդ հարցը դնեն՝ բանակցությունները փակուղի կմտնեն:
– Դա նշանակում է, որ դու գնում ես կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի կատարման: Եթե ադրբեջանցիները համարում են, որ չկա ԼՂ խնդիր, ուրեմն Մինսկի խումբ չպետք է լինի, ապա ԼՂ-ի խնդրի պատճառով առաջացած հետևանքը՝ ռազմագերիների խնդիրը, թող իրենք վերացնեն: Հետևաբար, եթե հայկական դիվանագիտությունը քննարկելի է համարում այդ հարցը ու նույնիսկ համաձայն է Մինսկի խմբի լուծարմանը՝ հանուն խաղաղության պայմանագրի, ապա դա պետք է ռազմագերիների ազատ արձակման դիմաց անի:
– Այսինքն՝ Մինսկի խմբից եկող վտանգը ո՞րն է Ադրբեջանի համար:
– Որ աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումներ կարող են լինել, որոնք Մինսկի խումբը կարող են ճնշման գործիք դարձնել Ադրբեջանի համար, այսինքն՝ քանի կա Մինսկի խումբը, Լեռնային Ղարաբաղի քեյսը պահպանվում է՝ անկախ նրանից, որ հայկական Արցախ գոյություն չունի:
Ապահովագրելու համար իրենց՝ այդ ճնշման հնարավոր գործիքը փորձում են չեզոքացնել այս վիճակում, երբ որ իրենց համար նպաստավոր է: Դրա համար էլ ես առաջարկում եմ, որ հանդիպակաց՝ ռազմագերիների ազատ արձակման պահանջը դնեն, բայց չեն անում, որովհետև Հայաստանիշխանությունը գնում է միակողմանի զիջումների կամ ավելի կոպիտ ասեմ՝ Հայաստանի պետականության լուծարման ընթացք է որդեգրել:
– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ոչինչ չեն զիջել, պարո՛ն Սուրենյանց:
– Դե դա արդեն պարանոյալ հայտարարություն է, երբ որ դու ամեն ինչ կորցնում ես, բայց խոսում ես ավելի ինքնիշխան դառնալու մասին:
– Եթե իշխանությունը, այնուամենայնիվ, գնա այդ բոլոր պահանջները կատարելու ճանապարհով, Ադրբեջանը կստորագրի՞ այդ պայմանագիրն ի վերջո:
– Ո՛չ, մի շարք պահանջներ կան, որ Ադրբեջանը արհեստականորեն է առաջ քաշում, չեմ ասում, թե չեն հետապնդում դրանք, բայց դրանք միջոց են ձգձգելու այս պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանն ուշի ուշով հետևում է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին ու կարծում է, որ իր համար նոր շանս կարող է բացվել, որովհետև Իրանի շուրջ զարգացումները դեռևս պարզ չէ, թե ինչ ընթացք կստանան:
Եթե, այնուամենայնիվ, Իրանի շուրջ զարգացումները դիվանագիտական լուծումներ չգտնեն, ու, Աստված մի արասցե, Իսրայելի ագրեսիվ օրակարգ ունեցող կառավարությանը հաջողվի ԱՄՆ-ին քաշել մեծ մերձավորարևելյան պատերազմի մեջ՝ ընդդեմ Իրանի, Ալիևը հաշվարկել է, որ այդ իրավիճակում անգամներով կաճի Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը նույն ԱՄՆ-ի, Իսրայելի, Արևմուտքի համար, ու դրա դիմաց նա կստանա գին, իսկ գին վճարողը, ցավոք սրտի, դառնալու է Հայաստանը: Այսինքն՝ Ադրբեջանը դեռ սպասում է, որովհետև ավելին կորզելու ակնհայտ հեռանկար ունի կամ նման հաշվարկ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am