«Այս ցուցանիշը մենք ապահովել ենք դեռևս մեկ ամիս առաջ». ԵՊԲՀ բժշկական հաստատությունների անձնակազմի 80 տոկոսը պատվաստված է

Երևանի պետական բժշկական համալսարանի կազմում գործող երեք բժշկական կազմակերպություններում 1804 աշխատողներից պատվաստվել են 1460-ը: Մասնավորապես, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի 703 բուժաշխատողից կորոնավիրուսի դեմ պատվաստված են 569-ը, «Մուրացան»-ում 532 աշխատակցից՝ 414-ը, և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում 569 աշխատակցից՝ 477-ը:

ԵՊԲՀ լրատվական ծառայությունից «Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան փոխանցված գրավոր պատասխանի համաձայն՝ բժշկական հաստատությունների 344 աշխատակից դեռևս պատվաստված չէ:

ԵՊԲՀ լրատվական ծառայության պատասխանատու Շուշան Դանիելյանը «Մեդիալաբին» ասում է, որ բժշկական հաստատություններում ընդհանուր բուժաշխատողների 80 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ի տարբերություն բուժաշխատողների, առավել ակտիվ են եղել վարչական հատվածի աշխատակիցները. այստեղ պատվաստվածները 90 տոկոս են կազմում:

«Այսօրվա տվյալներով բժշկական բուհի դասախոսական կազմի 70 տոկոսը, վարչակազմի 90 տոկոսը և հիվանդանոցների աշխատակիցների 80 տոկոսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ»,- տեղեկացնում են բժշկական բուհից:

Այս ցուցանիշը ԵՊԲՀ-ում գոհացուցիչ են համարում: «Պատվաստումային այս ցուցանիշը մենք ապահովել ենք դեռևս մեկ ամիս առաջ: ԵՊԲՀ-ում կարևորվում է պատվաստումների իրականացումը, ինչպես նաև սանիտարական կանոնների ու անվտանգության ապահովումը՝ որպես համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Պատվաստման գործընթացը համալսարանական հիվանդանոցներում շարունակվում է»,- նշում են համալսարանից:

Հարցին, թե, օրինակ՝ ինչո՞ւ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի 134 աշխատակից չի պատվաստվել, Շուշան Դանիելյանն արձագանքում է՝ այդ 134 աշխատակիցների մեջ կան հղիներ, կան հակացուցումներ ունեցող անձինք, և կան մարդիկ, որոնք դեռ պատվաստվելու որոշում չեն կայացրել:

Նրա ներկայացմամբ՝ սկզբունքորեն պատվաստվելու դեմ կարող է լինել ընդհանուր բժիշկների հազիվ 1 տոկոսը: «Իհարկե, ունենք բժիշկներ, որոնք դեմ են պատվաստմանը, բայց, կարծում եմ, նրանց թիվը 1 տոկոսը չի գերազանցի»,- նշում է նա:

MediaLab.am