ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ:

Սոցիալական պաշտպանություն

1. Եկամտային հարկի փոփոխություններում անտեսվում է սոցիալական բաղադրիչը` փաստորեն միայն հարուստների համար է իրականացվելու բարեփոխում: Ավելին՝ քննարկման և իրացման կարիք ունի նվազագույն աշխատավարձի չհարկվող շեմ սահմանելու հարցը: Եկամտահարկի գանձման ժամանակ հաշվի պետք է առնել ոչ միայն անձի, այլև տնային տնտեսության համախառն եկամուտը (բազմազավակությունը, ընտանիքի միակ եկամտի աղբյուրի և այլ գործոններ):

2. Ինչպես նշվեց՝ կառավարության ծրագրում որոշակիացված չէ սոցիալ-տնտեսական զարգացման գործում պետության ուղղակի մասնակցության և պարտավորությունների շրջանակը, հատկապես սոցիալական խորացող կոնկրետ խնդիրների լուծումների համատեքստում՝ խրոնիկ գործազրկություն և աղքատություն, այդ թվում՝ աշխատողների շրջանում աղքատության բարձր մակարդակ, տարածքային զարգացման անհամաչափություն, ժողովրդագրական ճգնաժամի խնդիրներ: Մասնավորապես, այս խնդիրների լուծման համար որդեգրված է զարգացման հետևյալ ընդհանրական բանաձևը. կառավարությունը հավասարապես բոլորի համար կստեղծի ազատ շուկայական, կոռուպցիայից զերծ մրցակցային պայմաններ, իր գործառույթները  կպատվիրակի մասնավորին՝ առավելագույնս կրճատելով պետական ապարատը։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր ոք պետք է իր վաստակին համարժեք ապրի և լինի երջանիկ, կամ իր և իր ընտանիքի սոցիալական չլուծվող խնդիրների համար այսուհետ պիտի մեղադրի ինքն իրեն, այլ ոչ թե՝ օրվա իշխանությանը:

3. Նպատակադրումներից բացակայում է հանրային կյանքում համերաշխ զարգացման հիմնական պայման հանդիսացող՝ հատկապես խոշոր ձեռնարկատերերի սոցիալական պատասխանատվության, ինչպես նաև սոցիալ-աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության ինստիտուտների լիարժեք արմատավորումը:

4. Տնտեսության աճի համար առաջարկվող տարեկան 5% թիրախը չի կարող համարվել բավարար՝ հռչակվող ներառական զարգացման տեսանկյունից, եթե նկատի ունենանք նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության և պետական բյուջեից սոցիալական ոլորտին ուղղվող միջոցների հետագա աճի անորոշ թիրախավորումը: Նպատակադրված տնտեսական աճը չի կարող համարժեք լինել առնվազն սոցիալական պաշտպանության ոլորտում դրված հնգամյա հետևյալ թիրախներին՝ ծայրահեղ աղքատության վերացում, աղքատության մակարդակի էական նվազեցում, գործազրկության մակարդակի էական կրճատում:

5. Սոցիալական ոլորտին ուղղվող պետական բյուջեի միջոցների համար նախատեսվող աճի և այս ոլորտի նպատակադրումներում ևս կա ակնհայտ անհամապատասխանություն: Պետական բյուջեից ֆինանսավորման աճի հնարավորություն ի սկզբանե նախատեսված է միայն առողջապահության, կրթության և գիտության ոլորտների համար: Սակայն, միևնույն ժամանակ, էապես հավակնոտ նպատակադրումներ են շարադրված նաև սոցիալական պաշտպանության և ժողովրդագրության ոլորտներում, որոնք պահանջում են պետական լրացուցիչ և կայուն ֆինանսավորում: Ասենք, օրինակ՝ ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ և ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում, պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար բարձրացում՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ, կուտակային բաղադրիչի պահպանում, որն աստիճանաբար ավելացնելու է պետական բյուջեից այս համակարգին ուղղվող միջոցների չափը, գործազրկությունը (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում) էապես կրճատելու համար նախատեսվող զբաղվածության աջակցության նոր ծրագրերը, մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսված պետական հետևողական աջակցությունը, ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող, հայրենադարձ ընտանիքների աջակցության ծրագրերը:

6. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առավելապես ներառված են կազմակերպչական արդյունավետության բարձրացման նպատակադրումներ: Այս ոլորտից դուրս են մնացել ներառական զարգացմանը համահունչ, ներկայումս խիստ արդիական մի շարք բնագավառների նպատակադրումները և դրանց արդյունավետ իրականացման ծրագրերը։

7. Կենսաթոշակային համակարգում նախատեսված է պարտադիր կուտակային բաղադրիչի հետագա արմատավորում, որին նախկինում սկզբունքորեն դեմ էր նաև ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժը: Սակայն ներառական զարգացումն օբյեկտիվորեն պահանջում է, որ կենսաթոշակային նոր համակարգի ձևավորումը հիմնված լինի հետևյալ հիմնական սկզբունքների վրա՝ պետության պոզիտիվ պարտավորություն, միջսերնդային և ներսերնդային համերաշխություն, գործատու-աշխատող-պետություն ամբողջական մասնակցության ապահովում, համարժեքություն․ կենսաթոշակի չափի համար ելակետ պետք է հանդիսանա կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կամ տվյալ պահին երկրի միջին աշխատավարձի առնվազն 40%-ը, օրինական աշխատանքի խթանում․ աշխատանքային ստաժը նույնպես պետք է հաշվի առնվի թոշակի չափի որոշման համար:

8. Ներառված չեն օբյեկտիվ այն նպատակադրումները, որոնք պետք է վերաբերեն տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող պետական խնամքի և սպասարկման գործող ծառայությունների ամբողջականացմանը, որակի և հասցեականության, մատչելիության թիրախավորված բարելավմանը:

9. Բացակայում են տարեցների կյանքի որակի բարելավման, առողջ և արժանապատիվ ծերության ապահովման նպատակադրումները, այդ թվում՝ տարեցների խնամքի և զբաղվածության ապահովման ժամանակակից այլընտրանքային ծառայությունների ներդրման և զարգացման անհրաժեշտությունը (ցերեկային կենտրոններ, ծերապարտեզներ, ծերանոցներին այլընտրանք՝ շուրջօրյա խնամքի փոքր կենտրոններ, տնային պայմաններում խնամք և սպասարկում): Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը բնութագրվում է որպես ծերացող հասարակություն ունեցող երկիր։

10. Անդրադարձ չկա անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման և անապահովության նպաստների հասցեականության բարձրացման բարեփոխումների միասնական հայեցակարգին: Օրինակ՝ անապահովության նպաստ պետք է ստանան այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անձինք, իսկ գործազուրկների համար պետական համարժեք աջակցությամբ պետք է ապահովել կայուն զբաղվածություն: Ընդ որում՝ այս նպաստները սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական ծրագրերից են․ տարեկան շուրջ 35 միլիարդ դրամ բյուջե ունեն և օրինական աշխատանքի քաջալերման առումով՝ էական ազդեցություն:

11. Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը կապվում է միայն մակրոտնտեսական ցուցանիշերի հետ: Սա այն դեպքում, երբ ներառական զարգացման և եկամուտների արդար բաշխման տեսանկյունից՝ դրա հիմքում պետք է հավասարապես լինի նաև կենսապահովման նվազագույն բյուջեի ավելացող արժեքը: Այս պահանջն ամրագրված է նաև Եվրոպական Վերանայված սոցիալական խարտիայով, որը մեր երկիրը վավերացրել է:

12. Հստակ թիրախավորվում է պետական ապարատի հետևողական կրճատումը, սակայն չկա պետական հատվածի աշխատավարձերի բարձրացման որոշակի թիրախավորում:

13. Անտեսված է ներքին աշխատաշուկան օտարերկրյա աշխատուժի հնարավոր անարդյունավետ ներհոսքից պաշտպանելու կարգավորումների ամբողջականացման և լիարժեք գործադրման անհրաժեշտությունը, որը, մեր երկրի զարգացմանը զուգահեռ, դառնում է ավելի առարկայական:

14. Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգի ներդրման մասին ոչ մի խոսք չկա, որը, ի դեպ, նաև Սահմանադրության պահանջն է:

15. Ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից օբյեկտիվորեն կարևորվել է նոր ծրագրերի անհրաժեշտությունը, սակայն այստեղ ևս համակարգային մոտեցում, որոշակիություն և հստակ թիրախավորում չկա: Ասենք, օրինակ՝ բնակարանային ապահովման պետական նպատակային ծրագրի օբյեկտիվ անհրաժեշտությունը, որը շատ դեպքերում բխում է նաև օրենքով ամրագրված և տարիներ շարունակ չիրականացվող՝ պետության պարտավորություններից: Հատուկ միջոցառումների ծրագրի մշակման անհրաժեշտություն կա ինքնազբաղվածությունը խթանելու համար:

16. Անորոշ ձևակերպմամբ նախատեսված է, որ պետությունը ընդամենը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի բժշկական ապահովագրության ծախսերը: Այս համակարգի ներդրման իրատեսականությունը պահանջում է, որ պետությունը ամբողջությամբ փոխհատուցի առնվազն աղքատ ընտանիքների անդամների բժշկական ապահովագրության ծախսերը:

Առողջապահություն

 17. Առողջապահության ոլորտի զարգացման ծրագրի տեսլականը ամբողջական չէ. անդրադարձ չի կատարվել պետության կողմից հատկացվող և այլ աղբյուրներից ստացվող ֆինանսական միջոցների կառավարմանը։ Ներկայացված չեն ծրագրում թվարկված ուղղությունների իրականացման ճանապարհային քարտեզը, ակնկալվող նշաձողերը, ծրագրի իրականացման գործիքակազմը, ինչպես նաև ծրագրի ընթացքը և ավարտը բնութագրող չափորոշիչները։ Դրա փոխարեն ծրագիրը համեմված է ընդհանրական բառակապակցություններով՝ «պետք է ամրապնդել, զարգացնել, պետք է խթանել, հատուկ ուշադրության կենտրոնում պահել, կարևոր են լինելու» և այլն։